Ճանաչենք Հայոց աշխարհը

Լեռնաշղթայ Հայկական լեռնաշխարհի հարաւ-արեւելքում եւ Իրանի հիւսիս-արեւմուտքում։ Հիւսիսից ողողւում է Արաքսի ջրերով, արեւմուտքում սկիզբ է տալիս Մարանդ գետին, հարաւ-արեւմուտքում սահմանակցում է Նոր Շիրական կամ Միշոուդաղ լեռնային համակարգին, իսկ հարաւից եւ արեւելքից սահմանափակւում է Ահար եւ Գառնարած գետերով։
Լեռնաշղթան գտնւում է Ուրմիա լճից հիւսիս-արեւելք, Արաքսի աջ ափին, եւ ունի աղեղնաձեւ տեսք։ Բարձրագոյն կէտը Սուրաջար Թեֆենն է (2941 մ), երկրորդը՝ Հաշտասար լեռը (2939 մ)՝ լեռնաշղթայի արեւելեան մասում։ Հաշտասարից մօտ 25 կմ արեւմուտք գտնւում է Դրունք-Հայոց լեռնանցքը, որով հնում անցնում էին Հայաստան-Պարսկաստան կապող ուղիները։ Հաշտասարից մօտ 30 կմ արեւելք գտնւում է Դրունք-Կասպից լեռնանցքը, որը նախկինում կապում էր Վարդանակերտը եւ ողջ Փայտակարանի երկիրը Պարսկաստանի հետ։
«Պատմութիւն»
Դարեր շարունակ լեռները եղել են հայաբնակ։ Լեռնաշղթան բնական սահման է կազմել հայ-պարսկական հողերի միջեւ Երւանդունիների (մ.թ.ա. 570-201), Արտաշէսեանների (մ.թ.ա. 189 – մ.թ. 1) եւ Արշակունիների (66-428) թագաւորութիւնների ժամանակ։
Լեռների հիւսիսային փէշերը գտնւել են պատմական Պարսպատունիք երկրամասում, որը Արտաշէս Ա-ն Փայտակարանի հետ միասին միացրել է Մեծ Հայքին։ Պարսպատունիքի արեւմտեան հատւածը մտել է Վասպուրական, իսկ արեւելեանը՝ Փայտակարան նահանգների կազմի մէջ։ Արշակունիների ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետութիւն անունը։
387 թւականին՝ Հայաստանի առաջին բաժանումից յետոյ, որոշ ժամանակ անց Մարզպանական Հայաստանի սահմանն անցել է Արաքս գետով, եւ Հայկական լեռները ներառւել են Ատրպատականի կազմում։ Արաբական տիրապետութեան ժամանակ Հայկական լեռները կրկին դարձել են Հայաստանի բնական սահմանը․ Արմինիա կուսակալութեան հարաւային ուղին Ատրպատականի հետ կապւել է հենց այս տարածքով։
Բագրատունիների օրոք Պարսպատունիքի մի մասը ազատագրւել եւ մտել է Հերի ամիրայութեան կազմի մէջ։ Սակայն Բագրատունիների անկումից յետոյ Պարսպատունիքը զաւթել են սելջուկները, մոնղոլ-թաթարները, պարսիկները եւ այլ զանազան ցեղեր։ 1555 թւականի պայմանագրով Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆեան Պարսկաստանին։
Ներկայումս Պարսպատունիքում շարունակում են ապրել շատ հայեր։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