Ադրբեջանը Հայաստանի հետ «բարիդրացիական յարաբերութիւնները» պայմանաւորում է Սահմանադրութեան փոփոխութեամբ
«ԱԼԻՔ» – Եթէ որեւէ երկրի սահմանադրութիւնը տարածքային պահանջներ է պարունակում այլ երկրի նկատմամբ, ապա դրան պէտք է վերջ տալ: Այս մասին ըստ News.am-ի՝ ադրբեջանցի լրագրողների հետ զրոյցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիեւի վարչակազմի արտաքին քաղաքականութեան բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի սահմանադրական հիմունքներով իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրութիւնը իւրաքանչիւր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթէ սահմանադրութեամբ կայ մէկ այլ պետութեան նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պէտք է վերացւի, եւ իրաւական դաշտը պէտք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերջ դրւի տարածքային պահանջներին, որպէսզի դրա հիման վրայ կարողանանք առաջ շարժւել այս հարցում։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունէութիւնը դադարեցնելու խնդրանքով։ Որովհետեւ Մինսկի խումբը պահպանելու կարիք չկայ։ Եթէ հակամարտութիւն չկայ, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյութեան իմաստը։ Այդ կապակցութեամբ Ադրբեջանն առաջարկել է հայկական կողմին, որպէս ժամանակաւոր մօտեցում, համաձայնեցնել այն հիմնական սկզբունքները, որոնք հիմք կը հանդիսանան երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման համար։ Ես սա չէի անւանի խաղաղութեան ժամանակաւոր համաձայնագիր։ Հարկ է հաշւի առնել, որ 2021 թւականին ադրբեջանական կողմը դարձաւ այն սկզբունքների նախաձեռնողը, որոնք հիմք կը հանդիսանան ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի համար»,- Հաջիեւի խօսքն են մէջբերում ադրբեջանական լրատւամիջոցները։