Արծրուն Պեպանեան. «Հայաստանը դրսից են կառավարում. մանկուրտացնում են, ամէն ինչ անում են, որ հայութիւնը երբեւիցէ չկարողանայ ոտքի կանգնել»

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր գրող, հրապարակախօս Արծրուն Պեպանեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Այս իշխանութեամբ չեմ հետաքրքրւում, առաջին դէմքի ասածներին չեմ հետեւում, որովհետեւ վստահ եմ՝ դրսից սրանք բերւել են ինչ-որ հարցեր լուծելու համար։ Եթէ ես ուզում եմ իմանալ՝ ինչ է լինելու մեզ հետ, ինչ են բերելու մեր գլխին, ես կարդում եմ Ալիեւին, նայում եմ ադրբեջանական, միջազգային աղբիւրները…
– 2018 թւականին Փաշինեանի արածը յեղափոխութիւն չէր, դա բեմականացում էր ինչ-ինչ նպատակների համար։
– Եթէ որեւէ մէկին նշանակում են նախարար, նա բերում է այնպիսի փոխնախարարներ, որ իրենից լաւը չլինեն, փոխնախարարները բերում են այնպիսի վարչութեան պետեր, որոնք իրենց հերթին էլ նրանցից լաւը չեն լինի, եւ այդպէս պետութիւնը թուլանում է։
– Երկու տարի առաջ իմ համակիրներից մէկն ինձ ուղարկեց մասոնական օթեակի մասին որոշ նիւթեր, որտեղ գրւած էր՝ դեռ 2-րդ համաշխարհայինից առաջ Հայաստանի վերաբերեալ ծրագրեր են կազմւել, որը ճիշտ վերջին տարիների գործողութիւնների յաջորդականութիւնն է՝ իշխանափոխութիւն, հակառուսականութիւն, Արցախի կորուստ, պանթուրանական ճանապարհի տրամադրում։ Ես սկսեցի որոնել՝ արդեօ՞ք ճիշտ է, եւ համացանցում գտայ, որ 2013 թւականին՝ 2018 թ.-ից 5 տարի առաջ, Ամերիկայում հեռարձակւող մի հայալեզու հաղորդման մէջ հաղորդավարը պատմում էր այն, ինչը յետոյ տեղի ունեցաւ։ Մեր վերաբերեալ որոշումները փաստացի դրսերում՝ այլ երկրներում են կայացւում. այս իշխանութիւնն այդ որոշումների հետ կապ չունի, նրանց հրահանգներն ու ցուցումներն են կատարում. գլոբալ ուժերն են որոշում ամէն ինչ։
– Արցախը տւեցին, որ պանթուրանական ճանապարհն անխոչընդոտ լինի։
– Նպատակային կերպով ամէն ինչ անում են, որ հայութիւնը երբեւիցէ չկարողանայ ոտքի կանգնել ու համախմբւել ու չկարողանայ դիմակայել։ Այդ ուժերը նպատակ են դրել՝ կա՛մ մանկուրտացնել, կա՛մ այնպէս անել, որ ազգակիր հատւածը հեռանայ Հայաստանից։
– Ես ուսումնասիրել եմ նացիստների պատմութիւնը․ Գեբելսը շատ մեծ դեր է ունեցել գերմացիներից հզօր ազգ կերտելու գործով, եւ եթէ մենք հետագայում ուզում ենք ոտքի կանգնել ու հզօրանալ, պէտք է օգտւենք Գեբելսի տեսութիւնից։ Այս իշխանութիւնները Գեբելսի այդ տեխնոլոգիաները օգտագործում են այլ նպատակով, որպէսզի մի ամբողջ ազգի՝ հայ ազգին, դարձնեն նւաստացած, ստորացւած ու անյոյս։ Դա՛ են արել հայ ժողովրդի հետ։
– Յատուկ տեխնոլոգիա է կիրառւում մեր ժողովրդի դէմ. մեր ժողովուրդն այն չէ, ինչ հիմա կայ։
– Եկեղեցու դէմ գրոհից յետոյ որոշ դադար տւեցին, որովհետեւ զգացին՝ ժողովուրդը Եկեղեցու թեմայով գնաց ինքնակազմակերպման, իսկ դա իրենց պէտք չէ։
– Ստում են անդադար՝ հասարակութեան խեղւած շերտերին ակտիւացնելու եւ ազգակիր հատւածին Հայաստանից հեռացնելու, դուրս մղելու համար։ Մենք համարժէք քայլեր չենք անում դա կանխելու համար։
– Բոլորն անընդհատ խօսում են այս իշխանութեան մասին։ Դա անօգուտ զբաղմունք է։ Չպէտք է սրանց անդրադառնալ, սրանց ասածները չպէտք է մեկնաբանել:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, ի՞նչ շերտեր կան նրա մէջ։ Ես դեռեւս 90-ականներին էի բացայայտել, որ պրոբլեմ կայ, հայ ժողովրդի մի ստւար հատւած պետութեան ընկալում չունի։
