Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թուրքագէտ. «Ֆիդանը բացայայտ ասում է՝ Փաշինեանի քաղաքականութիւնը ձեռնտու է Թուրքիային»

Թուրքիայի ԱԳ նախարարի յայտարարութիւնները կարող են օգտագործւել իշխանութեան կողմից՝ հասարակութեանը ներշնչելու համար, թէ իշխանութեան փոփոխութիւնը կը յանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման եւ պատերազմի վտանգի աճի։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի յայտարարութիւնն ապացոյցն է այն բանի, որ ՀՀ որեւէ իշխանութեան վարած քաղաքականութիւն երբեւէ այնքան ձեռնտու չի եղել Թուրքիային ու Ադրբեջանին, որքան հիմա է։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ մեկնաբանելով Ֆիդանի յայտարարութիւնը։

Թուրքիայի արտգործնախարար ասել է, որ յունիսին Հայաստանում սպասւում են ընտրութիւններ, կարեւոր փուլ է լինելու։ Նա նշել է՝ հարցումներում տեսնում են, որ Փաշինեանն է առաջատարը։ «Եւ մենք այս գործընթացում (տարածաշրջանային) նրա կատարած կառուցողական դերին իսկապէս աջակցում ենք։ Այս գիծն ու կամքը պէտք է շարունակւեն»,- ասել է Ֆիդանը։

Թուրքագէտն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքին, որ Թուրքիայում ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին, եւ 85-86 միլիոնանոց երկրի երկրորդ դէմքը (նա նաեւ Թուրքիայի հետախուզութեան պետ է եղել-ԽՄԲ.) տիրապետում եւ անգիր յիշում է Հայաստանում անցկացւած սոցհարցումների արդիւնքները։ Ֆիդանի այս յայտարարութիւնը ցոյց է տալիս ոչ միայն Հայաստանի ներքին գործերով հետաքրքրութիւն, այլեւ միջամտելու կանխատրամադրւածութիւն։

«Ֆիդանը բացայայտ ասում է, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինեանի, իր խօսքերով, կառուցողական մօտեցումը։ Իսկ ո՞րն է Փաշինեանի այդ «կառուցողական մօտեցումը»։ Դա Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մէջ ճանաչելն է, Արարատ սարը մեր սիմւոլիկայից դուրս բերելն է, եկեղեցու դէմ արշաւն է, Հայոց Ցեղասպանութեան հարցի անտեսումն է եւ այսպէս շարունակ։ Սրանք թուրքական ձեւակերպմամբ կոչւում են կառուցողական քայլեր, եւ իրենք սատարում են այդ կառուցողական քայլերին»,- ընդգծեց Մելքոնեանը։

Նա յաւելեց՝ իր եւ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից այդ քաղաքականութիւնը ոչ թէ կառուցողական է, այլ պարտւողական ու սխալ։ Այն, ինչին սատարում է Հաքան Ֆիդանը, չի կարող համահունչ լինել հայ ժողովրդի շահերին։

«Հաքան Ֆիդանին հայ ժողովրդի շահերի պաշտպան ներկայացնելու համար, մեղմ ասած, պէտք է վառ եւ հիւանդ երեւակայութիւն ունենալ»,- ասաց թուրքագէտը։

Նա շեշտեց՝ այս իշխանութիւնները եւ նրանց վարած քաղաքականութիւնը միանշանակ ձեռնտու են Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ խօսքը ոչ միայն հիմա, այլեւ անցնող 7 տարիների ընթացքում իրականացւող քաղաքականութեան մասին է։ Ուստի տրամաբանական է, որ թուրքական իշխանութիւնները պէտք է շահագրգիռ լինեն, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը Հայաստանում շարունակւի։

Այն, թէ Ֆիդանի յայտարարութիւնները հայ հասարակութեան կողմից ինչպէս կընկալւեն, արդեօք զգօնութեան կոչնակ կը դառնան, թէ ոչ, թուրքագէտն այնքան էլ լաւատես չէ։ Վստահ է, որ հէնց այսօրւանից գործի է դրւելու իշխանութեան քարոզչամեքենան, թմբկահարւելու է, թէ ընդդիմութիւնը խեղաթիւրում է Ֆիդանի խօսքերը, դրանք ներկայացւելու են իշխող ուժին ձեռնտու լոյսի ներքոյ, այդ թւում փաթեթաւորւելու են այն պնդումով, թէ «եթէ մենք չընտրւենք, պատերազմ կը լինի» եւ այլն։ Թուրքագէտը վստահ է՝ Փաշինեանն ու իշխանական քարոզչամեքենան փորձելու են քողարկել Թուրքիայի ԱԳ նախարարի խօսքերի յետեւում եղած իրական պատկերը՝ ռէյտինգին չվնասելու համար։

«Քանի որ անընդհատ ներկայացւում է, որ պէտք է վախենալ բոլորից, պատերազմից, Թուրքիայից, Ադրբեջանից, այդ վախի կոնտեքստում ասւելու է՝ եթէ Փաշինեանը չլինի, Հաքան Ֆիդանը չի ողջունի Հայաստանի քաղաքականութիւնը եւ կը փորձի ինչ-որ քայլեր անել։ Սա նշանակում է պատանդի քաղաքականութիւն․ Հայաստանը պատանդ է դարձել իր վախերի եւ թուրքական սպառնալիքների առջեւ։ Փորձելու են նաեւ Ֆիդանի յայտարարութիւնը ներկայացնել այն պոպուլիստական լոյսի ներքոյ, թէ Թուրքիան փորձում է կառուցողական յարաբերութիւններ հաստատել, եւ խանգարողն այլ ուժեր են, այդ թւում՝ Ռուսաստանը»,- ասաց Մելքոնեանը։

Նա յաւելեց՝ Հայաստանում պետական քարոզչութեամբ փոխւում է թշնամու ստերեոտիպը. հասարակութեան մի հատւածի ներկայացւում է, թէ մեր թշնամին ոչ թէ Թուրքիան եւ Ադրբեջանն են, այլ Ռուսաստանը, եւ հէնց այս լոյսի ներքոյ է պէտք ընկալել այն, թէ ինչպէս է ստացւում, որ ռուս լրագրողի, քաղաքական վերլուծաբանի յայտարարութիւնն այդպէս «ցաւագին է» ընդունւում, մինչդեռ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող յայտարարութիւնները յաճախ անտեսւում են։

Թեմային անդրադարձել է նաեւ քաղաքական վերլուծաբան Սուրէն Սուրէնեանցը։ Նա ֆէյսբուքեան էջում գրել է, որ Ֆիդանի վերջին յայտարարութիւնները բացայայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղւած Հայաստանի ներքաղաքական դաշտին։

«Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թւականի ընտրութիւններին, այլեւ, յղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինեանը «առաջատար է» եւ աջակցութեան է արժանանում իր «կառուցողական» քաղաքականութեան համար։ Սա արդէն ոչ թէ արտաքին չէզոք դիտարկում է, այլ յստակ քաղաքական դիրքաւորում՝ նախընտրելի սուբիեկտի բացայայտ մատնանշմամբ»,- ընդգծել է Սուրէնեանցը։

Քաղաքական վերլուծաբանը յաւելել է՝ երբ ռուս լրագրողների յայտարարութիւնները որակւում են որպէս միջամտութիւն Հայաստանի ինքնիշխանութեանը, ձեւաւորւում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացայայտ խօսում է Հայաստանի ընտրութիւններից, գնահատում գործող իշխանութեան վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականութեան անհրաժեշտութիւնը, այդ միջամտութիւնը ոչ միայն չի դատապարտւում, այլեւ կարող է վերածւել ներքաղաքական քարոզչական գործիքի։

Ֆիդանի յայտարարութիւնները կարող են օգտագործւել իշխանութեան կողմից՝ հասարակութեանը ներշնչելու համար, թէ իշխանութեան փոփոխութիւնը կը յանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման եւ պատերազմի վտանգի աճի։ Սա արդէն ոչ թէ դիւանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։

Related Articles

Back to top button