
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Երէկ՝ դեռ խոնարհ,
Երէկ՝ դեռ հլու,
Իմ սիրտը այսօր
Խաղա՜ղ – անարի՜ւն ապըստամբութեան դրօշ է պարզել
Իշխանութեան դէմ ա՛յն բռնակալի,
Որ կոչւում է Խելք
Ու կոչւում Գլուխ:
Արիւն չի՜ թափւի.
Զօրքեր մի՛ բերէք:
Արիւն չի՜ թափւի:
Բայց արեան եռքից
Երակ-զարկերակ
Խփում են արագ.
Ապըստամբութեան թմբուկ են զարկում:
Արիւն չի՜ թափւի:
Դրա փոխարէն՝
Արիւն է թափում ծաղկած նռնենին,
Արիւն են հագել կին ու աղջիկներ,
Արիւն է հոսում երկնակամարով՝
Արիւն արեւի՜.
Որ լերդանալիս դառնում է վառ ամպ:
Եւ ի՞նչ է ուզում սիրտըս ապըստամբ:
Թէ չէք հասկանում՝
Դուրս եկէք փողո՛ց,
Դուրս եկէք փողո՜ց,
Ուր, տեսէ՛ք, մարդիկ
Լքել են հիմա իրենց տաք մորթին
Ու հագել մի բան,
Որ հին մի բառով – անշուշտ՝ անյաջող-
Մետաքս է կոչւում,
Իսկ նոր մի բառով – նոյնքա՛ն անյաջող՝
Նէյլոն ու կապրոն:
Անցնում են, տեսէ՜ք, կեցւածքներ պէս-պէս,
Ձեւեր բիւրբազում,
Բոլորը՝ մսից – տա՜ք ու մարդկայի՛ն,
Կրծքների ներքոյ ո՛չ թէ պաղ մարմար,
Այլ մսի կտոր,
Որ կոչւում է սի՜րտ,
Եւ ամէ՜ն սրտում՝
Խաղա՜ղ – անարի՜ւն խռովութիւն է…
Կանանց աչքերում,
Տեսէ՜ք,
Փլւել է ինքը երկինքը
Ու ծիծաղում է…
Շքահանդէս է սարքել արբունքը-
Պատանիների շուրթերի վրայ՝
Բեղերի շարքով,
Կորութիւններով նորատիների,
Որ դեռ չեն զգում սուրբ կոչումն իրենց…
Մայիսեան արփին,
Տեսէ՜ք,
Բազմայարկ շէնքերի վրայ
Իր նկարչութեան դասերն է տալիս,
Մի նկարչութի՛ւն,
Որ ձանձրացել է իրապաշտներից…
Քամին ձեւեր է քանդում ու կերտում,
Ասես թէ Լուվրի կամ Էրմիտաժի
Հազարէջանոց ալբոմ է թերթում,
Թերթածը կարգին չհասկանալով՝
Երեխայի՛ պէս…
Ես երեխայ չե՜մ.
Լա՛ւ եմ հասկանում:
Լա՛ւ եմ հասկանում,
Եւ այդ պատճառով սիրտըս ուզում է
Ապըստամբութեան դրօշը ներկել
Արեւի՛ հրում,
Ժպիտների՛ մէջ,
Երանգների՛ մէջ ցոլուն աչքերի,
Կանանց հանդերձի գոյներո՛վ զառ-վառ,
Դեռատիների շիկնանքո՛վ խօսուն…
Սիրտըս պարզել է
Ի՜նքս էլ չգիտեմ, թէ ինչի՞ դրօշ…
Մոսկւա
02.03.1959 թ.