Հայկական արծւագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Յաղթանակի զբօսայգում»
Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական նւաճումն ու հայ բնակչութեան էթնիկ զտումները փառաբանող «Յաղթանակի զբօսայգու» կենտրոնում արցախյան աւանդական հայկական «Արծւագորգի» զարդանախշով յուշարձան է տեղադրել եւ այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխութեան մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնւենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին:
Ինչպէս նշում է քաղաքագէտ Սոսի Թաթիկեանը, այս գործողութիւնը հայկական մշակութային ժառանգութեան իւրացման հաշւին ռազմական ագրեսիա եւ էթնիկ զտում փառաբանող հերթական յուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։
Հարկ է նշել, որ հրապարակի կենտրոնի զարդանախշը՝ Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆէոդալական իշխանութեան գորգագործական կենտրոնից սերւած «Արծւագորգ»-ի կենտրոնական նախշն է։
«Արծւագորգի» գլխաւոր զարդամոտիւը Արծիւն է։ Ըստ մասնագէտների, այն թեւաւոր Արեւի կամ ուրարտական Խալդի աստւածութեան, ապա եւ զրադաշտական Ահուրամազդայի կերպաւորումներից է։ Թեւաւոր Արեւի այսպիսի պատկերագրութիւնը հայկական արւեստում յայտնի է դեռեւս հնագոյն ժամանակաշրջանից եւ իր արտայայտութիւնն է գտնում նաեւ Արցախ-Սիւնիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականութեան մէջ յայտնի է «Tschelaberd» անւանումով։
Մեր արձագանքը
Հարկ է նշել, որ արցախեան գորգագործական աւանդոյթների իւրացումը Ադրբեջանի պետական քաղաքականութեան մասն է կազմում: Վերջին շրջանում մշակութային իւրացման այս քաղաքականութիւնը միջազգային հարթակներում զգալի ակտիւութեամբ է ընթանում։
Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործութեան հարուստ աւանդոյթներ, այսօր բռնի տեղահանութեան արդիւնքում զրկւած է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կեանքում ներդրում ունենալու հնարաւորութիւնից, որը արցախահայերի մշակոյթի իրաւունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ եւ ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների միջազգային դաշնագրի 15-րդ յօդւածների։ Ստացւում է, որ մի կողմից բռնի տեղահանութեամբ Ադրբեջանի կողմից կասեցւել է արցախահայերի գորգագործութեան պրակտիկան, իսկ միւս կողմից նրանք զրկւել են իրենց ոչ նիւթական ժառանգութիւնը հարստացնելու եւ պահպանելու հնարաւորութիւնից։
Ադրբեջանը, խեղաթիւրելով պատմական փաստերը, չէզոքացնում է ժառանգութեան իրական աւանդոյթը՝ զրկելով այն իր իսկութիւնից։ Այն խախտում է ԻՒՆԵԿՕ-ի կողմից ընդունւած ժառանգութեան իսկութեան սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թւականին ընդունւած փաստաթղթի, ճշմարիտ ու հաւաստի պէտք է լինի այն գիտելիքը, որը դրւում է ժառանգութեան հիմքում եւ այն արժանահաւատ տեղեկոյթով պէտք է պահպանւի։
Յիշեցնենք նաեւ որ դեռեւս 2024 թւականի մայիսին Լատւիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիւ արւեստի եւ դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. յիշողութեան գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդէս էր բացւել, որի հիմնական ցուցադրութիւնն ընդրկում էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածարջանի հայկական գորգերը։ Հարկ է նշել, որ իբրեւ ադրբեջանական ներկայացւող գորգերում առկայ նշանները, կենդանիների եւ թռչունների պատկերները, դեկորատիւ ձեւաւորման մէջ կոմպոզիցիոն նախշերը եւ դրանց շուրջ հաւատալիքները կիրառւել են հայկական գորգագործութնան մշակոյթում եւ ունեն դարաւոր պատմութիւն։ Բացի այդ, 2024 թւականի նոյեմբեր ամսին նմանատիպ մէկ ցուցահանդես էլ բացվել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Հայկական ժառանգութեան իւրացմամբ Ադրբեջանը խախտում է 2005 թ. Փարիզում ընդունւած «Մշակութային ինքնարտայայտման ձեւերի բազմազանութեան պաշտպանութեան եւ խրախուսման մասին» եւ «Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» 1965 թ. ՄԱԿ-ի կոնւենցիաները։
Ադրբեջանի պետական նպատակամիտւած այս քաղաքականութեան իրագործումը խաթարում է արցախահայերի ինքնութիւնը եւ այն ապագայ սերունդներին փոխանցելու հնարաւորութիւնը»։