ՄիջազգայինՔաղաքական

Պրիգոժինի կեանքից հեռանալը պաշտօնապէս հաստատւել է

Ռուսաստանի Քննչական կոմիտէն աւարտել է Տւերի մարզում տեղի ունեցած աւիավթարից յետոյ մոլեկուլային գենետիկական հետազօտութիւնները։ ՌԴ Քննչական կոմիտէի մամուլի ծառայութիւնը «ՏԱՍՍ»-ին յայտնել է, որ բոլոր մահացածների ինքնութիւնը պարզւել է, նրանք համապատասխանում են յայտարարւած ցուցակին, որում ընդգրկւած է նաեւ «Վագներ»-ի ռազմական կազմակերպութեան հիմնադիր Եւգենի Պրիգոժինը։

«Տւերի մարզում աւիավթարի հետաքննութեան շրջանակում աւարտւել են մոլեկուլային գենետիկական փորձաքննութիւնները, որոնց արդիւնքների հիման վրայ պարզւել է բոլոր 10 զոհւածների ինքնութիւնը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշւած ցանկին»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Աւելի վաղ Ռոսաւիացիան յայտնել էր, որ, ըստ ուղեւորների ցուցակի, ինքնաթիռում են եղել Եւգենի Պրիգոժինը եւ «Վագներ»-ի հրամանատարներից Դմիտրի Ուտկինը։

Օգոստոսի 23-ին Տւերի մարզում կործանւել է «Վագներ»-ի ղեկավար Եւգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը։ Ռոսաւիացիայի տւեալներով՝ կործանւած ինքնաթիռում եղել են Պրիգոժինը, ռազմական կազմակերպութեան հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ընդհանուր առմամբ, տասը մարդ է զոհւել։

«Tert.am»

Related Articles

Back to top button