Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայ ժողովրդի պատմութեան անպատւաբեր փաստը

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Սիրելի հայրենակիցներ,

Առերեսւում ենք հայ ժողովրդի պատմութեան ամենաանպատւաբեր, պատմական նախադէպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրաւորւած թիրախաւորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար յարուցւած քրէական վարոյթի շրջանակներում դատական գործընթաց է յարուցւել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների դէմ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել եւ մնում է հայ ժողովրդի հոգեւոր, ազգային եւ մշակութային ինքնութեան անսասան յենասիւնը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձութիւնների միջով, պահպանել է մեր Սուրբ հաւատքը, ազգային ինքնութիւնը, լեզուն եւ դարաւոր արժէքները։

Եկեղեցու հեղինակութեան եւ նրա հոգեւոր առաքելութեան դէմ ուղղւած ՀՀ իշխանութիւնների գործողութիւնները հակասահմանադրական են եւ հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլւում է պետութիւն-եկեղեցի յարաբերութիւնների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարւում հազարաւոր հաւատացեալների խղճի ազատութեան իրաւունքն ու հոգեւոր արժանապատւութիւնը, խորանում հանրային պառակտւածութիւնը, թուլանում մեր ինքնութեան հիմքերն ու նոր ցնցումների ենթարկւում պետական ու հասարակական կեանքը:

Որպէս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակներ՝ դատապարտում ենք իշխանութիւնների որդեգրած հակաօրինական գործողութիւնները, անսակարկ վստահութեամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցութիւնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Կոչ ենք անում դատաիրաւապահ համակարգին՝ մնալ սահմանադրականութեան եւ ՀՀ օրէնքների շրջանակներում եւ չտրւել քաղաքական խարդաւանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման եւ առհասարակ կանոնական իրաւունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապւած հարցերը գտնւում են բացառապէս Եկեղեցու իրաւասութեան տիրոյթում, եւ ցանկացած միջամտութիւն անթոյլատրելի է։

Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցութեամբ ու համերաշխութեան սկզբունքներով առաջնորդւելով, պահպանել ազգային միասնութիւնը, համախմբւել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգեւոր առաքելութեան եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ:

ՀՅԴ Բիւրօ

07.08.2026

Related Articles

Back to top button