Խորհուրդներ մասնագէտից. Ինչպէս ազատւել փորափքանքից առանց դեղորայքի
Ծխախոտից հրաժարւելն ու ինտենսիւ ֆիզիկական վարժութիւնները, որակեալ քունը եւ սննդամթերքի որոշ տեսակների (ներառեալ կաթն ու լոբազգիները) բացառումը կարող է օգնել մեղմել փորափքանքը: Այս մասին Daily Mail-ի հետ զրոյցում ասել է բրիտանացի բժիշկ Մայքըլ Մոսլին։
Մասնագէտի խօսքով՝ կենսակերպում արւած պարզ փոփոխութիւնները կարող են կանխել կամ գրեթէ լիովին ազատել փորափքանքից ու դրա հետեւանքով աղիներում աւելորդ գազերի կուտակումից։ Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այս խնդրի կանխարգելման ամենաարդիւնաւէտ միջոցներն են կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնը, որակեալ ու տեւական քունը եւ ծխախոտից հրաժարւելը։
Բանն այն է, որ ծխախոտի գործածութիւնը կարող է օրգանիզմում բորբոքումներ առաջացնել, որոնք էլ յանգեցնում են մարսողական համակարգի աշխատանքի խանգարման, մինչդեռ քնի պակասը յանգեցնում է աղիների միկրոբիոմում անցանկալի փոփոխութիւնների։
Մասնագէտը նաեւ ընդգծել է, որ սննդամթերքի որոշ տեսակների գործածութիւնը նոյնպէս կարող է դառնալ փորափքանքի պատճառ։ Դրանց շարքին են դասւում կաթը, պանիրը, եօգուրտը, պաղպաղակը, ցորենը, լոբազգիները, ծնեբեկը, սոխը, արտիճուկը, սխտորը, խնձորը, բալը, տանձը եւ դեղձը։ Դրանցում պարունակւող որոշ սննդային բաղադրիչներ կարող են վատ իւրացւել եւ մեծամասամբ չմարսւած վիճակում յայտնւել հաստ աղիքում, որտեղ դրանք խմորւում են գազեր արտազատող աղիքային բակտերիաների կողմից: