Կապանում Իրանի հիւպատոս դոկտ. Աբեդին այցելեց Ատրպատականի թեմի ազգ. առաջնորդարան
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, յունւարի 20-ին, Կապանում ԻԻՀ հիւպատոս դոկտ. Աբեդինը այցելեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Թեմակալ առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ, ներկայութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի:
Մէկուկէս ժամ տեւած սոյն հանդիպման ընթացքում հիւպատոս Աբեդինը անդրադարձաւ ցարդ իրականացւած ծրագրերին, որոնք Կապանի հիւպատոսարանի միջոցով գործադրւում են, առաւել եւս զօրացնելով երկու հարեւան երկրների դարաւոր կապերը: Նա վերյիշեց խմբական այն այցելութիւնները, որոնք կատարւել էին դէպի Ատրպատականի հայոց թեմի վանքերը, յատկապէս Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը, որտեղ նաեւ Սրբազան Հայրը առիթ էր ստեղծել ողջունելու մեր հայրենակիցներին:
Սրբազան Հայրը սոյն հանդիպումը առիթ համարեց անդրադառնալու քաղաքակիրթ ներկայ դարում պատերազմներով եւ բռնագաղթով լուծումների դիմող պետութիւնների վերցրած անխոհեմ քայլերին, որի հետեւանքով հազարաւոր անմեղներ են զոհւում Գազայում, իսկ մեր հայրենակիցներից հազարաւորներ ստիպողաբար լքեցին իրենց տները եւ հեռացան իրենց ծնող դարաւոր հողից:
Թեմական խորհրդի ատենապետը եւս, իր հերթին, ողջունեց հիւպատոսի ներկայութիւնը թեմում, նշելով այն սերտ յարաբերութիւնները, որոնք յատկապէս Կապանում ԻԻՀ-եան հիւպատոսարանի բացումից ի վեր ստեղծւել են երկու երկրների միջեւ:
Հիւպատոս դոկտ. Աբեդինը յատուկ հրաւէր տւեց Սրբազան Հօրը, անպայման այցելել Կապան եւ մասնակից լինել հիւպատոսարանի միջոցով կազմակերպւելիք մի շարք ծրագրերի, ապահովելով թեմի միաւորների մասնակցութիւնը, նոյն առիթով տեղի ունենալիք մշակութային հանդիսութիւններին: