Մեր խորհրդանշանները մեր ժողովրդի ինքնութեան վկայականներն են

Սեպտեմբերի 18-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը: Անդրադարձ է կատարւել ազգային խորհրդանշաններին եւ դրանց ճակատագրին՝ կապւած Արարատ լեռան ուրւագիծը հայկական վիզաների դրոշմակնիքի վրայից հեռացնելու ՀՀ իշխանութիւնների որոշման հետ:
Ըստ Հայկազուն Ալւրցեանի՝ ազգային խորհրդանշանները կամայական պատկերներ չեն, դրանք մեր ժողովրդի, ազգի ինքնութեան վկայագրերն են, որոնցում արտացոլւած են մեր ծագումը, մեր աշխարհագրական տարածքը, լինելիութեան համար մեր պայքարն ու մաքառումը: «Իսկ այն, ինչ այս իշխանութիւններն այսօր փորձում են անել կամ արդէն իսկ անում են մեր խորհրդանշանների հետ, ոչ աւել ոչ պակաս թշնամութիւն է հայ ազգի նկատմամբ՝ աղաւաղել, պղծել, ոչնչացնել մեր հազարամեայ պատմութիւնը, խեղաթիւրել մեր ազգային ինքնութիւնը»,- նշել է Հայկազուն Ալւրցեանը եւ մտահոգութիւն յայտնել, որ շուտով հերթը կը հասնի ՀՀ զինանշանին եւ օրհներգին՝ մեր պետականութեան խորհրդանշաններին:
Անդրադառնալով Արարատ լեռան պատկերից հրաժարւելու՝ ՀՀ իշխանութիւնների պատճառաբանութիւններին՝ Հայկազուն Ալւրցեանն ընդգծել է, որ Արարատը ընդամէնը 100 տարի է, ինչ թուրք-բոլշեւիկեան համաձայնութիւնների արդիւնքում գտնւում է Թուրքիայի վերահսկողութեան տակ մնացած տարածքում: Դա աշխարհագրական առումով Արեւելեան Հայաստանի մի մասն է: «Արարատը դրանով չի դադարում հայկական լեռ լինելուց եւ, բացի այդ, ոչ ոք չի կարող ասել, թէ ինչ տեղի կունենայ եւս 100 տարի անց եւ, արդեօք, հանգամանքներն այնպէս չեն դասաւորւի, որ Արարատը կրկին անցնի Հայաստանի տիրապետութեան տակ»,- նշել է նա:
Հարցին՝ կը կարողանա՞յ, արդեօք, հայ ժողովուրդն ի վերջոյ կանգնեցնել ՀՀ իշխանութիւնների կործանարար ընթացքն ու Հայաստանը հեռու պահել ահագնացող աշխարհաքաղաքական վտանգներից, Հայկազուն Ալւրցեանը պատասխանել է. «Ուժային կառոյցների վրայ կառուցւած այս բուրգի ողջ ծանրութիւնը կրող աղիւսը Նիկոլ Փաշինեանն է, իր նեղ շրջապատով: Այդ աղիւսը հիմքում ամրացւած չէ: Բաւական է այն դուրս քաշել բուրգի տակից, եւ բուրգն ամբողջութեամբ կը փլուզւի: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը կանի դա: Եւ դա պէտք է անել այնպէս, որ այդ փլուզումից չօգտւեն իրենց շահերի յետեւից տարածաշրջան եկած գերտէրութիւններն ու օտար կազմակերպութիւնները, եւ արդիւնքում մենք չունենանք աւելի վատ իշխանութիւն, քան արդէն եղածն է»:
Arfd.am