Մեր ժողովրդի մէջ կան ազգային, համայնքային մտածող մարդիկ, ովքեր իրենց ընտանիքից բացի՝ մտածում են իրենց համայնքի, ազգի մասին։ Ժողովրդի այդ հատւածին ես կոչում եմ ազգակիրներ․ նրանք կազմում են ժողովրդի 10%-ը։ 20%-ը վատերն են, խորամանկ մարդիկ, ովքեր միայն մտածում են՝ ինչպէս անեն, որ իրենք լաւ ապրեն, բայց տաղանդ ունեն, կարողանում են համոզել, որ ազգակիր են։ Մեծ մասը՝ 70%-ը, կապկողներն են, ովքեր ընկնում են վատերի ազդեցութեան տակ։ Երբ այս համամասնութիւնը խախտւում է, ազգակիրների թիւը պակասում է, սրիկաներն իշխանութիւն են վերցնում։ Այսօր 60000 ազգակիրներ կան, այնինչ պիտի լինէինք 250000։ Հիմա մեր խնդիրը պէտք է լինի՝ իմանալ՝ ով են նրանք, որտեղ են։ Մեր թիւ մէկ խնդիրը թոյլ չտալն է, որ ազգակիրներն ուծացւեն։ Պէտք է գտնենք իրար, մի կառոյց ստեղծենք, որպէսզի միասին գտնենք ազգային վերելքի ուղին:
– Բացի արտաքին ազդեցութիւններից, մենք մեզնով աղէտի մէջ ենք։ Ես 1997 թ., երբ աղաղակում էի, որ մենք երկիրը կորցնելու ենք, այն ժամանակ արտաքին ազդեցութիւն չկար։ Նժդեհն ասում էր՝ այս ժողովրդին ախտորոշել ու բուժել է պէտք։ Եթէ մենք չունենք ամբողջական պատկերը, որեւէ ծրագիր չի աշխատելու։
– 2018 թւականից յետոյ որոշ ուժեր, իմանալով, որ մենք մեզնով պրոբլեմ ենք, խորացրել են այն ու սրիկաներին բերել իշխանութեան։
– Նախորդ երեք նախագահների օրօք եւս սրիկաներ կային, բայց խօսում էին մարդկանց հետ։ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանն, օրինակ, ինձ մի առիթով ասաց՝ պարոն Պեպանեան, ի՜նչ լաւ գործ էք անում, ինչո՞վ օգնենք։ Հիմա չկայ մարդ, ում կարող ես դիմել եւ խօսել այդ մասին։
– Նայում ես այս իշխանութիւններին՝ դրսի ուժերը յատուկ սրիկաների են ընտրել։
– Շախմատի նմանութեամբ ասեմ՝ պատկերացրէք՝ հայկական քաղաքական դաշտը շախմատի տախտակ է, որի վրայ բոլոր ֆիգուրները գնում են իրարից անկախ, առանձին, իսկ դիմացը գրոսմայստերներ են։ Առանց համակարգւելու հնարաւոր չէ պայքարել մեզ աղէտի հասցնող դրսի այդ ուժերի դէմ։
– Մենք իշխանութիւն չունենք, մեր իշխանութիւնը դրսում է, դրսից են Հայաստանը կառավարում։ Մեզ պարզապէս զբաղեցնում են՝ իրենց նպատակներին հասնելով։ Մենք գնում ենք սրբազանների դատին, տուն ենք գալիս, գիտենք՝ գործ ենք արել, բայց ոչինչ էլ չենք արել…
– Մենք՝ ազգակիրներս, Հայաստան պետութիւն չունենք․մեզնից այն վերցրել են խորամանկ ձեւով։ Մեր տարածքները տարել են, յանձնել են։ Սա մենք պիտի ընդունենք ու հասկանանք՝ ինչպէս անենք, որ գոնէ մեր նախկին տարածքների մի մասին տէր լինենք։ Այստեղ մնացել է մի փոքր բնակչութիւն, որին ամէն օր նւաստացնում են… Մենք բանակ չունենք, մենք ոչինչ չունենք, բայց ուզում ենք ինչ-որ բան ունենալ։
– Ազգակիրներ ջան, եկէք իրար գտնենք, որպէսզի չգայ ժամանակ ու 60000-ը դառնայ 1200, ու այլեւս հնարաւորութիւն չլինի դիմակայել։ Ազգային դաշտի քաղաքական գործիչներ ջան, այս պահի դրութեամբ մեր խնդիրը դա է, կարող էք, օգնէք մեզ։
– Մենք հարկադրւած ենք պետութիւն սարքել։ Հիմա եթէ դուք ասէք՝ ժամանակ չունենք, ես պիտի ասեմ՝ իսկ ի՞նչ ենք անում։ Ուրիշ երկրներն իրենց ազգակիրներով պետութիւն ստեղծել են, կայ այդ փորձը, մենք էլ պիտի անենք։ Ասում են՝ ժամանակ չունենք, իսկ ինչի՞ ժամանակ ունէք։ 7 տարի է՝ պայքարում էք, իսկ ի՞նչ արդիւնք ունէք։
– Այս իրականութիւնը մի լաւ բան ունի՝ պարզ երեւում է՝ ով ով է։ Լիքը պոտենցիալ ունեցող մարդիկ կան, մենք պէտք է նրանց պրոցեսի մէջ մտցնենք ու քարը քարի վրայ դնենք, պետութիւն սարքենք։