Մշակութային

Արարատից այն կողմ՝ երկինքը երկրին միացնող հորիզոնն է

ՆԱՐԵԿ ԱՒԵՏԵԱՆ

«Աւարայր» ռոկ խմբի հիմնադիր – անգլերէն գրականութեան մասնագէտ

 

Երբ մշակութային ժառանգութեան խորհրդանիշները կորցնում են իրենց նշանակութիւնը, դրանք զրկւում են ազգային ինքնութիւնից։ Դրանք դառնում են աննշան։ Ինչպէս էժանագին բնանկարի մէջ արւած մի բիծ։

Անկախ աշխարհագրական դիրքից, Արարատը միշտ էլ եղել է հայկական լեռ։ Այն պարունակում է «Ար» բառարմատը, որը բազմաթիւ հայկական անունների ու բառերի արմատն է։

Արարատին վերաբերող լեգենդներն ու առասպելները հազարաւոր տարիների պատմութիւն ունեն, երբ նրա շատ հակառակորդներ նոյնիսկ գոյութիւն չունէին որպէս «ազգեր»։ Այն քրիստոնէական եւ նախաքրիստոնէական արարչագործութեան պատմութիւնների սիրտն է։

Այն փաստը, որ Հայաստանի կառավարութեան վերջին որոշումը այդքան քիչ քննադատութեան է արժանացել, նշանակում է, որ հայերը ենթարկւում են հարկադրաբար սնւող քարոզչութեան։ Քարոզչութիւն, որը պնդում է, որ հայ լինելը ամօթալի է։ Որ հայ լինելը «հնաոճ է»։ Որ հայկական պարեր սովորելը «կռինժ» է։ Որ հայկական ժողովրդական երաժշտութիւնը հնացած է։ Որ հայ լինելը սահմանափակւում է Երեւանում յարմարաւէտ կեանքով, միաժամանակ անտեսելով հայկական մշակոյթի բոլոր մնացորդները։ Որ մենք պէտք է համատեղ հրաժարւենք հազարամեակներ տեւող ժառանգութիւնից՝ յօգուտ «միջազգային չափանիշների», որոնք ստեղծւել են այն մարդկանց կողմից, ովքեր դեռեւս ապրում էին կենդանիների պէս, երբ մենք արդէն ունէինք թագաւորութիւններ, աւանդոյթներ եւ կենսունակ մշակոյթ։

Միջազգային չափանիշները չպէտք է թելադրեն ազգային ինքնութեան կորուստը։

Գրեթէ իւրաքանչիւր նշանակալի հայ արւեստագէտ, լինեն դրանք բանաստեղծներ, երաժիշտներ, կինօգործիչներ, լուսանկարիչներ, ճարտարապետներ, ոգեշնչւել են Արարատով։ Անթիւ-անհամար լեռնագնացներ են բարձրացել լեռը որպէս անցման ծէս։ Նոյնիսկ առօրեայ կեանքում լեռան տեսարանով բնակարանները աւելի թանկ են։ Այն ինտեգրւած է հայ ազգի ենթագիտակցութեան մէջ, բացառութեամբ այն անհատների, ովքեր ատում են այն, եւ իրենց մշակոյթն աւելի շատ են ատում, քան իրենց թշնամիներին։ Եւ դրանով, համոզւած եմ, որ նրանք ատում են իրենք իրենց։

Ո՛չ, իմ «առաջադէմ» բարեկամ։ Արարատը պարզապէս լեռ չէ։ Այն հայոց պայքարի խորհրդանիշ է, այն պայքարի եւ ազատագրման, վրէժխնդրութեան եւ հատուցման խորհրդանիշ է։ Այն խորհրդանիշ է իւրաքանչիւր հայի համար, անկախ նրանից, թէ քանիսն են, ովքեր դուրս են ցցւած այն հողից, որը դուք ծածկել էք ձեր ագահութեան ու «արդիականացման» մոլախոտերով։ Այն դուրս կը ցցւի այդ հողից, որպէսզի բռնի ձեզ եւ ասի. «Հայութիւնը կը մնայ։ Հայը կը մնայ։ Արարատը կը մնայ։ Դուք չէք կարող արմատախիլ անել մի մշակոյթ, որը միահիւսւած է իր ժողովրդի գենետիկ յիշողութեան մէջ»։

Related Articles

Back to top button