Արարատը՝ գրականութեան եւ արւեստի դրսեւորում

Արարատը ներշնչանքի աղբիւր է եղել ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի բազում ստեղծագործողների համար: Արարատին ձօնել են բազում բանաստեղծութիւններ, երգեր, կտաւներ, համարել վեհութեան, մեծութեան եւ գեղեցկութեան խորհրդանիշ:
Արարատ. լեգենդ եւ իրականութիւն
Արարատի մասին ժողովուրդը հիւսել է բազմաթիւ լեգենդներ։ Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը։
Մի լեգենդ կայ կապւած հայոց Արտաշէս եւ Արտաւազդ թագաւորների հետ, որը շատ գեղեցիկ ներկայացրել է Մովսէս Խորենացին իր «Հայոց պատմութիւն» աշխատութեան մէջ։ Ըստ լեգենդի, շատ տարիներ առաջ, Արտաշէս Մեծը, ով Հայաստանին փառք, բարգաւաճում ու լիութիւն էր նւիրել, հայրենիքից հեռու մահանում է՝ թախիծը եւ հայրենիքի կարօտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ է տալիս իր հայրենի հողին։ Եւ մարդիկ, իմանալով նրա մահւան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշէսի զաւակը՝ արքայազն Արտաւազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տւեց ու դժգոհութեամբ բացականչեց.
– Նա հեռանում է մեզնից, ոնց-որ թէ ամբողջ երկիրն է իր հետ տանում: Ինձ էլ մնում է փլատակների վրայ թագաւորել:
Մինչ դու գնում ես,
Եւ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես աւերակների վրայ ում թագաւորեմ։
Մահացող արքան լսեց այդ խօսքերը ու օրհնանքի տեղը նրան անէծքներ ուղարկեց:
– Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլեւս արեւի լոյսը չտեսնես:
Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս եւ լոյս չտեսնես։
Թագակալելուց յետոյ Արտաւազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քոյրերին, եւ միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցւեց նոր տիրակալի անարդարութիւններից: Եւ մի անգամ Արտաւազդը պատրաստւեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց յետոյ նրա ձին յանկարծ սայթաքեց, ընկաւ անդունդը ու ձիաւորի հետ միասին անհետացաւ յաւերժ: Անցան տարիներ ու յաջորդ թագաւորը՝ Տիրանը, իմացաւ գիտուն մարդկանցից, որ անիրաւ Արտաւազդը երկաթեայ շղթաները ձեռքերին բանտարկւած է լեռան խորը քարայրներից մէկում: Արդէն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատւել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրէցօր թուլանում են: Բայց այն րոպէին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտաւազդի ձեռքերի վրայ: Ասում են, որ եթէ յանկարծ Արտաւազդը ազատւի իր շղթաներից ու դուրս գայ իր բանտից, ամբողջ աշխարհում կը տիրեն չարն ու անարդարութիւնը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:
Թերեւս բոլորս էլ յիշում ենք Եղիշէ Չարենցի յայտնի տողերը՝
Աշխարհ անցիր,
Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝
Ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Արարատի մասին իրենց հիացմունքի խօսքն են արտայայտել Պարոյր Սեւակը, Վահան Տէրեանը, Յովհաննէս Թումանեանը, Ղեւոնդ Ալիշանը ու էլի շատ արժանաւոր հայ մեծեր։
Պարոյր Սեւակն ասել է․
-Մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում:
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում:
Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք Արարատ ունենք…
Մասիսը ոգեշնչել է նաեւ Յ․ Շիրազին
Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ,
Գերւած տեսայ ու ես լացի, հայոց ցաւերն հեռւում տեսայ,
Ա՛խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վեր,
Հովտում այրւել սիրտս բացի, բայց հով սարերն հեռւում տեսայ…