Կարոյի միակ նպատակը Արցախը կրկին ազատ ու անկախ տեսնելն է, հայրենի գիւղում սիրելի եղբօր յիշատակին յուշաղբիւր կառուցելը
«Ամէն տարի «տանկիստի օրը» հայրս քէֆ էր կազմակերպում մեր տանը՝ հրաւիրում մարտական ընկերներին, մեր հարազատներին ու հարեւաններին։ Շատ կենացներ չէր սիրում ասել, բայց ամէն սեղան նստելիս անպայման խմում էր հայրենիքի համար զոհւած, ինչպէս նաեւ ապրող հերոսների կենացը։ Ամէն անգամ, երբ եղբայրներով կամ ընկերներով հաւաքւում էին մեր տանը, վերյիշում էին Արցախեան ազատամարտի օրերը, իսկ մենք կողքից ոգեւորւում էինք»,- Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից քսանամեայ Կարէն Ալավերդեանն այսպէս է յիշում իր հօրը՝ Կառլենին, ով զոհւել է 2020 թւականի պատերազմի ժամանակ։
90-ականներին Կառլենը ծառայում էր բանակում։ Կոչումով լէյտենանտ էր, տանկիստ։ Նա մասնակցել է Արցախեան առաջին, ինչպէս նաեւ Ապրիլեան քառօրեայ պատերազմներին։
Բնաւորութեամբ հանգիստ էր, ազնիւ, խստապահանջ ու պատասխանատու։ Նրան բոլորը սիրում ու յարգում էին։ Երկու որդիները՝ Կարէնը եւ Նիկոլայը, այսօր մեծ հպարտութեամբ են խօսում հօր մասին։ Նրանց միակ նպատակն իրենց հօր արժանի զաւակներ լինելն է։
Կառլենի կինը՝ Լիլիան, հասցրել է վայելել ամուսնու սէրն ու յարգանքը։ Կառլենը Լիլիայի համար եղել է ամուր յենարան, ամէն հարցում օգնել, խորհուրդներ տւել։ Առանձնայատուկ վերաբերմունք ունէր մօր՝ Գրետայի նկատմամբ։ Լիլիայի խօսքով ամուսնու մասին յիշողութիւնները շատ-շատ են, բոլորն էլ՝ իւրայատուկ ու ջերմ։
Կառլեն Ալավերդեանի լուսանկարը Թաղավարդի միջնակարգ դպրոցի սպայական կազմի տախտակին է եղել։ Նրան դասաւանդած ուսուցիչները պատմում են, որ Կառլենը եղել է իւրայատուկ աշակերտ։ Իրինա Գրիգորեանը, նրա ուսուցիչներից մէկը, ցաւով է նշում, որ այսօր իր լաւագոյն աշակերտներից մէկը եւս դարձել է յաւերժի ճամբորդ։
Կառլենը, սերտելով իր ուսուցիչների դասերը, կարողացաւ կեանքում գտնել իր տեղն ու դիրքը, կազմել գեղեցիկ ընտանիք, դաստիարակել խելացի, գրագէտ ու հայրենիքը սիրող երկու զաւակներ։
Նրանք չորս եղբայր էին․ Կամօն զոհւել է Արցախեան առաջին պատերազմի ժամանակ։ Եղբօր գործի շարունակողը Կառլենն էր՝ տան փոքրը։ 2018 թւականին մահացել է Կարմենը։ Եղբայրներից աւագը՝ Կարօն, չի հաշտւում իրականութեան հետ, եղբայրների մասին երբեք անցեալով չի խօսում։ Վերյիշում է, թէ ինչպէս է ինքը, 2020 թւականի պատերազմի ժամանակ, եղբօր հետ գիւղի պաշտպանութեան գործին լծւել։
Կարոյի միակ նպատակը Արցախը կրկին ազատ ու անկախ տեսնելն է։ Իսկ իր սրտի փափագը՝ հայրենի Թաղավարդում սիրելի եղբօր յիշատակին յուշաղբիւր կառուցելը։ Հաւատում է, որ կը գայ այն օրը, երբ իր շուրջը կը համախմբւեն Կառլենի ընկերները ու իրականութիւն կը դարձնի երազանքը։
Կառլենը մեծ շրջապատ ունէր, ամենուր սպասւած էր ու յարգւած։ Ընկերներից Նելսոնը, Կառլենին յիշում է ամէն օր, այցելում նրա շիրմաքարին ու զրուցում նրա հետ:
Կառլեն Ալավերդեանը հայրենիքի հանդէպ իր պարտքը պատասխանատւութեամբ կատարելու համար արժանացել է մի շարք մեդալների ու պատւոգրերի։ Նա յաւերժի ճամբորդ դարձաւ 2020 թւականի հոկտեմբերի 27-ին, երբ գիւղի վրայ թշնամին յարձակւեց։ Միայն 23 օր անց կարողացան նրա մարմինը հողին յանձնել։ Կառլենը հանգչում է Եռաբլուրում։
ՎԵՀԱՆՈՒՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ
«Ապառաժ»