Արաղչին՝ Գուտերէշին. «ՄԱԿ-ը պէտք է պատասխանատւութեան ենթարկի ԱՄՆ-ին եւ Իսրայէլին Իրանի դէմ ագրեսիայի համար»

«ԱԼԻՔ» – Արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահ Մայքըլ Իման Կանոյին՝ կապւած ԱՄՆ նախագահի խոստովանութեան հետ, ըստ որի Վաշինգտոնը ղեկավարել է Իսրայէլի հրահրած պատերազմն Իրանի դէմ։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը նոյեմբերի 6-ին յայտարարել է․ «Իսրայէլը առաջինը հարւածեց Իրանին։ Այդ հարւածը շատ հզօր էր։ Ես ամբողջովին պատասխանատու եմ դրա համար»։ Ըստ ԱԳ նախարարի՝ այս խոստովանութիւնը միջազգային իրաւունքի տեսանկիւնից վկայում է ԱՄՆ-ի ուղղակի վերահսկողութեան եւ մասնակցութեան մասին Իսրայէլի կողմից իրականացւած յարձակումներին։
Նամակում նշւում է, որ այս գործողութիւնները, որոնք ներառել են յարձակումներ խաղաղ բնակչութեան եւ քաղաքացիական ենթակառուցւածքների՝ այդ թւում միջուկային կենտրոնների վրայ, յանգեցրել են աւելի քան 1100 մարդու զոհւելու եւ բազմաթիւ վիրաւորների։ Արաղչին ընդգծել է, որ յարձակումները խախտել են ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի 4-րդ կէտը եւ մի շարք միջազգային համաձայնագրեր։
Նախարարը ՄԱԿ-ից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու ԱՄՆ-ին եւ Իսրայէլին պատասխանատւութեան ենթարկելու եւ նրանց գործող ղեկավարներին յանձնել արդարադատութեանը։ Նա նաեւ յայտարարել է, որ Իրանը իրեն իրաւունք է վերապահում միջազգային իրաւական բոլոր միջոցներով հետապնդել իր դէմ ագրեսիայի պատասխանատուներին եւ պահանջել նիւթական ու բարոյական վնասների յատուցում։
Արաղչին խնդրել է, որ իր նամակը տարածւի որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի պաշտօնական փաստաթուղթ։



