Սամուէլ Կարապետեան. «Ստեղծելու ենք սկզբունքօրէն նոր քաղաքական ուժ, գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցութիւնը համախոհների հետ»

«ԱԼԻՔ» – Կալանաւորւած գործարար Սամուէլ Կարապետեանը յայտարարութիւն է տարածել, որտեղ ասւում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր առաջին իսկ հանրահաւաքը հաստատեց իշխանութեան գլխաւոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրւում։ Ուզում եմ կրկին շնորհակալութիւն յայտնել յուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիութիւն ցուցաբերած տասնեակ հազարաւոր իմ հայրենակիցներին։
Անկեղծօրէն շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցութիւնն են յայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկւեց իմ ուղերձը, բայց ցաւօք, իրականութիւնից կտրւած տարբեր մեկնաբանութիւններ էլ արւեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտայայտւել՝ ստեղծելու ենք սկզբունքօրէն նոր քաղաքական ուժ։
Մեծ յարգանքով եմ վերաբերւում մինչ օրս Նիկոլ Փաշինեանի հակազգային իշխանութեան քաղաքականութեան դէմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին եւ գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լաւ ապագայ կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցութիւնը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։
Մերժելու ենք սեւ-սպիտակի եւ արհեստական միւս բաժանումները, որպիսիք այս իշխանութիւնները փաթաթել են հասարակութեան վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։
Նոյնիսկ այսօրւայ վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժէքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կը համարէին ստեղծւած իրավիճակից։
Մեր քաղաքական թիմի ձեւաւորումը մեկնարկել է։
Անելո՛ւ ենք՝ մեր ձեւով»։