ԹեհրանՀամայնք

Նշւեց  «Արաքս» ազգային դպրոցի հիմնադրման 70-ամեակը

Մեր դպրոցը մի սուրբ տաճար, մեր դպրոցը վառ կանթեղ, հալածում է մութն ու խաւար, լոյս է սփռում ամէն տեղ:

70 տարիներ առաջ Թեհրանի հայկական համայնքը օժտւեց հայոց ազգային «Արաքս» դպրոցով: Դպրոց, որի հիմքն է դրւել 1953  թւականներին Թեհրանի Բեհչաթ Աբադ քաղաքամասում ազգաին իշխանութեան եւ քաղաքամասի մի քանի հայ բարերաների եւ մտաւորականների նախաձեռնութեամբ,իսկ դպրոցի ներկայի շէնքը կառուցւել է 1967 թւականին, սակայն մինչեւ այս շէնքի կառուցումը, դպրոցը աշխատել է չորս այլ վայրերում:

«Արաքս» ազգային դպրոցի յարկի տակ անցեալ 70 տարիների ընթացքում հայկական ոգով սնւել ու դաստիարակւել են հազարաւոր հայորդիներ, որոնք հետագայում դարձել են համայնքի ղեկավար կառոյցներում հանգամանքներ զբաղեցնող անհատներ:

Մայիսի 8-ին երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, նշւեց «Արաքս» ազգային դպրոցի հիմնադրման 70-ամեակը:

Յոբելենական հանդիսութիւնը, մեկնարկեց Տէրունական աղօթքով: Օրւայ հաղորդավարն էր Մելան Սէֆեանը, իր ելոյթի ընթացքում, նա ողջունելով ներկաներին նշեց, որ «Արաքս» դպրոցը ունի 70 տարւայ պատմութիւն, 70 տարւայ փորձ եւ 70 տարւայ ներուժ եւ ահաւասիկ նշւում է այս բարեբաստիկ երեւոյթը»:

Ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց  դպրոցի 70-ամեայ յոբելեանական կազմակերպիչ յանձնախմբի ատենապետ Իռէն Աբնուսեանը: Իր ելոյթի ընթացքում նա համապարփակ գծերով անդրադարձաւ «Արաքս» ազգային դպրոցում դասաւանդած նւիրեալ փաղանգի  մասին նշելով, որ նրանց անունները պէտք է գրի առնել ոսկէ տառերով եւ նրանց անունները մնայ պատմութեան էջերում: Նա ընդգծեց, որ այսօր «Արաքս»-ի յարկի ներքոյ աշխատում են բազմաթիւ անհատներ, ովքեր մեր համայնքի սերունդների դաստիարակչական  եւ  զարգացման կարեւոր գրաւականն են: Աշխատասիրութիւնը, կրթութեան նկատմամբ սէրը եւ հաւատարմութիւնը՝ նախնեաց կերտած արժէքների նկատմամբ, այն հիմքերն են որոնց վրայ կառուցւել են այս յաջողութեան պատմութիւնը, վաղւայ օրը»:

Ապա հրաւիրւեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամ Կարինէ Մանուչերեանը ընթերցելու ազգային իշխանութեան, խորհուրդների եւ մարմինների յղած ուղերձներից հատւածներ: Միջոցառմանը դպրոցի աշակերտութեան անունից խօսք փոխանցեց Մանէ Գորջին: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորութեամբ անդրադարձաւ,որ «Արաքս» ազգային դպրոցում աշակերտները, սնւել ու դաստիարակւել են ազգային ոգով եւ զինւել գիտութեան զէնքով: Նա յուզմունքով խօսես իր ուսանած դպրոցի մասին եւ խօսքը ուղղելով «Արաքս» դպրոցին նշեց, որ դպրոցը հանդիսացել է իր մէջ ուսում ստացած հայ աշակերտների հոգու դարբնոցը: Նա իր ու աշակերտութեան անունից երախտագիտութեան խօսք ուղղեց դպրոցի տեսչական, ուսուցչական կազմերին, ծնողական խորհրդին եւ բոլոր նրանց ովքեր չեն խնայել իրենց ջանքը հայ աշակերտին հայեցի դաստիարակութիւն եւ ազգային ոգի փոխանցելու համար:

Յոբելենական հանդիսութեանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու, «Արաքս» ազգային աղջկանց դպրոցի վաստակաւոր տեսչուհի Անի Մանուկեանը: Իր ելոյթը նա այսպէս սկսեց. «Քանի որ վարժւած ենք այս տեսակ միջոցառումներում անկասկած վայելել Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ջերմ  ներկայութիւնը, եւ քանի որ Սրբազան Հայրը այսօր վատառողջ լինելու պատճառով, չկարողացաւ մասնակցելու միջոցառմանը, Ձեր թոյլտւութեամբ, սկսում եմ իր անունով քանի որ հաւատացած եմ հոգով մեզ հետ են»: Տեսչուհին այսպէս շարունակեց. «Շուրջ 27 տարի է, որ աշխատում եմ կրթադաստիարակչական ասպարէզում, կեանքիս կէսից աւելին: Լաւ ու դժւար օրերը ժամ չեն տւել մտածել թէ ինչպէս անցաւ: Իսկ «Արաքս»-ում, արդէն 17 տարին բոլորում է: Ես եւ իմ թիմակիցներս, ոչ թէ աշխատում այլ ապրում ենք «Արաքս»-ում»: Նա այսպէս շարունակեց. «Մենք ժառանգորդն ենք այն սերունդի (տկն. Նադիա Մելքոմեանի, պրն. Միշա Հայրապետեանի, տկն. Ցողիկ Պուլուզեանի) եւ բազմաթիւ այլ նւիրեալների, որոնք ազգային ոգու, հաւատքի, եւ ազգային պատկանելիութեան հոգով մեզ կրթեցին, դաստիարակեցին եւ բախտի, ինչու չէ նաեւ ցանկութեան արդիւնքում մեզ վստահւեց այս նւիրեալ ուղին»: Տեսչուհի Անի Մանուկեանը իր ելոյթը այսպէս շարունակեց. «Յետադարձ հայեացք նետելով դպրոցիս անցեալին, պիտի ասեմ որ, «Արաքս»-ը իր եօթանասունամեայ գործունէութեան ընթացքում յաջողել է, դառնալ Թեհրանի առաջատար կրթական օջախներից մէկը: Վերջին տասնամեակում անցնելով մասնագիտական ոլորտների ընդլայնման ու կատարելագործման բարդ ու պատասխանատու ճանապարհը, «Արաքս» դպրոցը պատրաստ է գալիք մարտահրաւէրներին, արդիական հնարաւորութիւններով զինւած ու շրջանի լաւագոյն ուսուցիչներով համախմբւած: Հաւատացած եմ՝ որ հայ աշակերտը պիտի իր գիտելիքներով եւ մարզական ու Արւեստի ասպարեզում ձեռք բերած կարողութիւններով եւ հմտութիւններով,  իր արժանի տեղը եւ դերը գրաւի ոչ միայն շրջանի կամ նահանգի, այլ երկրի մասշտաբով, այն ինչ մինչ այժմ էլ պատահել է «Արաքս»-ում»:

Վերջում նա իր գնահատանքը յայտնելով այսպէս եզրափակեց. «Ցանկանում եմ իմ շնորհակալական եւ երախտագիտութեան խօսքն յայտնել նախ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին իր հայրական օրհնութեան եւ հովանաւորութեան համար: Իրանի Իսլամական խոհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր մեծարգոյ դոկտ. Արա Շահվերդեանին, իր անվերապահ համագործակցութեան եւ դպրոցիս կողքին լինելու համար: Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների բոլոր անդամներին, ի մասնաւորի՝ այն անձանց, որ իբրեւ կապ աշխատել են դպրոցիս հետ: Մեր ջերմ շնորհակալութիւնն ենք յայտնում «ԱԼԻՔ» օրաթերթի տնօրինութեան եւ խմբագրական  կազմին  դպրոցիս իրադարձութիւններին հետեւելու եւ ձեռքբերումները մամուլի միջոցով արձագանգելու համար: Շնորհակալ եմ գործակիցներիս եւ դպրոցիս բոլոր անձնակազմին, ի մասնաւորի փոխտեսչուհիներին, քանի որ այս հաւաքական աշխատանքը առանց հաւատարիմ եւ հոգատար անձնակազմի անհնար է ի մի բերել:

Շնորհակալութեան եւ երախտագիտութեան խօսք ունեմ յայտնելու  դպրոցիս ծնողական խորհրդին, 70-ամեակի յանձնախմբին եւ յոբելենական միջոցառումների ենթայանձնախմբին, քանի որ այս միջոցառումը արդիւնքն է նրանց միասնական եւ կազմակերպւած համադրութիւնների:

Շնորհակալութեան խօսք պիտի յայտնեմ դպրոցիս բարերարներին, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այս առարկայական աշխարհում որեւէ հոգեւոր եւ մշակութային ծրագիր առանց նիւթական յատկացումների անհնար է  գործադրել: Իսկ իւրայատուկ յարգանքի եւ շնորհակալութեան խօսքս կուղղեմ «Սէթ» սուրճ ընկերութեան տնօրէն դոկտ. Արտեմ Շահբաբեանին, որը ոչ միայն այսօրւայ միջոցառման նիւթական ծախսերն է հոգացել, այլ ողջ տարւայ ընթացքում հովանաւորել է դպրոցին, եւ գիտակցաբար ու նւիրումով աշխատել յանձնախմբի եւ դպրոցի հետ, նաեւ շնորհակալ ենք Ձեզ հին եւ նոր արաքսականներ, որ այս պատմական ժամանակահատւածում մեզ հետ էք, որպէսզի միասնաբար նշենք այս ազգային դպրոցի խորհրդանշական միջոցառումը:

Շնորհաւորում եմ մեր բոլորի հայոց ազգային «Արաքս» դպրոցի 70-ամեակը»:

Յոբելեանի առիթով իր խօսքը փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Թեմական խորհրդի անունից խօսք փոխանցեց Հայրիկ Աղանեանը: Խօսքի մէջ նշւած էր.« Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի անունից շնորհաւորում ենք հայոց ազգային «Արաքս» դպրոցի հիմնադրման եւ բեղմնաւոր գործունէութեան 70-ամեայ յոբելեանի առիթով:

Սփիւռքահայ համայնքի կեանքում, Հայ Առաքելական Եկեղեցու, հայ դպրոցի, միութիւնների եւ հայ ընտանիքի քառամիասնութեան նպատակասլաց հայեցի դաստիարակութեան համադիր աշխատանքով է, որ արդարացւում է հայ համայնքների գոյութիւնը՝ ի խնդիր հայապահպանման եւ հայութեան ընդհանրական նպատակների»: Նա այսպէս շարունակեց. «Այս չորս միաւորները, իբրեւ ազգային կառոյցների գլխաւոր սիւներ կազմում են՝ մեր հաւաքական կեանքի ծաղկումի եւ ազգային աւանդների պահպանման բանալին, որոնք պիտի շարունակեն մնալ գրաւականը մեր գոյատեւման եւ նորահաս սերունդների կեանքի մէջ Կրօնական ու Ազգային արժէքների պահպանման: Արդարեւ եօթ տասնամեակ անընդմէջ հայոց ազգային «Արաքս» դպրոցը հաւատարիմ ծառայել եւ շարունակել է իր նւիրական առաքելութիւնը` անգնահատելի աւանդ ունենալով հայապահպանման ազգանպաստ գործում»:

