
Մեռնիմ նէ, պիտի խաղամ…
1967-ի դեկտեմբերի վերջերին Վահրամ Փափազեանը մի վերջին անգամ բեմ բարձրացաւ Մէք Գրեգորի դերով: Ներկայացման նշանակւած օրւայ առաւօտեան պարզւեց, որ վարպետի առողջական վիճակը շատ ծանր է, եւ որ գիշերը շտապօգնութեան բժիշկները հազիւ են կարողացել «ետ բերել»: Եւ քանի որ այդ վիճակով նա հազիւ թէ կարենար բեմ բարձրանալ, թատրոնի տնօրէնները որոշեցին հանել ներկայացումը, փոխարինել մէկ ուրիշ ներկայացումով: Ու ծեր առիւծը ծառս է լինում վարպետի կրծքի տակ: Հետեւում է առարկութիւն չվերցնող պատասխանը:
– Մեռնիմ նէ, պիտի խաղամ: Ճիշտը՝ կուզեմ բեմին վրայ մեռնիլ, հէնց այս երեկոյ՝ ներկայացման ժամին…
Իրօք, Փափազեանը երազում էր մեռնել բեմի վրայ, բեմական հանդերձանքը հագին: Ներկայացումից առաջ Փափազեանին մեքենայով բերին թատրոն: Հանդիսատեսները հաւատացած էին, որ այդ երեկոյ վերջին անգամ են տեսնելու դերասանին: Նման չարագոյժ մթնոլորտ չեմ յիշում, որ եղած լինի թատրոնում:
Ինչպէս յետոյ իմացայ Բաբգէն Ներսիսեանից, Փափազեանը ներկայացումից առաջ խնդրել է իրեն, որ երբ Մէք Գրեգորը մեռնի աստիճանների վրայ, Բէն Ալեքսանդրը ուժգին չցնցի նրան, ինչպէս վարւել է նախորդ ներկայացումների ժամանակ, այլ ցուցամատը շատ թոյլ հպի իր ուսին: Սկսւեց ներկայացումը: Բոլորս տագնապած սպասում էինք Մէք Գրեգորի բեմելին: Հնչեց շեփորի հոգեպարար մեղեդին, եւ բեմ ելաւ Մէք Գրեգորը աշխոյժով, խօսեց փափազեանական «տօնական» ձայնով: Դերակատարման վերջին դրւագում անհաւատալիօրէն կերպարանափոխւեց: Կատաղի մի զայրոյթ պրկել էր արդէն հիւծւած, ոսկրացած մարմինը, ներքին շիկացումից աղաւաղւել էր դէմքը, պղտորել հայեացքը: Ներկայացումը մօտենում էր աւարտին: Մէք Գրեգորը մի կերպ յենւեց աստիճանների բազրիքին, շնչասպառ արտաբերեց վերջին բառերը. «…փչէ՜ք, խենթ հողմեր, փչէ՜ք, մինչեւ պայթեն ձեր այտերը… եկէք, խանձեցէք ճերմակ գլուխս… կանգնած եմ այստեղ, ձեր ստրուկն եմ ես՝ թշւառ, տկար ու անարգւած մի ծերուկ…»:
Սա կերպարի մի նոր երանգ էր, մի նոր իմաստաւորում, աշխարհի անարդարութիւնների դէմ ծառացած ներկայիս մարդու դառնացած հոգու վերջին պառթկումը: Սարսռեցնող էին մանաւանդ Ջոնիին ուղղւած բառերը. «Մօտեցիր, տղաս… Ինչպէս սառն ես դու… Ինչո՞ւ է ապրում ձին, շունը, մուկը, իսկ դու չես ապրում, Կորդելիա… Դու էլ ետ չես գայ երբէ՜ք, երբէ՜ք, երբէ՜ք… Արձակիր, խնդրում եմ այս կոճակը… Շնորհակալ եմ…»:
