Խրամչիխին. «Հայաստանի հանդէպ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանւելու է, քանի դեռ ռազմական հաւասարակշռութիւնն ի օգուտ Ադրբեջանի է»
Ռուսաստանին ուղղւած ամիսներ շարունակւող քննադատութիւնից յետոյ, թէ ՌԴ-ն չի կատարում իր ռազմատեխնիկական պարտաւորութիւններն այն դէպքում, երբ Երեւանը վճարել է հարիւրաւոր միլիոններ, ՀՀ իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ ռուսական զէնքի մի խմբաքանակն արդէն Հայաստանում է։
Օրերս Ազգային ժողովի Պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թէ ՀՀ-ն ռուսական զէնք ստանո՞ւմ է, որը պատւիրւած էր, ասել է՝ ինչ-որ մասնաբաժնով ստանում է։
«Ինչ-որ բան տալիս են, էն ծաւալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծաւալի առումով, բայց դրանք ընթացքում կը կարգաւորւեն, համոզւած եմ»,- ասել էր Քոչարեանը։
ԱԺ Պաշտպանութեան յանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնեանը եւս յայտարարել է, որ ռուսական զէնքի մի խմբաքանակ արդէն Հայաստանում է, այն ՀՀ է հասել վերջերս։
Դեռեւս դեկտեմբեր ամսին ռուսական «ՏԱՍՍ»-ին տւած հարցազրոյցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինը յայտարարել էր, թէ Մոսկւան Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան նոր համաձայնագրեր է քննարկում:
Ռուսաստանի դեսպանը չէր հերքել, որ առանձին պայմանագրերում կան հարցեր՝ կապւած ռուսական ձեռնարկութիւնների՝ պաշտպանութեան պետական պատւէրը կատարելու հետ, բայց պնդել էր, թէ հայ-ռուսական գրեթէ բոլոր պայմանագրերն արդիւնաւէտ իրագործւել են:
«Կնքւած գրեթէ բոլոր պայմանագրերը կա՛մ արդէն աւարտւած են, ժամանակին եւ բարձր որակով, կա՛մ գտնւում են իրականացման վերջնական փուլում»,- նշել էր Սերգէյ Կոպիրկինը:
Դրանից աւելի վաղ՝ նախորդ տարւայ նոյեմբերին տւած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ Ռուսաստանը չի մատակարարում սպառազինութիւնը, որի դիմաց Հայաստանը վճարել է։ Կոնկրետ թիւ, սակայն, Փաշինեանը չէր նշել, ոչ էլ ժամկէտներ՝ երբ են փոխանցւել գումարները։ «Տեղի են ունենում քննարկումներ, թէ ինչ մեխանիզմներով խնդիրը լուծել: Օրինակ՝ տարբերակներից մէկը կարող է լինել վճարւած գումարների չափով Ռուսաստանի Դաշնութեանը Հայաստանի Հանրապետութեան ունեցած պարտքից նւազեցումը»,- ընդգծել էր նա։
168․am-ի հետ զրոյցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թէ դժւար էր պատկերացնել, որ ՌԴ-ն բացարձակ չի կատարի իր ռազմատեխնիկական պարտաւորութիւնները։
Սակայն, ըստ նրա, պարզից էլ պարզ է, որ պատերազմական ծանր իրավիճակում գտնւող երկիրը չի կարող մատակարարել սպառազինութիւն այն ինտենսիւութեամբ, ինչ նախկինում։
«Թէեւ տեղեկատւութիւնը բաց չէ, թէ իրականում երբ է կնքւել այդ համաձայնագիրը, այնուամենայնիւ, հայ-ռուսական ռազմատեխնիկական ոլորտում համագործակցութիւնը նոր իրողութիւններին ադապտացման կարիք ունի, քանի որ ՌԴ-ն, առաջին հերթին, տրամաբանական է, որ պէտք է բաւարարի ռազմի դաշտում իր կարիքները, գտնւելով թէժ պատերազմի մէջ մի երկրի հետ, որին սպառազինութիւն է մատակարարում թէ՛ ԱՄՆ-ը, թէ՛ ԵՄ երկրները, այսինքն՝ ՆԱՏՕ-ն։
Կարծում եմ՝ ՌԴ-ի կողմից էլ հասկանալի է այն հանգամանքը, որ ՀՀ-ն ունի անվտանգութեան խնդիրներ, եւ հէնց այդ պատճառով էլ այս իրավիճակում ՌԴ-ն, այնուամենայնիւ, զէնք է վաճառում Հայաստանին։ Իսկ ձգձգումը պայմանաւորւած է ստեղծւած իրավիճակով, դա պարզ բան է։ Ռազմավարական գործընկերների միջեւ սրանք այնպիսի տեխնիկական հարցեր են, որոնք կարող են քննարկւել ու չդառնալ հանրային դաշտում միմեանց թիրախաւորելու յարմար առիթ։ Սա, իհարկէ, դասական ռազմավարական դաշնակիցների դէպքում, սակայն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցութիւնն արդէն իսկ խաթարւած է, եւ դրանում բաւականին էական տեղ ունի այն, որ յարաբերութիւնների բոլոր հարցերը դուրս են բերւել հանրային տիրոյթ՝ բացասական լուրջ ֆոնով։
Ռուսաստանի հետ դաշնակցութիւնը ՌԴ դաշնակիցները պատկերացնում են Ռուսաստանի կողմից քայլերի անվերջանալի շղթայ, երբեք հարց չի առաջանում՝ իսկ ՌԴ դաշնակիցները ինչպէ՞ս կարող են աջակցել ՌԴ-ին։
Այս դէպքում խօսքը նոյնիսկ ռազմատեխնիկական եւ քաղաքական լուրջ աջակցութեան մասին չէ, այլ քաղաքական դաշտում՝ յայտարարութիւնների տեսքով, միջազգային հարթակներում աջակցութեան տեսքով։ Սակայն Երեւանն ընտրել է նոյնիսկ այս իրավիճակում թիրախաւորելու եւ քննադատելու ճանապարհը՝ միեւնոյն ժամանակ լաւ հասկանալով, որ ամենաշատ օգուտները ստանում է ՌԴ-ի հետ գործընկերութիւնից եւ ԵԱՏՄ անդամակցութիւնից։
Տեսնում ենք, որ ՌԴ-ն միայն Երեւանին արձագանգողի եւ պատասխանողի դերում է, երբեւէ Մոսկւան չի արել յարաբերութիւնները խաթարող որեւէ յայտարարութիւն, թէեւ վստահաբար պատճառներ կան, որոնք կարող էին օգտագործւել Երեւանի դէմ»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, Մոսկւան պարզապէս փորձում է իր համար այս ճգնաժամային փուլում հարթել լարւածութիւնները եւ չգնալ սրման։
«Այնուամենայնիւ, կարծում եմ՝ ՌԴ-ն այս պահին պէտք է մտածի իր կարիքների մասին յատկապէս, երբ ՀՀ-ն մատակարարներ փնտրում է Արեւմուտքում, կայ նաեւ Ֆրանսիան, շատ երկրներ կան, որոնք կարող են Երեւանին համապատասխան զէնք մատակարարել։ Ուստի պէտք է յուսալ, որ ռազմատեխնիկական նոր համագործակցութիւն ասելով՝ նկատի է առնւում այդ համագործակցութիւնը ներկայիս իրողութիւններին յարմարեցնելու գործընթացը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ռեգիոնալ իրավիճակին՝ Խրամչիխինը գտնում է, որ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժային հաւասարակշռութիւնը խախտւած է ի օգուտ Ադրբեջանի, ներկայիս ստատուս-քւօն՝ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանւելու է։
«Ես բազմիցս նշել եմ, որ այս սպառնալիքները վերացնելու նպատակով դեռ 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ-ն պէտք է վերականգներ իր բոլոր ռազմական կորուստները եւ մտածեր մինչեւ անգամ աւելիի մասին՝ հաւասարակշռութիւն վերականգնելու համար, ինչը, սակայն, չի արւել։ Հակամարտող երկրները միայն պայմանաւորւածութեամբ եւ բանակցութիւններով, զիջումներով խաղաղութեան չեն յանգում, պէտք է որոշակի ռազմական հզօրութիւն ունենալ, էսկալացիաներին դիմադրելու ուժ պէտք է ունենալ։ Ներկայումս տեսնում ենք, որ բանակցութիւնները չեն յաջողւում, իսկ դրա գլխաւոր պատճառն այն է, որ Ադրբեջանն իր ուժային գերակայութիւնը զգում է։ Նոյնիսկ բանակցային սեղանին յաջողելու համար հարկաւոր է ունենալ ռազմական հզօրութիւն եւ հակառակորդի հետ հաւասարակշռութիւն, դա հակառակորդին զսպելու գլխաւոր մեխանիզմն է»,- ասաց Խրամչիխինը։