Հայ ԴատՔաղաքական

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի յայտարարութիւնը՝ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ զէնքի էմբարգոյի վերացման առթիւ

Հայ Դատի Կանադայի յանձնախումբը դատապարտում է Կանադայի կառավարութեան վերջին որոշումը՝ Թուրքիային զէնքի մատակարարման երկարամեայ էմբարգօն չեղարկելու վարաբերեալ։ Այս որոշումը տագնապալի մտահոգութիւններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հաւատարմութիւնը մարդու իրաւունքներին, միջազգային անվտանգութեանն ու արդարութեանը։

Չնայած Կանադայի Արտաքին գործերի նախարարութեան կողմից 2019 թ. հոկտեմբերին Թուրքիային զէնք վաճառելու մորատորիում սահմանելուն, կառավարութիւնը 2020 թ. գարնանը թոյլ էր տւել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։ 2020 թ. սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ պատերազմ յայտարարելուց յետոյ, ի յայտ եկան էական ապացոյցներ Թուրքիայի կողմից սարքաւորումները դէպի Ադրբեջան անօրինական տարանցելու վերաբերեալ, ինչը խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտաւորութիւնները եւ յանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրութեան WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչութեան դէմ։ Ներքին հետաքննութեան եւ խորհրդարանական ստուգումների արդիւնքում կառավարութիւնը 2021 թւականի ապրիլին չեղարկեց Թուրքիա արտահանման բոլոր թոյլտւութիւնները։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարութեամբ՝ Թուրքիան հետեւողականօրէն անտեսում է մարդու իրաւունքները, ժողովրդավարական արժէքները եւ օրէնքի գերակայութիւնը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զէնքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլեւ անտեսում է շարունակւող ագրեսիան եւ մարդու իրաւունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացւում են տարբեր ժողովուրդների, այդ թւում՝ հայութեան նկատմամբ։

Հայ Դատի յանձնախումբը Կանադայի կառավարութեանը խստօրէն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը եւ սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարութեան ռազմատենչութեան դէմ։ Զէնքի էմբարգօն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, եւ անգամ եւս իրեն վտանգում է՝ մեղսակցութիւն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացւող եւ հովանաւորւող յանցագործութիւնների մէջ, որոնք սպառնում են հայերին, ինչպէս նաեւ տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրութեանը եւ խաթարում է Կանադայի նւիրւածութիւնը մարդու իրաւունքներին, խաղաղութեանն ու արդարութեանը:

Կանադայի կառավարութիւնը պէտք է վերջ տայ կեղծաւորութեանը եւ կարճաժամկէտ քաղաքական նկատառումների փոխարէն առաջնահերթութիւն տայ մարդու իրաւունքներին, միջազգային անվտանգութեանն ու արդարութեանը: Հայ Դատի յանձնախումբը կառավարութեանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանների մտահոգութիւններին։

Թէեւ ի գիտութիւն ենք ընդունել զէնքի արտահանման թոյլտւութիւնները չեղարկելու կամ կասեցնելու կառավարութեան որոշումը այն պարագայում, երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերեալ հաւաստի ապացոյցներ պարզւեն, մենք Կանադայի կառավարութեանը կոչ ենք անում ընդհանրապէս չեղարկել այս որոշումը եւ վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարութեան ագրեսիայի դէմ՝ դրանով իսկ վերահաստատելով հաւատարմութիւնը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
30.01.2024թ.

Related Articles

Back to top button