Ճանապարհների ապաշրջափակում՝ յանուն Իրանը շրջափակելո՞ւն
«Ֆարս». «Էրդողանն ու Ալիեւը պատրաստւում են շրջանցել Իրանին»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ միջամտութիւնից յետոյ, Թուրքիան նոր քայլի է դիմում Հարաւային Կովկասում՝ Կարս-Նախիջեւան երկաթուղու նախագծով: Վերլուծաբանների կարծիքով՝ Անկարայի այս քայլը ոչ միայն կապահովի նրա անմիջական ներկայութիւնն Ադրբեջանի Հանրապետութիւնում, այլեւ կը նւազեցնի Իրանի դերը տարածաշրջանային տարանցիկ համակարգում։
«Ֆարս» լրատւական գործակալութեան տնտեսական վերլուծաբան Մոհամմադ Քարիմին անդրադառնալով թրքախօս երկու հարեւանների կողմից Իրանը տնտեսկան նախագծերից դուրս մղելու միտմանը՝ գրել է, որ Թուրքիան պաշտօնապէս սկսել է Կարսից Նախիջեւանի ինքնավար մարզ նոր երկաթուղային գծի կառուցումը:
224 կիլոմետր երկարութեամբ նախագիծ, որը յայտնի է որպէս Հարաւային Կովկասի միջանցքի կարեւոր հատւածը նաեւ, ինչը դիտորդների կողմից դիտարկւել է որպէս Իրանի աշխարհաքաղաքական նշանակութիւնը տարածաշրջանային տարանցիկ ուղիներում նւազեցնելու յստակ փորձ։
Նախագծի մեկնարկը պայմանաւորւած էր Բաքւի եւ Երեւանի միջեւ վերջերս ԱՄՆ-ի միջնորդութեամբ կնքւած (նախաստորագրւած-ԽՄԲ.) խաղաղութեան համաձայնագրով: Միացեալ Նահանգները, ստանալով միջանցքը զարգացնելու արտօնութիւնը, այն ներկայացրել է որպէս խաղաղութեան եւ բարգաւաճման միջոց եւ «Թրամփի ճանապարհ» է անւանկոչել այն։
Երթուղին շրջանցում է Հայաստանի հարաւային հատւածը եւ Բաքուն կապում է Նախիջեւանի ինքնավար մարզին եւ, ի վերջոյ, Թուրքիային: Ըստ Reuters-ի՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլղադիր Ուրալօղլուն նախագծի հիմնարկէքի արարողութեան ժամանակ յայտարարել է, որ երկաթուղին կարող է տարեկան 5.5 միլիոն ուղեւոր եւ 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել, եւ կարող է տարածաշրջանի երթուղիներն ու սահմանները նոր տնտեսական համագործակցութեան հեռանկարով «ապաշրջափակել»։
«Երբ Նախիջեւանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հատւածներում շինարարական աշխատանքներն աւարտւեն, Չինաստանից Մեծ Բրիտանիա երկարող միջազգային առեւտրային երթուղին կաշխատի աւելի արդիւնաւէտ», – ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։
Վերալուծաբանը յաւելել է նաեւ, որ նախագիծը ֆինանսաւորելու համար Թուրքիան 2.4 միլիարդ եւրոյի փաթեթ է ստացել միջազգային բանկերի եւ մասնաւոր կենտրոններից, այդ թւում՝ Ճապոնիայի MUFG բանկից, Շւեդիայի եւ Աւստրիայի արտահանման վարկային գործակալութիւններից, ինչպէս նաեւ Իսլամական զարգացման բանկից, վերջինս, ի դէպ, լայն ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում երթուղուն։
Վերլուծաբանները նշում են, որ Կարս-Նախիջեւան երկաթուղին, ըստ էութեան, այլընտրանքային երթուղի է Եւրոպա ապրանք տեղափոխելու համար՝ առանց Իրանի տարածքն օգտագործելու: Սա կարող է մարտահրաւէր նետել Թեհրանին տարածաշրջանի տարանցիկ հաւասարումների հարցում, յատկապէս այն դէպքում, երբ Իրանը փորձում է ակտիւացնել «Պարսից ծոց-Սեւ ծով միջանցք»-ը։
«Պարսից ծոց-Սեւ ծով միջանցք»-ը տարածաշրջանային նախաձեռնութիւն է, որը 2016 թւականին առաջարկւել էր Իրանի, Հնդկաստանի եւ Հայաստանի կողմից: Նախագծի համաձայն՝ փոխադրումների սկիզբը Իրանի հարաւային շրջանների նաւահանգիստներն է, ինչը Հայաստանով եւ Վրաստանով անցնելուց յետոյ, հասնում է Սեւ ծովի Փոթի եւ Բաթումի նաւահանգիստներ, իսկ այնտեղից նաւով տեղափոխւում Բուլղարիա եւ Եւրամիութեան այլ երկրներ:
Տրանսպորտի եւ տարանցման հարցերով փորձագէտ Մեհդի Մոհամմադին յաւելել է, որ Թուրքիան փորձում է իր շրջանները կապել հիւսիսարեւմտեան Չինաստանի (Սինցզիան) եւ ոյղուրներով բնակեցւած շրջաններին՝ ընդլայնելով իր կուլիսային նկրտումներով ծրագիրը՝ պանթուրքիզմը, որը նա առաջ է մղում «Արեւելք-Արեւմուտք միջանցք»-ի (Թրանս Խազար) միջին երթուղու շրջանակներում։
Վերլուծաբանը նշել է նաեւ, որ միջին միջանցքն անցնելով Կասպից ծովով, ապա Հարաւային Կովկասի տարածաշրջանով («Զանգեզուրի միջանցք»-ը դրա բացակայող օղակն էր), Չինաստան-Եւրոպա առեւտուրը Կենտրոնական Ասիայից անցկացնելով կենտրոնացնելու է Թուրքիայի դերակատարութեան վրայ:
Իսկ Մոհամմադ Քարիմին յաւելել է. «Կասպից ծովը, որպէս Չինաստան-Եւրոպա միջին երթուղու հիմնական օղակ, պէտք է լինի Իրանի եւ Ռուսաստանի տնտեսական ազդեցութեան տակ, որպէսզի նրանց դերակատարութեամբ վերահսկելի դառնայ այս ջրային աւազանի երթուղին՝ արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը կանխելու համար»։
«Ֆարս»-ը յիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը Միացեալ Նահանգների համար կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապով, այլեւ զգայուն աշխարհագրական դիրքի հաշւին։ «Զանգեզուր»-ը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայից Եւրոպա էներգիա փոխադրելու այլընտրանքային ուղի՝ առանց Իրանի կամ Ռուսաստանի միջնորդութեան կարիքն զգալու։
ԱՄՆ-ի վերլուծաբանների տեսանկիւնից այս ուղին կարող է միաժամանակ ծառայել մի քանի նպատակների.
1. Իրանի ազդեցութեան նւազեցում տարածաշրջանային առեւտրում:
2. Ռուսաստանի դուրս մղում՝ Եւրոպայի էներգետիկ հաւասարումից:
3. Չինաստանի վրայ անուղղակի ճնշում «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան (BRI) շրջանակներում:
4. ՆԱՏՕ-ի հետ համագործակցող Թուրքիայի գլխաւորած թուրքալեզու դաշինքների միաւորում եւ ամրապնդում։
Մեր կողմից նշենք, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն իր միջոցներով ու ճանապարհներով օգնութեան ձեռք է մեկնել շրջափակւած երկրներին ծառայելով որպէս այլընտրանքային շնչափող, իսկ այսօր նոյն այդ պետութիւնները, միանում են Իրանը շրջափակելու նպատակով նախագծւած ծրագրերին ու նախագծերին: