Ադրբեջանն աշխարհաքաղաքական ձեռնոց է նետում «Խաղաղութեան խաչմերուկը» ձեռքին բռնած Փաշինեանին. Իրանը զգուշացնում է «սատանայական ծրագրերի» հետեւանքների մասին
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ՝ 2021 թւականի յունիսի 15-ին, Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրել էր «Շուշիի Հռչակագիրը»՝ այն անւանելով պատմական փաստաթուղթ, որն «օրինականացրեց» երկու երկրների դաշնակցային յարաբերութիւնները:
«Շուշիի Հռչակագիրը» ենթադրում է փոխադարձ ռազմական օգնութիւն եւ սերտ համագործակցութիւն ռազմարդիւնաբերութեան ոլորտում: Փաստաղթղթում, մասնաւորապէս, նշւում է.
«Երրորդ պետութեան կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դէպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախութեան, ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան, միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անձեռնմխելիութեան կամ անվտանգութեան նկատմամբ, կողմերն անցկացնելու են համատեղ խորհրդակցութիւններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Կամ հանդէս են գալու նախաձեռնութիւններով՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, եւ միմեանց անհրաժեշտ օգնութիւն են տրամադրելու՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն։ Այդ օգնութեան ծաւալն ու ձեւը որոշւելու է անհետաձգելի քննարկումների ընթացքում, որոշում է կայացւելու պաշտպանական կարիքների ապահովման համատեղ միջոցառումների իրականացման եւ ԶՈՒ-ի ուժային եւ հրամանատարական կառոյցների համակարգւած գործունէութեան կազմակերպման վերաբերեալ:
Կողմերը շարունակելու են համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների ԶՈՒ-ի բարեփոխման եւ արդիականացման ուղղութեամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Կողմերը խրախուսելու են անձնակազմի փոխանակումը՝ միտւած պաշտպանունակութեան ամրապնդմանը, ռազմական անվտանգութեանը, ինչը ենթադրում է նաեւ համատեղ զօրավարժութիւնների անցկացում: Խրախուսւելու է նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրայ սերտ համագործակցութիւնը զէնքի եւ զինամթերքի կառավարման ոլորտում՝ ապահովելով համապատասխան կառոյցների կոորդինացւած գործունէութիւնը»:
Շուշիի հռչակագրի պահանջները գործնականում կատարւում են, յատկապէս, երբ խօսքն Ադրբեջանի զինւած ուժերի բարեփոխելուն, սպառազինութիւնների մատակարարման եւ համատեղ ռազմարդիւնաբերական ծրագրերին է վերաբերում:
168.am-ը մանրամասն անդրադարձել էր, որ Ադրբեջանն ազդարարել է սեփական զինւած ուժերի գլոբալ արդիականացման նոր փուլ, որտեղ Թուրքիային դարձեալ մեծ տեղ է տրւելու, ինչը ենթադրում է յարձակողական սպառազինութեան մատակարարում Թուրքիայից, Ադրբեջանի զինանոցում առկայ ռուսական սպառազինութեան արդիականացում Թուրքիայի կողմից, եւ այլն: Մենք գրել էինք, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտօններ են վստահում 44-օրեայ պատերազմի հերոսներին եւ թուրքական բանակի նրբութիւններին տիրապետողներին: Դեռ մի կողմ ենք դնում Թուրքիայի դերը 44-օրեայի ադրբեջանական յաղթանակում:
Այլ հարց է, որ գուցէ մի օր Ադրբեջանն աւարտի թուրքական մոդելի բանակաշինութիւնը, եւ սա Ադրբեջանին դարձնի առաւել անկախ՝ թուրքական ռազմական աջակցութիւնից: Միւս կողմից՝ նոյնիսկ այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի կամ Ալիեւի ինքնուրոյն լինելու տրամաբանութեան մէջ Էրդողանի մօտ դժգոհելու առիթներ լինում են:
Չմոռանանք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկօն Ալիեւին հռչակել էր Հարաւային Կովկասի առաջնորդ, երբ տարածաշրջանի հետ կապւած՝ Թուրքիան իր նպատակներն ու ծրագրերն ունի, ի վերջոյ, «Զանգեզուրի միջանցք»-ը հէնց թուրքական ծրագիր է, որին Թուրքիան փորձում է հասնել Ադրբեջանի միջոցով:
Մինչ այդ յիշեցնենք, որ 2022-ի փետրւարին էլ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Կրեմլում ստորագրել էին ՌԴ եւ Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցութեան մասին հռչակագիրը։
Փաստաթղթում նշւում է, որ կողմերը կառուցում են իրենց յարաբերութիւնները դաշնակցային համագործակցութեան, փոխադարձ յարգանքի, պետական ինքնիշխանութեան, երկու երկրների տարածքային ամբողջականութեան եւ անձեռնմխելիութեան, ինչպէս նաեւ՝ միմեանց ներքին գործերին չմիջամտելու, փոխշահաւէտութեան, կոնֆլիկտների խաղաղ կարգաւորման, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրայ:
«Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ադրբեջանական Հանրապետութիւնը պատրաստակամութիւն են յայտնում անյապաղ խորհրդակցութիւններ անցկացնել այնպիսի իրավիճակի ծագման դէպքում, որը, կողմերից մէկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղութեանը, խաթարել խաղաղութիւնը կամ ազդել կողմերից մէկի անվտանգութեան շահերի վրայ, ինչպէս նաեւ նման իրավիճակի վտանգի դէպքում՝ դրա կարգաւորման նպատակով»,- նշւում է հռչակագրում։
Ըստ ռուս-ադրբեջանական այս փաստաթղթի, կողմերը պէտք է զարգացնեն իրենց ռազմաքաղաքական համագործակցութիւնը՝ ելնելով իրենց ազգային շահերից, ոչ թէ՝ ընդդէմ 3-րդ երկրի:
«Անվտանգութիւնն ապահովելու, խաղաղութիւնն ու կայունութիւնը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ադրբեջանական Հանրապետութիւնը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրութեան, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրայ միմեանց ռազմական օգնութիւն տրամադրելու հնարաւորութիւնը՝ հաշւի առնելով կողմերից իւրաքանչիւրի գործող միջազգային իրաւական պարտաւորութիւնները»,- շարունակւում է հռչակագրի տեքստում։
Փաստաթղթում, բնականաբար, չեն անտեսւել Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցութեան հարցերը, եւ անգամ 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ՝ ապաշրջափակման հարցերը:
Դառնանք Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համագործակցութիւն ստեղծելու մասին հռչակագրին, որն Ադրբեջանում, ըստ որոշ վերլուծութիւնների, շատ աւելի են կարեւորում, քան նոյնիսկ ՌԴ-ի հետ կնքւած ռազմավարական համագործակցութեան մասին հռչակագիրը:
Ադրբեջանական լրատւամիջոցներից մէկն իր վերլուծութեան մէջ նկատում է, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցութեամբ Չինաստանն իր հաշւարկներն ունի, օրինակ, այն, որ Ադրբեջանը կարող է միջնորդ հանդիսանալ Չինաստանի եւ Թուրքիայի հետաքրքրութիւնների միջեւ, յատկապէս, երբ նրանց յարաբերութիւնները բաւականին բարդ են: Այսինքն, ըստ ադրբեջանական յօդւածագրի՝ յատուկ խնդիրներ կարծես թէ չկան Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց միեւնոյն ժամանակ՝ «ստորգետնեայ քարեր» կան, որոնք միանգամից չես նկատի:
«Այսինքն, ինչպէս Իրանի եւ Չինաստանի դէպքում է, երբ առկայ է ռազմավարական համագործակցութիւն, համապարփակ պայմանագիր՝ տպաւորիչ թւերով, բայց գործերն առաջ չեն գնում»,- գրում է Ադրբեջանի յօդւածագիրը։
Յիշեցնենք, որ 2021 թւականին Չինաստանն ու Իրանը ստորագրել էին 25-ամեայ ռազմավարական համագործակցութեան մասին համաձայնագիրը, իսկ Իրանի եւ Չինաստանի միջեւ յարաբերութիւնների նոր մակարդակի մասին խօսւել էր դեռ 2016-ին:
Մասնագէտներն ուշագրաւ էին համարել այն, որ փաստաթղթի հիմնական մասում նշւում է, որ «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեանն առնչւող հատւածում ընդգծւել էր, որ կողմերը ողջունում են հարեւան կամ երրորդ երկրների մասնակցութեամբ բազմակողմ համագործակցութիւնը՝ «Հաշւի առնելով ընդհանուր շահերը՝ խորհրդակցութեան եւ համագործակցութեան միջոցով ակտիւ մասնակցութիւն ապահովել Հարաւ-Հիւսիս (Չաբահարի նաւահանգիստ-Կենտրոնական Ասիա) եւ Հարաւ-Արեւմուտք (Չաբահար եւ Բանդարաբբաս-Թուրքիա եւ Ադրբեջան) միջանցքներում»:
Իսկ Ադրբեջանը Չինաստանի հետ իր ռազմավարական համագործակցութեան վերաբերեալ հռչակագրում կարեւորում է, մասնաւորապէս, այն, որ այնտեղ ամրագրւել է «Մեկ Չինաստան» սկզբունքը, որ Թայւանը Չինաստանի անբաժանելի մասն է: Ադրբեջանի ոգեւորութեան պատճառները եւ տողատակերը, թերեւս, աւելորդ է բացատրել, հասկանալի է՝ ուր է տանում սա:
Այս ամէնին զուգահեռ՝ Հայաստանը խօսում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերութիւն ունենալու մասին, ինչն Իրանի սրտով չէ, եւ յուլիսի 5-ին հերթական անգամ այդ մասին յիշեցրել է իրանական կողմը՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղութեան հասնելուն ամերիկեան ներգրաււածութեան համատեքստում նաեւ: Մասնաւորապէս, Երեւանում լրագրողների հետ զրոյցում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին շեշտել է, որ դէմ են պատերազմի ճանապարհով հարցերը լուծելուն, եւ յաւելել.
«Տարածաշրջանում խաղաղութեանը որեւէ այլընտրանք գոյութիւն չունի, պէտք է խաղաղութիւն հաստատւի տարածաշրջանում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ենք ու աջակցում ենք այն երկխօսութեանը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն հաստատելու համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք համարում ենք, որ, երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ յենւեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղութեան, անվտանգութեան եւ հանգիստ ապրելու վրայ, նրանք այլ նպատակներ են հետապնդում: Եթէ նրանք ցանկանում են շրջանցել եւ դուրս թողնել այս բանակցութիւններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկութիւնն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղութիւն տիրի: Ցաւօք սրտի, ԱՄՆ-ը՝ այդ մեծ սատանան, իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում»:
Այսինքն, ըստ նրա, ԱՄՆ-ը փորձում է Կովկասը վերածել այլ երկրների հետ հաշւեյարդար տեսնելու համար պլատֆորմի:
«Ցանկացած պատերազմ, եթէ տեղի ունենայ տարածաշրջանում, դրա ազդեցութիւնն անդրադառնալու է տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրայ»,- շեշտել է դեսպանը:
Մինչեւ Իրանի դեսպանը յորդորում էր Հայաստանը չդարձնել այլ երկրների բախման կէտ, ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում գրեթէ նոյն ժամանակահատւածում ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերը յայտարարութիւն էր անում՝ նշելով.
«ԱՄՆ-ում Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հիւսիսային Կորէան ագրեսիւ մօտեցում ունեն աշխարհի այն հատւածի հանդէպ, որոնք փորձում են ազատ շնչել եւ ներկայացուցչական ժողովրդավարութեան մաս կազմել: Այդ երկրներից երկուսն այստեղ շատ մօտ են: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում մեծ ներգրաււածութիւն ունի, Իրանն անմիջական հարեւանութեամբ է գտնւում: Երեւի նրանք չէին ցանկանայ տեսնել ազատութիւններ, ժողովրդավարութիւն, առաջընթաց այդ ուղղութեամբ, որոնք ունեցել են մեր հայ բարեկամները»:
Այսինքն, մինչեւ Ադրբեջանը փորձում է նոր որակի յարաբերութիւններ ունենալ Չինաստանի հետ, ՌԴ-ի հետ, Իրանի հետ հնարաւորինս չսրել յարաբերութիւնները, Հայաստանը ճիշտ հակառակն է անում, այն դէպքում, երբ նոյն Արեւմուտքն Ադրբեջանի պահանջների հանդէպ, ըստ էութեան, աւելի զգայուն է, քան Հայաստանի, եւ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մերժել ԱՄՆ-ի ներգրաււածութիւնը խաղաղութեան հաստատման գործընթացում, քանի որ իրականում Ադրբեջանին ոչ մի խոշոր տէրութեան վերահսկողութիւն ձեռք չի տալիս՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կամ պանթուրքական ծրագրի տրամաբանութեան շրջանակում:
Փաստօրէն, 44-օրեայից առաջ ԱԱԾ-ին սատանայ բռնելու հրահանգ տւած Փաշինեանն անտեսում է հարեւան Իրանի բարեկամական յորդորը՝ ԱՄՆ-ը «մեծ սատանայ է», որը տարածաշրջանում իր հաշիւներն ունի եւ դրան փորձում է հասնել Հայաստանի միջոցով….
Ի դէպ, Ադրբեջանը փորձում է նոր որակ հաղորդել նաեւ Պակիստանի հետ յարաբերութիւններին, որոնք առանց այն էլ խորն էին, եւ փորձում է նոր ձեռնոց նետել Փաշինեանին՝ «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծով փորձել դիմակայել Բաքու-Անկարա-Պեկին-Իսլամաբադ աշխարհաքաղաքական դասաւորութեանը:
168.am