
Փոխակերպութիւն-10
ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ
…Աղեղն ուզում եմ ներս բերել, սակայն
փոքր է սենեակը. նետն էլ չի մտնում.-
իբրեւ թէ որսից նոր եմ եկել տուն,
Հայկ Նահապետը հէնց ես եմ, որ կամ:
Լայնալիճ աղեղ, հագիս՝ արեւի
դեղինը կարմիր, կարմիրը դեղին,
կերակրել եմ չարքաշ ցեղին
անարատ մսով որսի հաւերի:
Իսկ նա իմ տեղակ, իմ շորերն հագին,
կանգնել է էնտեղ՝ երշիկի հերթի.-
նայում ես վրան՝ նման է բերդի,
բայց խեղճացել է, կծկւել կարգին:
Բոլորը գիտեն, որ ինքն է ու կայ
ու զարմանում են, որ իրենց մէջ է,
եւ ցեղի միտք է, ուժ է, եւ արքայ,
սակայն իրենց մէջ շան նման խեղճ է:
Եւ չի ամաչում՝ կանգնել է հերթի,
որ իրենց բաժնից տանի մի կտոր,
եւ վախենում է, որ աչքը թարթի,
հայեացքը՝ շաղւած, եւ քայլը՝ խոտոր:
Կոկորդում՝ անվերջ ամօթի կծիկ,
ոչ կուլ է գնում, ոչ դուրս է գալիս,
կորացըրել է հասակը վերձիգ,
նաւը դարձել է նաւակի խարիսխ:
«Վա՜յ, Հայկ Նահապետ,
վա՜յ, ցեղի արքայ,
դու ի՞նչ գործ ունես մածունի հերթում» –
– Ի՞նչ անի, չապրի՞ այդ մարդը հապա,
փշուր հաց չկայ Մարութա բերդում:
Թոնիրը սառը, մեռած աչքի պէս,
խուզած հաւեր են հարսների տեղակ
փախչում աջ ու ձախ ու կտցում են քեզ,
բոլորով մէկտեղ խայտառակ եղանք:
Վա՛յ, Հայկ Նահապետ,
ե՛կ, աղեղդ առ,
ե՛կ, նետդ լարիր աղեղիդ վրայ,
արձակիր հոգու գիշերում խաւար,
թող արեգակի նման հուրհրա:
Իսկ ես քեզ համար երշիկ կգնեմ,
եւ մածուն կառնեմ՝ փոշուց պատրաստած.-
եւ…նետիդ վրայ բառեր կը գրեմ,
որ մեր հաւատի գրքում են հաստւած:
«Քարէ բարձ», 1989 թ.