Հայաստան - ԱրցախՄշակութային

Երեւանի Սուրբ Զօրաւոր եկեղեցին

Երեւանի հնագոյն վանքային համալիրներից է հանդիսանում: Սկզբում գլխաւոր եկեղեցին կոչւել է Ս. Աստւածածին, այնուհետեւ վերանւանւել է Ս. Զօրաւոր Աստւածածին, քանի որ այնտեղ է պահւել հրաշագործ «Զօրաւոր Աւետարանը»: Տեղակայւած էր միջնադարեան Երեւանի Շահար թաղամասում՝ բլրի վրայ, ներկայիս Փարպեցի-Պուշկին փողոցների անկիւնի բակում:

Ս. Զօրաւոր եկեղեցուն կից գտնւում է Ս. Անանիա առաքեալի մատուռ-դամբարանը, որը նշանաւոր սրբավայր էր համարւում դեռեւս 9-10-րդ դարերից սկսած։ 16-17-րդ դարերում այս տարածքում գործում էր արդէն պարիսպներով շրջապատւած մի ամբողջական վանքային համալիր՝ Ս. Անանիա մեծ անապատը, որը բաղկացած էր եկեղեցուց, մատուռից, վանական դպրոցից, արւեստանոցից, միաբանական խցերից եւ բազմաթիւ այլ կից կառոյցներից, որը սակայն աւերւում է 1679 թ.-ի մեծ երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակաշրջանում այստեղ գրւել, ընդօրինակւել են մշակութային ու գիտական արժէք ներկայացնող բազմաթիւ գրքեր ու մատեաններ։ Յայտնի է նաեւ, որ 17-րդ դարի վերջից սկսած Ս. Անանիա անապատում են ստեղծագործել միջնադարեան նկարչութեան մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանը եւ հետագայում՝ նրա որդիները։

Այժմեան Ս. Զօրաւորը վերականգնւել է 1693 թ.-ին` Երեւանի մեծահարուստ Խոջա Փանոսի նւիրատւութեամբ, իսկ 1793 թ.-ի պատի արձանագրութեան մէջ նշւած է, որ Ս. Զօրաւոր եկեղեցին նորոգւել է արդէն Գաբրիէլ հարիւրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրօք: 1889 թւականին մեծահարուստ երեւանցիների ներդրումներով այստեղ սկսւում են իրականացւել նոր վերաշինական աշխատանքներ՝ մասնաւորապէս խարխուլ շինութեան տեղում տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյեանի նախագծով կառուցւում է Ս. Անանիայի գողտրիկ մատուռը:

Սովետական տարիներին, տարբեր նպատակների համար ծառայելուց յետոյ, Ս. Զօրաւորը վերադարձւում է հաւատացեալներին եւ սկսում է գործել: Էջմիածնի Մայր Աթոռի հովանաւորութեամբ եւ անձամբ կաթողիկոս Վազգէն Առաջինի ջանքերով 1970-ականների կէսերին եկեղեցին, մատուռը եւ դամբարանը հիմնովին վերանորոգւում են:


Սուրբ Զօրաւոր եկեղեցին եւ Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին

Related Articles

Back to top button