Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողութիւն խնդրենք
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պէտք է դառնայ ՔՊ-ն։ Այ, հէնց իրենք պէտք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանւում են՝ իրենց յայտարարելով «Նիկոլի զինւորներ»։ Որ պատկերացնէք, թէ քանի՜ նման «զինւորներ» են եղել աղէտաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական եւ հումանիստական բնոյթը ենթադրում է վենդետաների ու հաշւեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պէտք է սրա մասին մտածի ու օգտւի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պէտք է վախենայ ոչ թէ խաղաղ իշխանափոխութեան յաջողութիւնից, այլ` դրա տապալումից։
Որն է այս շարժման միաւորող ուժը
Թափանիւի հիմքում Ճշմարտութեան արշաւն է, ու սրանով մարդկանց շատ աւելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացւում ու դառնում ներառական։
Իշխանութիւնները սա ֆիքսել են։ Ձեւաւորւում է կայուն կորիզ, որն օրէցօր քաշում է նոր շրջանակներ։
Տարբեր ընտրազանգւածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրւել, լինել սովորական մարդ։ Սրան իշխանութիւնը հակադրում է.
1. Բերետաւորներ
2. Կեղծ իդէալներ` ռուսական պատւէր, արեւմտեան պատւէր, նախկիններ եւ այլն։
Կարմիր բերետաւոր իշխանութիւնը
Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթէ նոյնիսկ նա է յարձակւում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարեւոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարութեան շէնքին։ «Արեան գետերի» մոլուցքը այս իշխանութեան կենսափիլիսոփայութիւնն է, եւ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երեւանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նոյն տրամաբանութեան մէջ են, ոչ մի տարբերութիւն։ Արեան գետը պէտք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարւեց։
Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատւաբեր բան է։
Կան տասնեակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարեւոր գործեր, որոնց մի մասը պետական գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թէ ոստիկանի գլուխը, որին այն հագցւած է, այլ` իշխանութեան որակը, որի գլխին այդ կարմիրն արդէն ոչ թէ պատւի արիւն է, այլ` իշխանութիւն պահելու միջոց։
Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչւում ենք։ Կայ ուսուցողական պատմութիւն, թէ ինչպէս են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողութիւն խնդրում իրենց հասարակութիւնից` անասնական պահւածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։
Ռուսակա՞ն, թէ՞ արեւմտեան յեղափոխութիւն
Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցութեան երթը Արեւմուտքի հայկական խոշոր համայքներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Յունաստան եւ այլն։ Աջակցութեան խոշոր արշաւ է սկսւել Ռուսաստանի հայերի միութեան նախաձեռնութեամբ` Ռուսաստանով մէկ։ Սա նշանակում է, որ իշխանութեան միւս պաշտպանական մեխանիզմը նոյնպէս ջարդւում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնոյթ, եւ հայկական աշխարհի զարթօնքը սկսւում է։ Վստահ եղեք` եւս մի կարճ փուլ եւ Հայաստանեան պրոցեսները ողջունելու են թէ´ պաշտօնական Արեւմուտքը, թէ´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։
Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացւի կամ տապալւի։ Ինձ ճիշտ հասկացէք, ես ուզում եմ, որ շարժման թափ հաւաքելու պրոցեսը նոյնիսկ մի փոքր երկարի։
«Ճշմարտութեան շարժումը» հանրային քաւարան է։ Մենք դարձել էինք փողի մեռած, գոյքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակութիւն։ Ու թանկ գինն արդէն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պէտք է անցնենք մաքրման դժւար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք` ինչպէս ստացւեց այսպէս։ Ու էդ հարցերը ուղղւած չեն լինելու միայն այս իշխանութեանը։ Պէտք է պատասխանենք կարեւոր հարցերի. ինչո՞ւ այսպէս եղաւ, ինչո՞ւ 30-ամեայ երրորդ Հանրապետութիւնը փլուզւեց այսքան արագ ու ողբերգականօրէն։ Ու մեր վերականգնումը պէտք սկսւի արդարութեան սկզբունքի վրայ։ Սա շատ կարեւոր պահ է: