Գիտնականները պարզել են, թէ ինչու է ուղեղը «արտահոսք» ունենում, իսկ յիշողութիւնը տարիքի հետ վատանում

Իլինոյսի համալսարանի (Չիկագօ) գիտնականները պարզել են, թէ ինչու է տարիքի հետ մեր «պաշտպանիչ զտիչը»՝ ուղեղ-արիւն պատնէշը, սկսում աւելի վատ աշխատել եւ թոյլ տալ աւելորդ նիւթերի անցումը, ինչը կարող է յանգեցնել յիշողութեան վատթարացման։ Ուսումնասիրութիւնը հրապարակւել է Cell Reports ամսագրում եւ նոր հնարաւորութիւններ է բացում տարիքային յիշողութեան խնդիրների վաղ բուժման համար։
Գեմատոէնցեֆալիկ պատնէշը բջիջների շերտ է, որը ծածկում է ուղեղի անօթները։ Այն թոյլ չի տալիս վիրուսներին, բակտերիաներին եւ տոքսիններին ներթափանցել ներս, բայց բաց է անհրաժեշտ սննդանիւթերի համար։ Դրա աշխատանքում առանցքային դեր են խաղում բջիջների միջեւ այսպէս կոչւած ամուր շփումները։ Այս համակարգի գլխաւոր «պահակներից» է օկլիւդին սպիտակուցը։
Տարիքի հետ պատնէշը սկսում է «արտահոսել»։ Սա կարող է յիշողութեան հետ կապւած խնդիրներ առաջացնել արդէն միջին տարիքում։ Մինչ այժմ այս գործընթացի մեխանիզմն անյայտ է եղել։
Նախկին փորձերում Օլգա Կոմարովայի գլխաւորած թիմը պարզել է, որ անօթների բջիջներից N-կադհերին սպիտակուցի հեռացումն անօթներն աւելի թափանցելի է դարձնում, այդ թւում՝ նաեւ ուղեղում։ Նոր ուսումնասիրութեան մէջ գիտնականները ստուգել են, թէ ինչպէս է դա ազդում յիշողութեան վրայ։ Պարզւել է, որ առանց գործող N-կադհերինի մկների յիշողութիւնն աւելի վատ է. նրանք սովորում են ինչպէս սովորականները, բայց արագ են մոռանում ամէն ինչ։
Ուղեղի վերլուծութիւնը ցոյց է տւել, որ պատճառը նոյն օկլիւդինն է։ Առանց N-կադհերինի դրա քանակը նւազում է, ամուր շփումները թուլանում են եւ պատնէշն աւելի «անցքերով» է դառնում։ Հետազօտողները պարզել են, որ երբ հարեւան բջիջների N-կադհերինները միանում են՝ դրանք ազդանշանների շղթայ են գործարկում, որը կայունացնում է օկլիւդինը եւ պահպանում պատնէշի ամբողջականութիւնը։
Ստուգելու համար, թէ արդեօք նոյնը տեղի է ունենում մարդկանց մօտ՝ թիմը ուսումնասիրել է էպիլեպսիայի վիրահատութեան ժամանակ վերցւած ուղեղի հիւսւածքի նմուշները: Միջին տարիքի մարդիկ N-կադհերինի եւ օկլուդինի աւելի ցածր մակարդակ են ունեցել, քան երիտասարդները:
Սա առաջին ուսումնասիրութիւնն է, որը ցոյց է տւել, թէ ինչպէս են N-կադհերինի կողմից գործարկւող ազդանշանները կառավարում ուղեղի պատնէշի «ամուր շփումները»։ Եւ քանի որ փոփոխութիւնները սկսւում են դեռեւս միջին տարիքում, գիտնականները կարծում են, որ հնարաւոր կը լինի բուժել տարիքային յիշողութեան խնդիրները՝ դրանց լուրջ զարգացումից շատ առաջ։ Այժմ թիմը փնտրում է այս ազդանշանային շղթայի հատւածները, որոնց վրայ կարելի է ազդել դեղամիջոցների միջոցով։
News.am