Անդրանիկ Քոչարեանի յաղթարշաւը շարունակւում է. նախարարից յետոյ՝ ուժային բլոկը հեռացաւ
Նիկոլ Փաշինեանի սափրւելուց յետոյ ներքաղաքական կեանքում ամենաքննարկւող թեման նախօրէից սկսւած գիշերային պաշտօնանկութիւններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրները փոխանցում են, որ ուժային կառոյցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծւած՝ երբ Նիկոլ Փաշինեանը համաձայնութիւն տւեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարեանի կողմից կազմակերպւած լսումներին, ինչը խայտառակութիւն դարձաւ ուժային բոլոր կառոյցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ նոյեմբերի 12-ին, երբ ՔՊ վարչութեան նիստին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարեանը, ով պէտք է պատասխան տար իր արած՝ գործարարի «դեղ ցրողներ» արտայայտութեան համար, որը վերաբերում էր Հրաչեայ Յակոբեանին եւ Սիսակ Գաբրիէլեանին, օգտւելով առիթից՝ Նիկոլ Փաշինեանին ուժային կառոյցներից փաստարկւած դժգոհութիւն է յայտնել՝ ասելով, որ ոչ մի ուժային կառոյց իր տեղում չէ: Եւ զարմանալի զուգադիպութեամբ նրա կողմից բերւած փաստարկներից շատերը նոյեմբերի 15-ի կառավարութեան նիստում Նիկոլ Փաշինեանը օգտագործել է:
«Ովքեր նախկինում իրենց արտօնեալ էին զգում, շարունակում են… ինչ ուզեցիք՝ տւեցի, արդիւնք չկայ… ես արդէն խորհրդակցութիւն չեմ անելու, ես որոշումներ եմ կայացնելու»:
Այս նիստից յետոյ ուժային կառոյցների ղեկավարները շտապել են գործողութիւններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանութիւնը ուժեղացւած հսկողութիւն է սահմանել մայրաքաղաքում, քննչական մարմինների ղեկավարներն իրենց ենթականերից բացատրութիւններ են պահանջել, թէ Փաշինեանին հետաքրքրող գործերում ինչու առաջընթաց չկայ, ինչ խոչընդոտներ կան, որպէսզի պատրաստւեն Փաշինեանին զեկուցել իրավիճակի մասին: Քանի որ որեւէ ակնարկ անգամ չեն ստացել, որ պէտք է հեռանան կարճ ժամանակում, կարծել են, թէ Փաշինեանը վերջնաժամկէտ է տւել իրենց՝ սխալները շտկելու եւ բացթողումները լրացնելու համար:
Եւ ահա, կիրակի օրը անակնկալ կերպով, Ենոքաւանից անցնելով Դիլիջանով, յետոյ մասնակցելով հարսանիքի, Փաշինեանը կտրուկ զայրացել է, եւ ուժայինների մի շարք ղեկավարներ կէսգիշերին մօտ զանգ են ստացել ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանից, ով փոխանցել է վարչապետի պահանջը. ներկայացնել հրաժարականի դիմում եւ հեռանալ՝ չմոռանալով շնորհակալութիւն յայտնել համատեղ աշխատանքի համար:
«Վոթսափ»-ով կամ այլ կերպ ՍՄՍ հաղորդագրութիւն չեն ստացել, ոչ էլ ուղիղ Փաշինեանից են հրահանգ ստացել՝ թողնելու պաշտօնները, ինչպէս վարչապետը երէկ յայտարարեց: Ողջ գործընթացը կազմակերպւել է Արայիկ Յարութիւնեանի միջոցով: Աւելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբիւրներից պարզեց, որ 2021 թւականի ընտրութիւններից յետոյ Նիկոլ Փաշինեանը փոխել է իր հեռախօսահամարը եւ կառավարութեան անդամների հետ սկսել է շփւել բացառապէս ուղիղ կապով՝ սենեակից. խիստ անհրաժեշտութեան դէպքում էլեկտրոնային նամակ է գրել, կամ հազւադէպ՝ ֆէյսբուքեան messenger-ով է կապւել:
Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարեան ու Յովիկ Աղազարեան տանդեմը յաղթեց. մնում է սպասել զարգացումներին:
«Ժողովուրդ»