Մշակութային

Վարդան Ասծատրեան. «Նոնսենս է. արդէն անյարմար եմ զգում խօսել Շուշիի գորգերի մասին, ստացւում է՝ խնդրում եմ, որպէսզի մշակութային արժէքները պահպանեն»

2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի տնօրէն Վարդան Ասծատրեանն ադրբեջանական ոչնչացումից կարողացել էր փրկել թանգարանի 170 գորգ, որոնք թւագրւում են 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկիզբ։ Նա նաեւ փրկել է 30-ից աւելի խեցեղեն՝ թւագրւող մ.թ.ա.։

Վարդան Ասծատրեանը մեծ դժւարութեամբ է դրանք տեղափոխել Հայաստան, սակայն մինչեւ օրս ՀՀ կառավարութիւնը հիմնական տարածք չի տրամադրել՝ իրենցից մեծ արժէք ներկայացնող գորգերը պահպանելու համար։

Մինչեւ այժմ գործերը պահւում են տարբեր վայրերում։ Նախորդ տարւայ նոյեմբերին գորգերը գտնւում էին Վանաձորի թանգարանում, սակայն այնտեղից էլ են հանել, այժմ մասնաւոր տարածքում են պահւում՝ մինչեւ կորոշւի դրանց հետագայ ճակատագիրը։

«Հիմա գորգերը գտնւում են մասնաւոր տարածքում, այնտեղ ենք պահում, մինչեւ հասկանանք՝ ինչ է լինելու։ Նոյեմբերի վերջին ասացին, որ գորգերը հանեմ Վանաձորի թանգարանից, ԿԳՄՍ նախարարութիւն էլ զանգահարում եմ, ոչ էլ պատասխանում են։

Հիմա մասնաւոր այդ տարածքում պայմաններն այնպիսին են, որ ես ստիպւած եմ ամիսը երկու անգամ դեղամիջոց օգտագործել, որովհետեւ համապատասխան պայմաններ չկան։ Եթէ Շուշիում այդ դեղերն օգտագործում էի տարին երկու անգամ, հիմա ամիսն եմ երկու անգամ օգտագործում»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Վարդան Ասծատրեանը։

2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ, երբ Արցախի մի մասը, այդ թւում՝ բերդաքաղաք Շուշին ամբողջովին օկուպացւեց Ադրբեջանի կողմից, Ալիեւը սկսեց Շուշիում մնացած թանկարժէք հայկական գորգերը նւիրել այն երկրի ղեկավարներին, ում հրաւիրում էր Շուշի։

Վարդան Ասծատրեանի կարծիքով՝ Ադրբեջանն այդ ամէնը գնահատում է, քանի որ նրանց համար այդ ամէնը նոր է, եւ միայն 100 տարի է, ինչ պետութիւն ունենալու բախտ է վիճակւել։

«Այդ ազգին հիմա մշակութային հիմքեր են պէտք, որովհետեւ մշակոյթը ժողովրդի, պետութեան ատրիբուտներից է, լեզուն ու մշակոյթը։ Առանց դրանց դու իրաւունք չունես կոչւելու ժողովուրդ, դրա համար իրենք մեծ ուշադրութիւն են դարձնում ոչ միայն հայկական գորգերի, այլեւ շատ ու շատ այլ բաների։ Հիմքեր են ստեղծում, թէ իբր իրենք այդ մշակոյթն ունեցել են, որովհետեւ մշակոյթը մէկ օրում չի ստեղծւում։ Ադրբեջանը նոյնիսկ դրանց վերաբերեալ գիտական գործեր է գրում»,- շեշտել է նա։

Նրա խօսքով՝ չկայ այնպիսի հիմնադրամ ու բարերար, որոնց դիմած չլինի, սակայն որեւէ տեղից արձագանգ չկայ։

«Պետութեան մշակութային քաղաքականութիւնն իրականացնում է ԿԳՄՍ նախարարութիւնը, որը որեւէ բան չի անում։ Մարդիկ էլ մտածում են՝ եթէ նախարարութիւնը չի անում, իրենք անեն՝ գուցէ խնդիրներ ունենան։

Ինքս արդէն անյարմար եմ զգում այդ խնդրի մասին շատ խօսել, որովհետեւ արդէն անլուրջ է, ստացւում է, որ ես խնդրում եմ, որպէսզի մշակութային արժէքները պահպանեն, դա նոնսէնս է։ Գուցէ ժամանակներն այսպիսին են, որ ո՛չ ժողովրդին է հետաքրքրում, ո՛չ Կառավարութեանը, սպասենք, տեսնենք՝ երբ կը գան ճիշտ ժամանակներ»,- ընդգծել է Ասծատրեանը։

Ըստ նրա՝ հարցի լաւագոյն լուծումը կը լինի այն, որ թանգարան ստեղծելու համար տրամադրւի տարածք, որը կաշխատի այնպէս, ինչպէս ժամանակին աշխատում էր Շուշիում։

«Եթէ համացանցում գրէք «Շուշիի գորգերի թանգարան», քանի լեզու գիտէք, բոլորով բերելու է, մինչեւ հիմա թուրքերը որեւէ բան չեն կարողացել անել։ Այսինքն՝ այդ թանգարանը յայտնի է իր իւրայատուկ աւանդոյթներով, եւ մենք ուզում ենք, որ այդ շարունակականութիւնը պահպանւի։ Մենք այդ ամէնի վերաբերեալ ունենք գիտական գործեր, եւ միջազգային գիտական հանրութեան կողմից էլ այդ ամէնն ընդունւած է։

Բացի այդ, այսօր ես սկզբնաղբիւր եմ հանդիսանում ասպիրանտի եւ երկու մագիստրոսների համար, այսինքն՝ իմ ասածները նրանք օգտագործում են իրենց գիտական աշխատանքներում։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան, մնում է մի տարածք լինի, որպէսզի գորգերը պահւեն, շարունակականութիւնն ապահովւի, ու թանգարանը սկսի աշխատել։ Մեր գորգերի բոլոր սկզբնաղբիւրները յայտնի են»,- եզրափակել է Վարդան Ասծատրեանը։

Related Articles

Back to top button