ԹեհրանՄշակութային

Իրանահայ վետերան-ռազմագերի եւ ժամանակին նահատակ ճանաչւած Սեմիկ Վարդանեանի կտաւները՝ «Սաադ Աբադ»-ի Պատերազմի թանգարանում

«ԱԼԻՔ» – Հինգշաբթի, յունւարի 18-ի առաւօտեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում նախաձեռնութեամբ՝ «Բանակի 8-ամեայ ինքնապաշտպանութեան արժէքների պահպանման» հիմնադրամի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Անձնուրացների եւ նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի, տեղի ունեցաւ ժամանակին նահատակների ցուցակը համալրած եւ զինհաշմութիւն ստացած ռազմագերի Սեմիկ Վարդանեանի մեծարման միջոցառումը:

Միջոցառման մասին Սեմիկ Վարդանեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ այն հիմնականում տեղի է ունենում իր նկարած գեղանկարները Պատերազմի թանգարանին նւիրելու առիթով, ինչին աւելի քան չորս տարի է սպասել:

Ձեռնարկին նահատակների ընտանիքների եւ պատերազմին մասնակից իրանահայ այլ վետերանների կողքին ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, 8-ամեայ պատերազմի արժէքների պահպանման բրիգադայի հրամկազմը, շրջանի Պահապանների կորպուսի փոխհրամանատարը, ռազմական ոստիկանութեան փողային նւագախումբը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը, քաղաքամասի քահանահայրերից Տ. Վրթաննէս քհնյ. Բաբախանեանը եւ Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները եւ հայոց ազգ. «Նայիրի» եւ «Թունեան» դպրոցների տնօրինակազմը:

Միջոցառման եւ առիթի մասին խօսելով օրւայ բանախօս բանակի բրիգադային գեներալ Ֆուլադին նշեց, որ յանուն սիրելի Իրանի եւ իրանցիների անվտանգութեան զոհւած կամ իրենց կեանքն ու առողջութիւնը չխնայած անձինք, հէնց նրանք են, ում համար մահը վերջ չի նշանակում: Նա յիշեցնելով զուգադիպութիւնների երեւոյթի մասին, յաւելեց, որ իզուր չէ, որ Սեմիկ Վարդանեանին նաեւ ճանաչում են «կենդանի նահատակ» տիտղոսով:

Գեներալը յաւելեց, որ իրանահայերը, ինչպէս իրենց մուսուլման եղբայրները, այս սուրբ հողը պաշտպանելու համար չեն հարցրել իրենց զինակիցը ինչ կրօնի է դաւանում: «Մեր երիտասարդներն այն թասիբով ու ոգով էին լցւած, որ թոյլ չտւեցին մինչեւ ատամները զինւած թշնամին թէկուզ մէկ թիզ հող պոկի մեզնից:

Նա յաւելեց, որ եթէ այն օրերին այսօրւայ պէս հզօր ԶՈՒ-ի տէր լինէր երկիրը, ապա ոչ մէկն իրեն թոյլ չէր տալու նման սխալ գործել Իրանի դէմ: Այսօրւայ մեր հրթիռային հզօրութիւնը ամենալաւ միջոցն է խաղաղութիւն եւ անվտանգութիւն թելադրելու համար: «Հզօր ես երբ ունես մարտունակ բանակ, իսկ երբ բանակն է մարտունակ՝ ունես նաեւ խաղաղ ապրելու իրաւունք»,- նշեց նա:

Նա յաւելեց, որ գիտեմ այնպիսի հայերի, ովքեր ծառայութիւնն աւարտելուց եւ զօրացրւելուց յետոյ դարձեալ վերադարձան ճակատ, որպէսզի զինակից տղաներին միայնակ չթողնեն: Պատիւ նրանց: Նրանց կողքին ռազմաճակատ եկան նաեւ իրանահայ արհեստաւորների այնպիսի խումբ, որոնց ներկայութիւնը մեզ տւեց ռազմատեխնիկաների վերագործարկման հնարաւորութիւն»:

Ընթացքում բեմ հրաւիրւեցին նահատակներ՝ Ալֆրէդ Գաբրիի եւ Վարդան Աղախանեանի ծնողները, ում ձեռամբ էլ կատարւեց կտաւների ցուցադրման շնորհանդէսը:

Սեմիկ Վարդանեանը, ով կրած ծանր վէրքերի ու վիրաւորումների պատճառով շարունակում է դիմակայել մարմնական ցաւերին, ամբոնին մօտենալով պատմեց իւրաքանչիւր կտաւի ստեղծման պատմութիւնը, որի ընթացքում լսարանը թաց աչքերով հետեւում էր Սեմիկի յիշողութիւնների յուզիչ պատմածներին:

Նա պատմելով իր գերութեան առաջին իսկ օրւայ դրւագները, նշեց, որ կոտրւած ծնօտն ու ատամնաշարը հէնց գերեվարման ընթացքում են տեղի ունեցել: Այն պահին, երբ իր ծանր վիրաւորում ստացած ու քիմիական ռումբի կիրառման հետեւանքով տեսողութիւնը կորցրած զինակից ընկերոջն էր շալակն առել: Ջուր է խնդրում, տալիս են, ու ինքն էլ ջրով շփում է վիրաւոր ընկերոջ աչքերը: «Գիտէի որ այդպէս հնարաւոր է փրկել տեսողութիւը, քանի դեռ չի ուշացել եւ քիմիկատների ազդեցութեան տակ տեսողութիւնից ամբողջովին չի զրկւել նա: Իրաքցիները վրայ տւեցին ու հրացանակոթով մի տասն անգամ հարւածեցին դէմքիս ջարդելով եղած չեղածը…»,- պատմել սկսեց Սեմիկը:

«Մտքումս շատ դառն ու չմոռացւող յուշեր կան գերութեանս օրերից, որոնցից մի քանիսն ինձ հետ են ամէն պահ, յատկապէս վիրաւոր զինւորին օգնելու իմ ջանքերը, ով չդիմացաւ ու զոհւեց, եւ կրածս դժւարութիւնները: Կարծես փորձութիւն լինէր մեր հաւատքն ու կամքի ուժը չափելու համար: Փորձութիւն, որի միջով կարծում եմ պատւով անցայ:

Նւիրած կտաւների մասին Սեմիկը պատմեց, որ ժամանակին նկարչութիւն էր անում գերութեան ճամբարում: Այնքան է ճանաչւած դառնում, որ նրան են վստահում Սադդամի դիմանկարի կրկնօրինակը: Նա երկու դիմանակար է նկարել Սադդամից, որոնք Իրաքի դահիճի կարգադրութեամբ տեղափոխւում եւ պահւում են Սադդամի անւան թանգարանում: «Շատ մեծ չափսերի նկարներ էին դրանք: Մէկը երկու մետր երկարութեամբ մէկ ու կէս կամ աւելի լայնքով էր, իսկ միւսն էլ աւելի մեծ: Իսկ այս երկու նկարները մեծ եմ նկարել, քանի որ ուզում էի դրանցից աւելի մեծը լինէին…»:

Սեմիկ Վարդանեանի յիշողութիւնները վերապատմելու համար մեզ պէտք կը գայ մի ամբողջ հատոր, իսկ թերթիս այս յօդւածով միայն կարելի է վերնագրային ակնարկներ անել այդ մասին: Չնայած Սեմիկի հետ մեր հարցազրոյցում եւս նա աչքի ընկաւ իր պատմողական հզօր կարողականութեամբ, ինչը բնորոշ է նկարիչներին: Յաւելենք, որ պատմածներից եւ ոչ մի դրւագ կրկնութիւն չէր, յատկապէս հրապարակւած հարցազրոյցով նշածների առումով:

Նա վերջում նշեց. «Վերջապէս եկաւ այդ օրը եւ ազատ արձակւեցի գերիների փոխանակման 11-րդ փուլում: 1369 թւականի սեպտեմբերի 10-ն էր, երբ այս «ողջ մնացած նահատակ» տիտղոսը դաջւեց ինձ վրայ: Նահատակների ցուցակում էի, անձնագիրս էլ անվաւեր էր ճանաչւել, պատկերացնում եմ ընկերներիս ու հարազատներիս զարմանքն ու շշմած դէմքերը»:

Նշելով, որ երբեւէ չի կորցրել այն ուժը, որով դիմակայել է այդ ցաւերին, յաւելեց. «Այսօր շարունակում եմ աշխատել իմ արհեստանոցում, զբաղւում եմ նկարչութեամբ, քանդակագործութեամբ եւ խեցեգործութեամբ: Որպէս ուսուցիչ նկարչութիւն եւ արւեստ եմ դասաւանդում հայ երեխաներին: Մասնաւոր ուսուցման պարապմունքներ եմ վարում: Իմ աշխատութիւններից մի քանիսը գտնւում են Պաշտպանութեան թանգարանում: Դէմ եմ պատերազմներին, բայց վտանգի պահին իմ պարտքը կը համարեմ մեկնել ռազմաճակատ պաշտպանելու համար երկիրը»:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը վերջին բանախօսն էր: Նա կազմակերպիչներին եւ գեներալ Ֆուլադիին շնորհակալութիւն յայտնելով, նշեց. «Իրանի ժողովուրդն իր անվտանգութիւնը գնահատել գիտի: Նոյն կապակցութեամբ էլ բարձր եմ գնահատում Պահակազօրի բազկի հարւածով ահաբեկիչների կենտրոնների ոչնչացումը: Այնպէս, որ ճիշտ մատնանշում արւեց այսօր, հզօր եւ մարտունակ բանակը անմիջական կապ ունի խաղաղ ապրելու իրաւունքի հետ»:

Արա Շահվերդեանը յաւելեց, որ այսօր իրականացւեց Սեմիկ Վարդանեանի երազանքներից մէկը:

«Կտաւները, որոնք իր արհեստանոցի տարածքի զգալի մասն էին զբաղեցրել, նա նկարել էր հէնց այսօրւայ համար: Առաջարկում եմ նկարների տեղադրման օրը եւս նման միջոցառում կազմակերպւի, որպէսզի աւելի լայն լսարանին եւս հասանելի դառնայ Սեմիկի յուշապատումները՝ հէնց իր ձայնով»:

Արա Շահվերդեանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց հայոց ազգ. «Նայիրի» տարրական դպրոցի տնօրինութեանն ու հոգաբարձութեանը նոյն դպրոցում Սեմիկ Վարդանեանին արհեստանոցային տարածք տրամադրելու կապակցութեամբ:

Պատգամաւորի ելոյթից յետոյ գնդապետ Սոհէյլին կազմակերպիչների անունից ծրագրի փակումը յայտարարելուց առաջ նշեց, որ իրանցիների միջեւ միասնութեան նշաններ պէտք չէ փնտրել, այն կարելի է տեսնել իւրաքանչիւր աշխատանքի կամ կարեւոր որոշումների առանցքում: «Սա ոչ միայն մէկը միւսին փրկելու համար է, այլեւ պատմութիւն ունեցող ժողովրդի անվտանգութեան գաղտնիք է»:

Լուսանկարները՝ Հատիսի

Related Articles

Back to top button