Տաթեւիկ Հայրապետեան. «Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում տալով՝ ադրբեջանական պետութեան ղեկավարն ասում է՝ հայե՛ր, իմացէք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպէս էլ ատելnւ ենք»

«ԱԼԻՔ» – «Օրեր առաջ մեր մեդիա տիրոյթում տարածւեց լուր, որ հայ սպայ Գուրգէն Մարգարեանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նիւթը տարածւում էր ադրբեջանական սոցցանցային տիրոյթում»: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը՝ յաւելելով.
«Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձայ. սպասում էի հաստատման ու փաստական տւեալների։ Երկու օր առաջ ադրբեջանական մամուլն արդէն հրապարակեց լուսանկարներ։ Նորութիւն չէ, որ Սաֆարովը հէնց պետութեան կողմից արժանացել է թոշակի իր «սխրանքի» համար, ունի բնակարան, լիովին ապահովւած է, համարւում է «հերոս»։
Այստեղ մէկ այլ լուր է ինքնին նորութիւն․ ի՞նչ է սրանով մեզ ասում ադրբեջանական պետութիւնը, կոնկրետ՝ ղեկավարութիւնը. ասում է՝ հայեր, իմացէք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպէս էլ ատելու ենք, էդ երեք պարկ «գարին» ու երկու «կանեստըր» բենզինը ուղարկում ենք, որ ձեր կառավարութեան բերանում լեզու դնենք «խաղաղութեան» թատերաշրջանի հերթական սեզոնը խաղալու համար, բայց միաժամանակ ձեզ շատ ուղիղ ասում ենք՝ մեզ մօտ քնած հային կացնահարողը «հերոս» է, մեզ մօտ ատելութիւն քարոզւել է ու շարունակում է քարոզւել պետական մակարդակով, մեզ մօտ Ալիեւի ուղիղ հրահանգով ձեր պետութիւնը համարւում է «մեր պատմական հողը», որի հետեւից մենք մի օր գալու ենք, դրա համար էլ շարունակում ենք զինւել։ Սա ասւում է մեզ ուղիղ, յստակ, առանց այլեւայլութիւնների։ Հիմա արդէն հայ հանրութեան գիտակցութիւնից է կախւած՝ իրենք կորոշեն խաբնւել երեք պարկ բրնձին, թէ ուղղակի կընկալեն իրենց ասւած անթաքոյց թշնամական խօսքը ու իրենց հաշիւը կը քաշեն՝ այսինքն՝ կը կառուցեն այնպիսի պետութիւն, որտեղ որեւէ մէկի մտքով չանցնի, որ ՀՀ քաղաքացուն հասցւած վնասը մնալու է անպատիժ, աւելին՝ պարգեւատրւելու է…
Իմ համոզմամբ՝ չի կարելի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրաւէրների առաջ։ Անպատրաստ լինելը ուղղակի յանցագործութիւն է մեր պետութեան ու մեր քաղաքացիների հանդէպ»:



