Սա աղէտ է Հայաստանի համար, ինչի պատասխանատուն իշխանութիւններն են
Այս իշխանութեան ամենաբնորոշ գիծը մեծ-մեծ խօսելն ու խաբելն է։ Խօսելու ու խաբելու պրոֆեսորներ են։
Եկել-չեն եկել, այնպիսի վերամբարձ բաներից են խօսում, թւում է, թէ Հայաստանը հիմա պիտի դրախտի վերածած լինէին։ Բայց աղէտի են վերածել։ Ասածներն ու արածները ոչ մի կերպ չեն համընկնում։ Ինչ ասել, հակառակն են արել։
Նախկին ասածները չարած, նորերն են մէջտեղ բերում։
Վեց տարի երկիրը, ժողովրդագրական առումով, հասցրել են աղէտալի վիճակի, եկել ժողովրդավարական վիճակի բարելաւման նոր ռազմավարութիւն են քննարկում. ծնելիութեան խթանման, մահացութեան կրճատման, երկարակեցութեան, բնակչութեան թւի աւելացման մասին են խօսում։
Մոռացել են, որ վեց տարի առաջ էլ էին այդ մասին խօսում։ Արտագաղթի կրճատում ու մեծ հայրենադարձութիւն էին խոստանում։ Եւ ի՞նչ եղաւ։
Ընդամէնը 3 տարի էր պէտք՝ երկիրը մեծ արտագաղթի ճանապարհին կանգնեցնելու համար։
Վերջին միայն երեք տարում Հայաստանից շուրջ 138 հազար մարդ է գնացել ու չի վերադարձել, արտագաղթել է։
Թէ ինչո՞ւ, պատճառները յայտնի են։ Երկիրը ներքաշեցին աղէտալի պատերազմի մէջ ու կանգնեցրին անվտանգային ծանր խնդիրների առաջ։
Ոչ մի անվտանգային երաշխիք չի մնացել, բոլորը ոչնչացրել են։ Հեռանկար չեն թողել։
Մարդկանց գնալու պատճառները շատ յաճախ նոյնիսկ սոցիալական չեն։
Գնացել ու գնում են, որովհետեւ այստեղ ապագայ չեն տեսնում։ Կորցրել են յոյսն ապագայի ու վաղւայ օրւայ նկատմամբ։
Սա էլ բերել է ժողովրդագրական վիճակի ուղղակի վատացման։ Եւ դա եղել է իշխանութիւնների իրականացրած քաղաքականութեան անմիջական հետեւանքը։ Իրենք են խթանել արտագաղթը՝ պատճառ դառնալով, որպէսզի տասնեակ-հազարաւոր քաղաքացիներ հեռանան Հայաստանից։
Երեք տարում 138 հազարով աւելի շատ են եղել գնացողները, քան վերադարձողները։ Արտագաղթել են։ Այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական հակամարտութիւնից յետոյ Հայաստանի բազմաթիւ քաղաքացիներ հարկադրւած վերադարձան։ Բայց նոյնիսկ այդ պայմաններում գնացողներն անհամեմատ աւելի շատ են եղել, քան վերադարձողները։
Ընդամէնը 2.9 մլն. բնակչութիւն ունեցող երկրի համար 138 հազարը սարսափելի մեծ թիւ է։ Ստեղծել են մի իրավիճակ, որ մարդիկ նախընտրեն լքել երկիրը, աւելի անվտանգ ու ապահով տեղ գտնեն ապրելու համար, որովհետեւ Հայաստանում ապրելը շատերի համար վերածել են մղձաւանջի։
Պատերազմից անմիջապէս յետոյ Հայաստանից հեռացել է 73.5 հազար մարդ։ 2022 թւականին հեռացածների քանակը կազմել է գրեթէ 28 հազար։ Անցած տարի էլ գնացել ու չի վերադարձել աւելի քան 36.5 հազար քաղաքացի։
Սա աղէտ է երկրի համար, ինչի պատասխանատուն իշխանութիւններն են։
Միայն պատերազմի հետեւանքով 4-5 հազար երիտասարդի զոհեցին, որոնք դեռ նոր պիտի կեանք մտնէին եւ իրենց աւանդն ունենային երկրի ժողովրդագրական վիճակի բարելաւման գործում։
Մեղանչելու փոխարէն՝ Նիկոլ Փաշինեանը պատճառներ է փնտրում ժողովրդագրական այս վիճակն արդարացնելու համար։
Ասում է՝ ժողովրդագրական ռազմավարութիւնը եւ Հայաստանի ժողովրդագրութեան ընթացիկ իրադրութիւնները քննարկելիս հաշւի չեն առնւում մի շարք ակնհայտ գործօններ, մասնաւորապէս՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետութիւնից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չյայտնւի խրամատում: Ոչ ոք չունի վիճակագրութիւն, թէ այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետութեան քանի քաղաքացի է զրկւել պատշաճ կրթութիւն ստանալու հնարաւորութիւնից: Մինչդեռ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունէին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ յաջողութիւնների հասնել:
Չի ասում, թէ ինչ հսկայական պոտենցիալ ունէին, ամենատարբեր ոլորտներում ինչպիսի մեծ յաջողութիւնների կարող էին հասնել նրանք, ովքեր զոհւեցին իրենց արկածախնդրութեան պատճառով։ Չի ասում, թէ ինչ են արել, որպէսզի խրամատում յայտնւածների կեանքը դժոխքի չվերածեն։ Եւ, որ այս ամէնը դարձաւ վերջին տարիներին մարդկանց Հայաստանից հեռանալու պատճառը, որովհետեւ ոչ մի երաշխիք չկար, որ խրամատում յայտնւելուց յետոյ մարդիկ կարող էին կենդանի հետ վերադառնալ։
Զարմանալի չէ, որ արտագաղթը Հայաստանից ակտիւացաւ հէնց պատերազմից յետոյ, երբ զրոյացւեցին անվտանգութեան բոլոր երաշխիքները, եւ ամէն ինչ արեցին, որպէսզի մարդիկ ստիպւած լինեն հեռանալ։
Վերջին տարիների ժողովրդագրական վիճակի վատացումը միայն սրանով չի սահմանափակւել։
Գրեթէ 10 հազար մահ ունեցանք համավարակից, որը կարող էր եւ չլինել, եթէ իշխանութիւնները մի քիչ լրջութիւն ունենային։ Յիշո՞ւմ էք, ինչեր էին ասում՝ էլ քովիդն ում շունն է, էլ պինցետով կը հանենք՝ արաղով կախտահանենք, ու այդպէս շարունակ։ Դրա համար էլ վերջում այն շուրջ 10 հազար մարդկային կեանքեր արժեցաւ՝ ազդելով երկրի ժողովրդագրական վիճակի վրայ։
Իբր երկրում ծնելիութիւն են խթանում։ Ինչքան խթանում են, այնքան ծնելիութիւնը կրճատւում է։
Պաշտօնական տւեալներով, այս տարւայ առաջին եռամսեակում Հայաստանում 743-ով աւելի քիչ երեխայ է ծնւել, քան անցած տարի։ Ծնելիութիւնը 8.4 տոկոսով կրճատւել է։
Փոխարէնը՝ միւս բացասական միտումն ունենք. մահացութիւնն է աւելացել։
Այս տարի գրեթէ 5 տոկոսով աւելի շատ մարդ է մահացել, քան նախորդ տարի։ Անցած տարի մահացել էր՝ 6771, այս տարի՝ 7104 քաղաքացի։
Մահերն աւելացել են 333-ով, ծնունդները կրճատւել են 743-ով։ Արդիւնքում՝ կտրուկ վատացել է բնակչութեան բնական աճը. նախորդ տարւայ 2031-ից իջել է 955-ի։
Այսպէս են բարելաւում երկրի ժողովրդագրական վիճակը։ Մինչդեռ մէկ տարի առաջ Նիկոլ Փաշինեանը բնակչութեան բնական աճի աննախադէպ յաջողութիւններից, ձեռքբերումներից ու արձանագրումներից էր խօսում, որոնք իբր կառավարութեան իրականացրած քաղաքականութեան արդիւնքն են։ Այս տարի արդէն նման արձանագրումներ չի անում։ Ժողովրդագրական վիճակի բարելաւման նոր ռազմավարութիւնից է խօսում, երբ նախկին բոլոր ռազմավարութիւններն ու նաեւ խոստումները տապալել են։
168.am