Միքայէլ Նահապետեան. «Փաշինեանն ակնկալում է, որ մինչեւ կը գան «լաւ ժամանակներ», ինչ էլ ուզեն, պիտի տանք՝ առանց որեւէ վերջակէտի»
Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանեանական կկւի հեքիաթն է, եւ խոշոր հաշւով՝ դա նաեւ հռչակւած քաղաքականութիւնն է։ Սեփական ձագերով կերակրել աղւէսին՝ առանց որեւէ վերջակէտի, կարմիր գծի կամ երբեւէ կանգ առնելու մտադրութեան՝ սա Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնն է, այդ մարդն ակնկալում է, որ ինչ-որ պահի կը գան լաւ ժամանակներ, իսկ մինչ այդ՝ ինչ էլ ուզեն, պիտի տաս։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին հայ հասարակութեան անդրադարձին կամ պատրաստ լինելուն, ի հեճուկս պատմական ռոմանտիզացւած դրւագների, որոնք մեզ հասնում են՝ որպէս մարդկային հասարակութիւնների հաւաքական խիզախութեան դրսեւորումներ, ինչպէս Սարդարապատը, եւ տարբեր օրինակներ կան տարբեր ժողովուրդների պատմութիւնից, բայց իրականութեան մէջ դիմադրութիւնը մտաւոր եւ կազմակերպչական աշխատանք է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնել է հանրային-քաղաքական գործիչ Միքայէլ Նահապետեանը:
«Ակնյայտօրէն՝ ՀՀ պետական մարմինները դիմադրութեան հարցում աշխատանք չեն տանում, բացի այդ՝ դա չի արւում նաեւ ոչ պետական հատւածում, այսինքն՝ ընդդիմադիր ընտրանին եւս այս պահին այդ աշխատանքը, ցաւօք սրտի, չի կարողանում անել։ Հետեւաբար՝ մենք երեւի մեր պատմութեան ամենաբարդ ժամանակաշրջանն ենք ապրում, եւ դժւար է ասել՝ դա չափազանցութի՞ւն է, թէ՞ ոչ, բայց գուցէ աւելի բարդ վիճակում ենք, քան 1900-ականների սկզբներին։ Բանն այն է, որ այդ ժամանակ բոլոր մոլորութիւնների մէջ գոնէ բացակայում էր այն լրացուցիչ մոլորութիւնը, որ մենք պետութիւն ունենք, որը մեզ համար ինչ-որ բան կանի։ Հիմա ցաւն այն է, որ մենք այդ մոլորութիւնն էլ ունենք, այսինքն՝ ի թիւս միւս խնդիրների, որոնք կային, օրինակ, 1905-ին, մենք այսօր մոլորութիւն ունենք, որ եթէ ինչ-որ կարեւոր հարց լինի, պետութիւնը ձայն կը հանի։ Դա այդպէս չէ»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
«Այս գիտակցումը մեծացնում է վտանգը, որովհետեւ փաստօրէն մեզ վտանգը մօտենալու է, երբ մենք հարիւր տոկոս հաւանականութեամբ, բառի փոխաբերական իմաստով, քնած ենք լինելու։ Կատակն ասում է՝ վիրահատութիւնը հրաշալի անցաւ, ափսոս՝ բուժառուն մահացաւ։ Ընտրանիներ չկան, բայց խնդիրն այն չէ, որ մարդիկ են վատը։ Կեանքն է այս կամ այն կերպ հասունացնում այդ գիտակցութիւնը։ Այն, ինչ մենք հիմա ունենք մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում, սեփական ճանապարհի մէջ համոզւած մենակների բազմութիւն է։ Այդտեղ համակարգ չկայ։ Որեւէ մէկն իր ձախողումների դասերը չի ուզում քաղել, որեւէ մէկին սեփական ձախողումները չեն դարձնում այնքան համեստ, որ ուրիշի հետ յարաբերւելու, հաշւի նստելու, նրա ճանապարհը քննարկելու, դիտարկելու պատրաստակամութիւն ունենայ»,- նշել է Միքայէլ Նահապետեանը։
Հանրային գործչի կարծիքով՝ ամէն յաջորդ ընդդիմադիր առաջնորդի թւում է, թէ ձախողումը նախորդի դէմքի գոյնով էր պայմանաւորւած. «Արդիւնքում՝ մենք ամէն յաջորդ տարի ունենում ենք նոր փորձողներ, որոնք փորձում են նոյնը, ինչն արւել էր նախորդ տարիներին, գործում են բացարձակ նոյն սխալները, որոնցից դասեր չեն քաղւել։ Հասկանալի է, որ բարդ ժամանակներն արմատականացնում են մարդկանց եւ մէկ անգամ մինչեւ վերջ սեփական ճանապարհով գնալու վճռականութիւն են հաղորդում, բայց չորս-հինգ պարտութիւնից ու ձախողումից յետոյ պէտք է ի վերջոյ ալիքի մէջ նետւելու այդ ոչ դրական ոգեւորութիւնը կառավարելու եւ սանձելու ձեւեր գտնել»:
«Գործընթացներն են ձեւաւորում ընտրանիներ, գիտակցութիւն եւ աշխատաոճ, եւ մենք աստիճանաբար մօտենում ենք այդ կէտին։ Ամէն յաջորդ փորձողի հանրութիւնն աւելի կասկածամտօրէն է վերաբերւում եւ աւելի քիչ ռեսուրս է պատրաստ լինում տալու։ Երբ բոլոր փորձողներն իրենց փորձերը կը բերեն-կը յանգեցնեն այն կէտին, որից յետոյ ստիպւած կը լինեն աւելի համեստ դառնալ, կը սկսի համագործակցութիւն եւ սիներգիա առաջանալ։ Դա ճանապարհ է, մարդիկ կարող են ասել՝ այդ ի՞նչ մանր խնդիրների մէջ էք եփւում, երբ մենք ժամանակ չունենք, ու գործընթացները չեն սպասում, բայց այլընտրանք չկայ։ Եթէ մենք այդ գործը շուտ արած լինէինք, գուցէ այդ խնդիրները չլինէին, ժամանակ էլ կունենայինք»,- ամփոփել է Միքայէլ Նահապետեանը: