ԻրանՔաղաքական

Ատոմային էներգիայի կազմակերպութեան ներկայացուցիչ. «Կառավարիչների խորհրդի որոշումը՝ ապագայ սցենարների նպատակով է»

«Նպատակը նաեւ Իրանի պատասխան միջոցառումների մասին գաղափար կազմելն է»

«ԱԼԻՔ» – Իրանի «Խաբար» հեռուստաալիքի «Յատուկ զրոյց» հաղորդման յունիսի 8-ի թողարկմանը, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսեայ նիստի նախօրէին, Ատոմային էներգիայի կազմակերպութեան փոխտնօրէն Բեհրուզ Քամալւանդին գործակալութեան գլխաւոր տնօրէնի յայտարարութիւնների վերաբերեալ նշել է, որ 2015 թւականին Համատեղ համապարփակ համաձայնագրի (Բարջամ) ստորագրման պահին Իրանի դէմ բացւած բոլոր մեղադրանքներն ու խնդիրները լուծւեցին։ «Դրանից յետոյ մենք ականատեսը եղանք Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան 15 զեկոյցների հրապարակմանը, որոնք հաստատում էին Իրանի կողմից իր պարտաւորութիւնների կատարումը: Վստահութեան այս մթնոլորտը շարունակւեց մինչեւ շրջանառութեան դրւեցին ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին շշուկները: Շատ չանցած, 2018 թւականին, ԱՄՆ-ը պաշտօնապէս դուրս եկաւ համաձայնագրից։ Այս գործողութեանն ի պատասխան՝ Իրանը շուրջ մէկ տարի որդեգրեց «համբերատարութեան մարտավարութիւն», ապա աստիճանաբար նւազեցրեց իր պարտաւորութիւնների կատարումը»,- նշել է Քամալւանդին:

Տեսուչներին եւ յատուկ յանձնակատարներին ընդունելու հարցում Իրանը յղում է կատարում իր եւ Գործակալութեան միջեւ կնքւած համաձայնագրի համապատասխան յօդւածին: «Յօդւածում նշւած է, որ մենք, ովքեր պայմանագիր ենք կնքել Գործակալութեան հետ, կարող ենք ընդունել կամ չընդունել տեսուչին։ Նոյն յօդւածում նշւած է, որ անդամ պետութիւնը կարող է չեղեալ համարել տեսուչի այցը ցանկացած պահի, նոյնիսկ նշանակումից յետոյ»։

Անդրադառնալով Գործակալութեան կողմից հրապարակւած մեղադրանքներին, Քամալւանդին, նշել է, որ Իրանը հակւած է պատասխանելու միայն իրաւական ճանապարհով, չնայած բարձրացւած մեղադրանքներն ու խնդիրները զուտ իրաւական չեն եւ զեկոյցում, յատկապէս, աչքի են ընկնում քաղաքական մօտեցումներ, յաւելել է. «ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկոյցը պարունակում է մոլորեցնող յայտարարութիւններ, օրինակ՝ ասւում է, որ Իրանն իրաւունք ունի մերժել տեսուչին 9-րդ յօդւածի հիման վրայ, սակայն Իրանն այդ իրաւունքն օգտագործել է այնպէս, որ վնասել է դիտորդական աշխատանքներին։ Մինչդեռ մենք (Իրանը) տեսուչի արտօնագիրը չենք չեղարկել մէկ գիշերւայ ընթացքում կամ պահի տակ: Շուրջ 120 տեսուչներ են գրանցւած մեզ մօտ։ Ներկայումս ՄԱԳԱՏԷ-ի 70փորձագէտ է աշխատում Իրանի գրասենեակում։ Գործակալութիւնում ոչ մի երկիր նման գրասենեակ չունի, բայց Իրանի համար նրանք ստեղծել են գրասենեակ գլխաւոր տնօրէնի հսկողութեան ներքոյ, իհարկէ գրանցւած 120 միւս տեսուչներից բացի։ Գործակալութեան կողմից վերջին տարւայ ստուգումների 22 տոկոսը կապւած է եղել Իրանի հետ, մինչդեռ մեր միջուկային օբիեկտները ծածկում են ամբողջ աշխարհի միայն 3 տոկոսը։ Սակայն զեկոյցում նշւում է, որ Իրանի համագործակցութիւնը գնահատւում է «ոչ բաւարար»։ Սա բառախաղ է։ Կամ պէտք է ասւի, որ համագործակցութիւնը «բաւարար» է, կամ ուղիղ բառերով ասւի «բաւարար չէ»։ Ոլորտի տերմինաբանութեան մէջ չկայ «ոչ բաւարար» հասկացութիւնը»։

Քամալւանդին նշել է նաեւ, որ Գործակալութեան զեկոյցը միտումնաւոր անտեսում է Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի 4-րդ յօդւածը։ « Զեկոյցում նախ խօսւում է Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի 1-ին յօդւածի, ապա՝ 2-րդ եւ 3-րդ յօդւածների մասին, բայց չի նշւում 4-րդ յօդւածով ամրագրւած միւս երկրների իրաւունքների մասին (Յօդւածի համաձայն՝ շահառուները պարտաւորւում են խաղաղ միջուկային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ շահառուների համար- խմբ.)։ Կամ, օրինակ, սկզբում ասւում էր, որ հարցերը քննելու իմ (ՄԱԳԱՏԷ-Ի) մեթոդն այն է, որ ես օգտագործում եմ երեք տեսակի տեղեկատւական աղբիւրներ՝ ա. Իրանից ստացւող տեղեկատւութիւն, բ. Իրանի գործունէութեան ստուգման միջոցով ստացւող տեղեկատւութիւն, գ. Բաց կոդով տեղեկատւութիւն։ Ի՞նչ նկատի ունեն երրորդ կողմ ասելով։ Դա այն կողմն է, որի մասին նշւած չէ: Այսինքն կարող են լինել լրտեսական աղբիւրները, որոնց տարածած տեղեկատւութիւնը պարտադիր չէ, որ ճիշտ լինի։ Այսպիսով, կարող ենք ասել, որ որոշ առումով նրանք լրտեսական ցանցերի միջոցով ուղղորդում են Գործակալութեանը կեղծ կամ այսպէս կոչւած յօրինւած տեղեկատւութեամբ»։

Ատոմային էներգիայի կազմակերպութեան ներկայացուցիչը, նշելով, որ Իրանը անհանգստանալու պատճառ չունի, յաւելել է. «Իրանը բացել է դռները, պրն. Ռաֆայէլ Գրոսսին էլ այցելել է «Ֆորդու» եւ այցից յետոյ ասել՝ որ ինքը եղել է այնտեղ, եւ որ այն անհաշիւ ոլորապտոյտ ճանապարհով է անցնում, եւ որ անհնարին է ոչնչացնել այն ռազմական ճանապարհով: Իսկ նա սա ասել է Սիոնիստական ռեժիմի ռազմական սպառնալիքները դատապարտելու փոխարէն»։

Նա յաւելել է, որ Իրանն այս կապակցութեամբ նամակ է յղել՝ դատապարտելով սիոնիստական ​​ռեժիմի եւ Միացեալ Նահանգների սպառնալիքները։ «Գլխաւոր տնօրէնը պարտաւոր է ուշադրութիւն դարձնել այս հարցին, բայց նա նախընտրեց քաղաքական մօտեցում որդեգրել, իհարկէ, միաժամանակ նա չի հերքում, որ դիրքորոշումը ճնշումների արդիւնք է: Ցաւալի է, երբ միջազգային հաստատութիւնը նման կարեւոր հարցի հետ այսպէս է վարւում»,- ընդգծել է նա:

Քամալւանդին առանց յստակ բառերով նշելու, որ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցութիւններում եւրոպական տրոյկան յայտնւել է խաղից դուրս վիճակում, անդրադարձել է եւրոպական տրոյկայի որդեգրած մօտեցումներին եւ նշել. «Այժմ Իրանի տեսակէտն այն է, որ քանի դեռ նրանք սպառնում են բանեցնել «ձգանման մեխանիզմը» առաջիկայում, սպասւող բանաձեւը կարող է ստանալ ճնշման գործիք դառնալու լծակ եւրոպական երկրների ձեռքում՝ այն օգտագործելու Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւններում Նրանք այսպիսով ակնարկում են, որ ունեն այնպիսի գործիք, որը չունի ԱՄՆ-ը: Այսինքն՝ Կառավարիչների խորհրդում հաստաւող բանաձեւը կապւած «ձգանման մեխանիզմի» ակտիւացման հետ նրանց աւելի շատ պէտք է՝ ԱՄՆ-ի դէմ օգտագործելու համար»:

Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակն ընդգծել է. «Միայն բանաձեւ ընդունելով հնարաւոր չէ օրինական բնոյթ հաղորդել ձգանման մեխանիզմի ակտիւացմանը: Անվտանգութեան խորհրդում քննարկումները հիմնւած չեն իրաւական հարցերի վրայ, այլ զուտ քաղաքական են: Ցաւօք, իրավիճակն այնպիսին չէ, որ բանաձեւի վրայ վէտօ դրւի մեր բարեկամ երկրներ Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից: Պատճառն այն է, որ քւէարկութեան դրւող հարցը պատժամիջոցների վերացման շարունակութիւնն է, եւ պէտք է միաձայնութեամբ անցնի այն: Այնպէ՛ս, որ, եթէ նոյնիսկ մէկ երկիր իր վէտօն դնելու լինի, դարձեալ այն չի չեղարկելու պատժամիջոցների բանաձեւը»:

Իրանի արձագանքի մասին խօսելով Քամալւանդին նշել է. «Իրանը նախորդ բանաձեւերի ընդունման ժամանակ եւս զգուշացրել էր իր պատասխան քայլերի մասին: Սակայն նրանք ուշադրութիւն չեն դարձրել, եւ արդիւնքում մենք 7 անգամ աւելացրել ենք 60 տոկոս հարստացման մեր արտադրանքը: Գործարկել ենք եւս 20 հոսքագիծ եւ տեղադրել ենք առաջադէմ 13-րդ սերնդի սանտրիֆիւգներ: Նրանց տեղեկցրել ենք նաեւ մեր առաջարկած խնդիրների ցուցակի մասին: Միայն Գործակալութիւնը չէ, որ պէտք է ակնկալի լիարժէք համագործակցութիւն, որը մինչ օրս ցուցաբերել է Իրանի Իսլ. Հանրապետութիւնը»:

Related Articles

Back to top button