Եւ թուլացած ձեռքից սահեց շեփորը, չարագոյժ զնգոցով ընկաւ յատակին, մինչ մարմինը մնաց բազրիքին յենւած, բերանը՝ կիսաբաց, աչքերը՝ քարացած, անկենդան: Բէն Ալեքսանդրը մօտեցաւ նրան, նայեց Մէք Գրեգորի անշնչացած դէմքին եւ ցուցամատը թոյլ հպեց նրա դէմքին: Կմախքը մէկեն փուլ եկաւ, փշրւեց ու թափւեց յատակին:
Սրահի կրծքից բարձրացաւ խուլ մի հառաչանք: Շատերը թաշկինակները մօտեցրին աչքերին, ոմանք էլ պոկւեցին աթոռներից՝ աւելի լաւ տեսնելու կատարւածը: Սգաւոր լռութիւնը ծանրացաւ, կախւեց թատերասրահի կամարների տակ, լցւեց ներկաների սրտերը:
– Նա մեռած է,_ ասաց Կար Միքայէլը:
– Ոչ, ճիշտ չէ, նա խաղում է,_ ասացի ես՝ Ջոնին, ու յակւելով յատակին փռւած Մէք Գրեգորի անկենդան դէմքին՝ շարունակեցի խօսքս.- պարոն Մէք Գրեգոր, դու մեռա՞ծ ես…
Անպատասխան լռութիւն: Փափազեանը ստեղծում էր մահւան պատրանքը: Նա իր բեմական կեանքում բիւր անգամներ էր «մեռել» կերպարների թելադրանքով, սակայն դրանցից եւ ոչ մէկը համեմատելի չէր կարող լինել Մէք Գրեգորի այդ ներկայացման մահւան հետ…
-Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է: Ջոնիի այս խօսքերը, ինչպէս միշտ, վերջակէտեցին այդ երեկոյի ներկայացումը եւս:
Փափազեանի թեւերից բռնած բարձրացրին տախտակամածից: Թատերասրահը նոր միայն սթափւեց, ու ծափերի զարկից փշրւեց սգաւոր լռութիւնը…
Տխուր էր Վարպետը՝ երեւի այն գիտակցութիւնից, որ չկարողացաւ իրականցնել բեմում մեռնելու իր փափագը…
Վահրամ Փափազեանը այլեւս բեմ չբարձրացաւ…
Վարպետի մենակութիւնն ինձ շատ էր մտահոգում: 1968-ի յունւարի մէկին ես ու Գէորգը գնացինք շնորհաւորելու Փափազեանի նոր տարին: Ասաց, որ մի քանի օրից մեկնելու է Պետերբուրգ-Օլգինօ՝ իր աղջկայ մօտ:
– Չգիտեմ՝ գնա՞լն է լաւ, թէ՞ մնալը…
Այնքան սարսռեցնող բան կար նրա ձայնի մէջ, այնքան խորհրդաւորութիւն, որ ինձ թւաց, թէ նրա խօսքը առնչութիւն չունի Պետերբուրգ մեկնել-չմեկնելու հետ, թւաց, թէ նա հիմա մեզ հետ չէ, որ խօսում է, այլ երկնքում սաւառնող ինչ-որ անտեսանելի ոգու հետ: Նրա խօսքը գոյութեան ու անգոյութեան եզրին կանգնած մահկանացուի խուլ հառաչանքն էր, բողոքը անողորմ բնութեան դէմ, որ այնքան դաժանօրէն խլում է մեզանից այն, ինչ այնքան սիրով պարգեւել է մեզ մեր լոյս աշխարհ գալու ժամին…
Պետերբուրգ-Օլգինօ մեկնելուց հինգ ամիս անց՝ 1968-ի յունիսի 5-ին իր մահկանացուն կնքեց դարի հանճարեղ դերասանը: Յունիսի 10-ին հայրենի հողն իր գիրկն առաւ նրա աճիւնը հայոց մեծերի հանգստարանում…
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ
«Իմ կեանքի հեքիաթը գրքից»
Լուսանկարում՝ Վահրամ Փափազեանը Մէք Գրեգորի դերում