Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Ինչո՞ւ է Փաշինեանը յայտնւել պատի տակ գանգատւողի կարգավիճակում, որովհետեւ վաղուց յանձնել է իր յաղթաթղթերը»

«ԱԼԻՔ» – «Մինչ հայաստանեան իշխանութիւնը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդէն իսկ խաղաղութիւնը հաստատւած փաստ է, երկրից դուրս՝ օգտագործելով տարբեր ամբիոններ, բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը»: Այս մասին ՀՀ ԱԺ յայտարարութիւնների ժամին ասել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:

«Աւելին՝ Փաշինեանին վշտացնում է այն հանգամանքը, որ Ալիեւը խօսելով ՀՀ-Ադրբեջան բանակցութիւններից, Հայաստանը ներկայացնում է որպէս կապիտուլիացիայի ենթարկւած երկրի, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպէս կապիտուլեանտի: Ճիշտ է՝ Փաշինեանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահւածքն իրեն «ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերւած խաղաղութեան նշանաւորման եւ հռչակւած պայմանաւորւածութիւնների իրականացման գործելակերպից», սակայն ինչպէս ասում են՝ գնացքն արդէն գնացել է:

Թէեւ առաջին հայացքից թւում էր, որ իշխանութիւնն իր ասելիքը կը սահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզւեց, որ կարիք կայ դրա մասին խօսելու ԵԽԽՎ-ում, նաեւ ԱՊՀ պետութիւնների կառավարութիւնների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորեանն ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելոյթի, յիշեցրել է, որ երկկողմ փաստաթղթերից բխում է, որ ապաշրջափակման համատեքստում պէտք է օգտագործել Թրամպի ուղի ձեւակերումը:

Համոզւած եմ, որ իշխանութիւնը այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանութեանը չէր արձագանքի, եթէ բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի յայտ եկած չլինէին: Ինչո՞ւ, որովհետեւ գործող իշխանութեան շահերից չի բխում՝ հակասելու սեփական խօսոյթին եւ հրապարակաւ խոստովանելու, որ Ադրբեջանն առկայ պայմանաւորւածութիւններից դուրս է գործում, հանրութեան իջեցւած խաղաղութեան ուղերձների հիմքում ոչ թէ փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որեւէ ձեւով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանութիւնից:

Սրան զուգահեռ Ադրբեջանը յայտարարում է ռազմական բիւջէի շուրջ 4 տոկոսով աւելացման մասին, օկուպացւած Քարվաճառում Ալիեւը խօսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին, իսկ սրան ի պատասխան, հայաստանեան իշխանութիւնը կրճատում է ռազմական բիւջէն, շրջանառում պարտադիր ժամկէտային զինծառայութեան ժամկէտների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպէս 5-րդ անիւ ուղարկում խորդանոց: Ինչո՞ւ է Ալիեւը շարունակում կոշտ, հեգնական, վիրաւորական բառապաշարը, որովհետեւ նրա մօտ գերիշխողը փառասիրութիւնն է եւ դիմացինին մինչեւ վերջ ոչնչացնելու մոլուցքը:

Իսկ ինչո՞ւ է Փաշինեանը յայտնւել պատի տակ գանգատւողի կարգավիճակում, որովհետեւ վաղուց յանձնել է իր յաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկիւն, որտեղ առաւելագոյնն ինչ դեռ կարողանում է անել՝ երկրի ներսում բռնատիրութիւն կառուցելն ու հասարակութեանը կեղծիքի բլոկադայի մէջ պահելն է»,- ասել է Աբրահամեանն իր յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button