Միջոցառմանը ամբիոնի մօտ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ հայոց դպրոցներում ծաւալւող ծանր աշխատանքներին, որոնց արդիւնքում հայ մատաղ սերնդին փոխանցւում է հայեցի դաստիարակութիւն, հայապահպանում եւ գիտութիւն: Պատգամաւորը գնահատանքով անդրադարձաւ «Արաքս» ազգային դպրոցում տեսչուհի Անի Մանուկեանի, փոխտեսչութեան եւ ուսուցչական կազմի աշխատանքերի ու ջանքերի մասին, որոնց արդիւնքում դպրոցը վերածւել է ուշիմ դպրոցի եւ նշեց, որ «Արաքս» ազգային դպրոցը այսօր իր խօսքը ունի ասելու Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանում եւ ինչու չէ Թեհրանում: Նա գնահատեց «Արաքս» կրթօջախում միասնական աշխատանքը, որի արդիւնքում  դպրոցը արձանագել եւ արձանագրում է յաջողութիւններ: Պատգամաւորը կարեւորեց հայոց դպրոցի դերը, որպէս մատաղ սերնդի ոչ թէ երկրորդ, այլ՝ որպէս առաջին տուն, որը թոթովախօս մեր նոր սերնդին սովորեցնում է մայրենի գիր ու գրականութիւնը, կրօնն ու մշակոյթը:

Հանդիսութեանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ծրագրի հովանաւոր «Սէթ» սուրճ ընկերութեան տնօրէն  դոկտ. Արտեմ Շահբաբեանը: Նա իր շնորհաւորանքը յայտնելով դպրոցի 70-ամեակի առիթով, գնահատանքի խօսք փոխանցեց դպրոցի տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ  ծնողական խորհրդին իրենց անխոնջ աշխատանքների համար եւ  աշակերտութեանը մաղթեց յաջողութիւն եւ փայլուն ապագայ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անունից խօսք փոխանցեց, խորհրդի անդամ Ալենուշ Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա այսպէս նշեց. «Դպրոցը մշտապէս եղել է մեր ազգի հզօր հենասիւնը, պատահական չէ, որ հիմնադիրների կողմից նորակառոյց դպրոցը անւանւեց  սառնորակ աղբիւրների ակունքներից սնւող հրաշագեղ Մայր Արաքսի անունով: Հաւատարիմ մնալով իր անւանը անգնահատելի է «Արաքս» դպրոցի դերը համայնքի կրթութեան, մշակոյթի եւ հասարակական յարաբերութիւնների առաջընթացում»: Կրթական խորհրդի խօսքի այլ բաժնում նա նշւել էր. «Լինելով  հայկական  դպրոցի  լաւագոյն  աւանդոյթների ժառանգորդը, կրողն ու դրանք սերունդներին փոխանցողը՝ կրթութեան այս կաճառը  համայնքին է տւել տարբեր բնագաւառների բարձրակարգ մասնագէտներ, հասարակական գործիչներ, որոնք բոլորն էլ հպարտութեամբ  են  յիշում  ուսումնառութեան իրենց տարիներն եւ մինչ օրս սերտօրէն կապւած են իրենց հարազատ կրթօջախին»:

Որպէս եզրափակիչ խօսք՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Թեմակալ առաջնորդի խօսքի ընթացքում նշւել էր. «Դպրոցը կազմւում է երեք էական տարրերից՝ աշակերտութիւն, ուսցուցչական կազմ եւ ծնողական խորհուրդ, որոնք կազմում են եռամասնութիւն եւ քարեղեն շէնքը վերածում են այն ջերմ միջավայրին, որտեղ նիւթը վերածւում է հոգիի»: Սրբազան Հօր պատգամի ընթացքում նշւել էր. «Հայ դպրոցը այն նւիրական վայրն է, որտեղ պատրաստւում է վաղւայ հայ մարդը, հայ քրիստոնեան ու հաւատաւոր քաղաքացին: Դպրոցը մի փոքր հայրենիք է ամէն ազգի երեխաների համար եւ ճիշտ այդ պատճառով պէտք է երկիւղածութեամբ մուտք գործել այդ սրբավայրից ներս: Հայ դպրոցը իւրայատուկ է իր ազգային, կրօնական, ինչու չէ նաեւ մարդկային նկարագրով»: Պատգամի այլ բաժնում այսպէս էր նշւած. «Անցնող 70 տարիներին ազգային «Արաքս» դպրոցը իր պատրաստած նոր սերունդով հանդիսացաւ մեր համայնքի պատմական դպրոցներից մէկը «Արաքս» կրթահամալիրը  իր մեծ նպաստը եւ ներդրումը ունեցաւ նաեւ կրթական կեանքի մէջ, որի համար այն բազմիցս արժանացել է տնօրէնութեան, նախարարութեան եւ այլ բարձրաստիճան անձանց գնահատանքին»: Սրբազան Հօր պատգամի մէջ նշւած էր, որ հայ դպրոցը մի մեծ ընտանիք է, հայ դպրոցը հայ ազգի պահպանութեան եւ պաշտպանութեան կարեւորագոյն ազդակներից է՝ եկեղեցուց ու հայրենիքից յետոյ, ուստի ակնկալում ենք, որ մեր ծնողները իրենց զաւակներին միայն ուղարկեն հայկական դպրոց, որտեղ աշակերտը իրեն հարազատ է զգում:

Յոբելեանը յագեցած էր գեղարւեստական յայտագրով՝ Սամարիա Շահմիրեանը  հարփ  նւագարանով  կատարեց Կոմիտաս վարդապետի մշակած «Շողեր ջան» երաժշտութիւնը, Լուսիա Մուրադեանը դաշնամուրով կատարեց Արամ Խաչատրեանի սոնատինայի երրորդ հատւածը: Ասմունքային կատարումներով հանդէս եկան Նարէ Օհանեանը, Վանէ Մակարեանը, մեներգով հանդէս եկաւ երաժիշտ Մեղեդի Նազարեանը, երգերի կատարումներով ելոյթ ունեցան դպրոցի ժամանակի սաներ՝ Թենի եւ Թեմա Յակոբեանները, դաշնամուրի կատարումով  ելոյթ ունեցաւ դաշնակահար Ալին Թաշճեանը, ցուցադրւեց դպրոցի 70-ամեայ անցեալը ներկայացնող տեսաֆիլմը, պարային կատարումով հանդէս եկան Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի սաները, նաեւ տեսահոլովակի միջոցով պատկերասփռւեց «Արաքս» դպրոցի երգչախմբի սաների կատարումները, խմբավար Մեղեդի Նազարեան: Նշելի է, որ միջոցառումն իրականացնողների մեծ մասը ժամանակին եղել են «Արաքս» դպրոցի սաներ:

Վերջում յուշանւէրներ յանձնւեցին դպրոցում պաշտօնավարած ուսուցիչներին, դպրոցի կազմերին, ծնողական խորհուրդների ներկայացուցիչներին, ինչու չէ նաեւ համայնքի ազգային կառոյցների ներկայացուցիչներին, որոնք միշտ նեցուկ են հանդիսացել դպրոցին:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, Հաշւեքննիչ մարմնի, Կրօնական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների, հայոց դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ, ուսուցիչներ եւ անցեալի սաներ:

Յատկանշական է, որ սրահում կազմակերպւել էր հետաքրքիր ցուցահանդէս, որտեղ ներկայացւած էին դպրոցի անցեալը վերյիշող լուսանկարներ, անցեալի դպրոցական իրեր, գոյքեր ու համազգեստներ, ինչու չէ նաեւ անցեալի հայերէն ու պարսկերէն դասագրքեր: Յոբելենական միջոցառումը եզրափակւեց 70-ամեակի տորթի հատումով եւ ընդունելութեամբ:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Related Articles

Back to top button