Ադրբեջանը «Զօրաց քարեր բնակատեղի» արգելոցը ներկայացնում է որպէս «հին Ադրբեջանի» տարածքում գտնւող յուշարձան
«Գեղարդ» հիմնադրամն ահազանգում է
ԱՐՄԷՆՊՐԵՍ – Ադրբեջանը շարունակում է պետական խողովակներով տարածել «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ եզրոյթը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ այս անգամ թիրախում Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցի եւ այլազգի երիտասարդներն են։
«Օգոստոսի 6-ին Բերձորում «Սփիւռքի երիտասարդութեան հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում, որին մասնակցում էին աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդներ, տեղի է ունեցել «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» կազմակերպութեան ղեկավարութեան հանդիպումը ճամբարականների հետ։
Սա Հէյդար Ալիեւ հիմնադրամի եւ Ադրբեջանի Հանրապետութեան Սփիւռքի հետ աշխատանքի պետական կոմիտէի կողմից կազմակերպւած հերթական միջոցառումն էր: Հանդիպման ընթացքում «Արեւմտեան Ադրբեջան համայնք» կազմակերպութեան անդամները ելոյթ են ունեցել Հայաստանի Հանրապետութեան տարածքի հանդէպ ադրբեջանական բացայայտ նկրտումների, «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ թէզի մասին։ Միջոցառմանը ցուցադրւել են «Մօտիկից հայեացք Արեւմտեան Ադրբեջանին» վաւերագրական ֆիլմը, լուսանկարների սահիկաշար, որտեղ Հայաստանի Հանրապետութեան պատմաճարտարապետական յուշարձանները, բնական լանդշաֆտները ներկայացւած են որպէս «հին ադրբեջանական»»,- նշւած է Հիմնադրամի տարածած յայտարարութեան մէջ:
Նաեւ շեշտւում է, որ ի թիւս այլ յուշարձանների՝ որպէս «հին Ադրբեջանի տարածքում գտնւող յուշարձան» է ներկայացւում նաեւ Սիսիանի տարածաշրջանում գտնւող «Զօրաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը։
«Ադրբեջանի կողմից տարածաշրջանի ժառանգութեան ինքնութեան կեղծման եւ սեփականաշնորհման քաղաքականութիւնը միտւած է օրինականացնել Ադրբեջանի յաւակնութիւնները Հայաստանի Հանրապետութեան եւ առհասարակ տարածաշրջանի նկատմամբ։
Ադրբեջանական պետական քարոզչութիւնը չի սահմանափակւում միայն հայկական ժառանգութեան բռնաիւրացմամբ. այն ընդգրկում է նաեւ Իրանի Ատրապատական նահանգի մշակութային ժառանգութիւնը։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան իւրացումը եւ խեղաթիւրումը, ծաւալապաշտական քաղաքականութիւնը սպառնալիք է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետութեանը։ Ադրբեջանի իշխանութիւնների թիրախում են յատկապէս երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնց հրամցւում են հայատեաց, նենգափոխւած պատկերացումներ տարածաշրջանի պատմութեան եւ մշակոյթի մասին, կազմակերպւում են միջոցառումներ, որտեղ տեղի է ունենում ալիեւեան ռեժիմի կողմից ուղղորդւած «ուղեղների լւացում»։
Այսպիսով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը եւ դրանցում երիտասարդներին ընդգրկելը ցոյց է տալիս, որ ադրբեջանական պետութիւնն իր առջեւ խնդիր է դրել ապահովել հայատեաց քաղաքականութեան սերնդափոխութիւնը»,- եզրափակւում է յայտարարութիւնը: