ՄիջազգայինՔաղաքական

Չնայած իր հերքումներին՝ Ալիեւը վրդովւած է Ադրբեջանի միջազգային քննադատութիւնից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յաճախ յայտարարում է, որ անտեսում է միջազգային բոլոր քննադատութիւնները՝ կապւած իր քաղաքացիների իրաւունքների խախտումների, իր զինւորների կողմից ռազմական յանցագործութիւնների եւ արցախահայերի էթնիկ զտումների հետ: Ալիեւը փորձում է կոծկել այդ խախտումներն ու յանցագործութիւնները «խաւիարային դիւանագիտութեան» միջոցով՝ միլիարդաւոր դոլարների կաշառք տրամադրելով եւրոպացի տարբեր պաշտօնեաների։

Ամէն անգամ, երբ Ադրբեջանը խնդիր է ունենում օտար երկրի, եւրոպական կառոյցների կամ միջազգային դատարանների հետ, նա ինքնագոհ դէմքով իրեն այնպէս է պահում, կարծես ոչինչ չի պատահել։ Նա յաճախակի ասում է. «Ինձ չի հետաքրքրում, թէ ով ինչ կասի, ես անելու եմ այն, ինչ ուզում եմ»:

Կը ցանկանայի մէջբերել մի թարմ օրինակ, երբ Ալիեւը խիստ անհանգստացած լինելով նման հարցերով, դրանք անտեսելու փոխարէն, անսովոր ջանքեր է գործադրել դրանց լուծման համար:

Այս օրինակը կապւած է Ֆրանսիայի հետ։ Վերջին ամիսներին Ալիեւը բաւականին բացայայտ հանդէս է եկել կոշտ քննադատութեամբ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հասցէին՝ Հայաստանին աջակցելու համար։ Ալիեւը հրաժարւել է հանդիպել նախագահ Մակրոնի եւ Նիկոլ Փաշինեանի հետ արցախեան հիմնախնդիրը քննարկելու համար։ Ալիեւը դժգոհել է նաեւ Ֆրանսիայից Հայաստանին մի շարք զրահափոխադրիչներ վաճառելու համար։ Միլիարդաւոր դոլարներ ծախսելով Իսրայէլի եւ Թուրքիայի նորագոյն անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով Ադրբեջանը զինելու համար, Ալիեւը դեռ յանդգնում է բողոքել, որ Հայաստանը սահմանափակ քանակութեամբ զէնք է ձեռք բերում ինքն իրեն պաշտպանելու համար:

Անցեալ տարւայ վերջին, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ առճակատումն աւելի խորացաւ, երբ Ադրբեջանը Բաքւից արտաքսեց Ֆրանսիայի դեսպանատան երկու պաշտօնեաների, իսկ Ֆրանսիան, իր հերթին, Փարիզից արտաքսեց Ադրբեջանի դեսպանատան երկու պաշտօնեաների:

Intelligence Online կայքը յայտնել է, որ ըստ իր գաղտնի աղբիւրների՝ Ադրբեջանի հետախուզական ծառայութիւնները խնդրել են «Մուսադ»-ին՝ Իսրայէլի հետախուզական եւ յատուկ գործողութիւնների հիմնարկը, միջամտել Ֆրանսիայի հետ իրենց առկայ հակամարտութիւնները լուծելու համար:

Ըստ «Մուսադ»-ի գաղտնի աղբիւրների՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայութիւնը (XKX), որը ղեկավարում է գեներալ Օրխան Սուլթանովը, խնդրել է Իսրայէլի իր գործընկերոջը միջամտել Ֆրանսիայի արտաքին անվտանգութեան գլխաւոր տնօրինութեանը (DGSE)` Բաքւի եւ Փարիզի միջեւ լարւածութիւնը նւազեցնելու համար: Ադրբեջանը նշել է, որ չի ցանկանայ խորացնել առկայ վէճը:

Սակայն, ադրբեջանական ջանքերը ձախողւել են, քանի որ «Մուսադ»-ը չի փոխանցել ադրբեջանցիների խնդրանքը Ֆրանսիային, ըստ Intelligence Online-ի աղբիւրների: Սա նուրբ հարց է Իսրայէլի համար, քանի որ նա մի կողմից ցանկանում է պահպանել իր լաւ յարաբերութիւններն Ադրբեջանի հետ, իսկ միւս կողմից Իսրայէլի հետախուզական ծառայութիւնը չի ցանկացել նման միջնորդութեան փորձ անել այն ժամանակ, երբ այն զբաղւած էր Գազայի ու Մերձաւոր Արեւելքի այլ թէժ կէտերի հակամարտութեամբ:

Intelligence Online-ը յայտնել է, որ «Մուսադ»-ը մեծ ազդեցութիւն ունի Բաքւի վրայ, քանի որ Իսրայէլը օգտագործում է ադրբեջանական տարածքը Իրանում իր գործողութիւնների համար: Երբ «Մուսադ»-ը 2018 թւականին Թեհրանից գողացաւ Իրանի միջուկային փաստաթղթերը, Իսրայէլի գործակալները օգտագործեցին Ադրբեջանի սահմանը Իրանից փախչելու համար: Ի պատասխան, «Մուսադ»-ը մեծապէս դիւրացրեց Ադրբեջանի կողմից Իսրայէլից զէնքի ձեռքբերումը, ինչը օգնեց իսրայէլական զէնքի երկրորդ խոշորագոյն գնորդին՝ Բաքւին, 2020 եւ 2023 թւականներին յաղթանակներ գրանցել Արցախում: 2023 թւականի սեպտեմբերին Արցախի վրայ յարձակւելուց անմիջապէս առաջ Ադրբեջանի անվտանգութեան ծառայութիւններն իրենց ծրագրերի մասին տեղեկացրեցին «Մուսադ»-ի եւ Իսրայէլի ռազմական հետախուզութեան տնօրինութեան 8200-րդ ստորաբաժանման (Աման) փորձագէտներին եւ դիմեցին նրանց խորհրդի համար։

Ըստ Intelligence Online-ի՝ «Մուսադ»-ը վերջին տարիներին իր համագործակցութիւնը Ֆրանսիայի արտաքին անվտանգութեան վարչութեան հետ բարձրացրել է օպերացիոն աւելի բարձր մակարդակի, մասնաւորապէս Իրանի հարցում: Ֆրանսիական գործակալութիւնը նոյնպէս մոբիլիզացւել է Գազայում տիրող իրավիճակի շուրջ:

Ֆրանսիական հետախուզական գործակալութեան նոր տնօրէն Նիկոլաս Լերները հանդիպել է «Մուսադ»-ի տնօրէն Դէյւիդ Բարնեային, երբ վերջինս յունւարի վերջին շաբաթւայ ընթացքում ժամանել էր Փարիզ: Իսրայէլա-պաղեստինեան հարցի շուրջ դռնփակ հանդիպմանը ներկայ են եղել Եգիպտոսի գլխաւոր հետախուզական վարչութեան (Մուխաբարաթ էլ-ամմա) ղեկավար Աբբաս Քամելը, Իսրայէլի ներքին անվտանգութեան գործակալութեան «Շին Բեթի» ղեկավար Ռոնէն Բարը, ԿՀՎ (CIA)-ի ղեկավար Վիլիամ Բարնսը եւ Կատարի պաշտօնեաները:

Intelligence Online-ը յայտնել է՝ ԿՀՎ-ն տեղեկացրել է Բաքւին, որ դժգոհ է ֆրանսիական հետախուզութեան հետ Ադրբեջանի հակամարտութիւնից, մինչդեռ Ֆրանսիան փորձում է խոչընդոտել Մոսկւային Կովկասում եւ Ադրբեջանի հարթակի կարիքն ունի:

Բացայայտելով Ալիեւի խաբէութիւնը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները անտեսելու վերաբերեալ, իմ խորհուրդն է միջազգային հանրութեանը՝ շարունակել ճնշում գործադրել Ալիեւի վրայ, որպէսզի նա դադարեցնի իր անընդունելի պահւածքը: Հակառակ դէպքում նա կը շարունակի իր բազմաթիւ խախտումներն ու յանցագործութիւնները՝ մեծ վնաս հասցնելով ինչպէս ադրբեջանցիներին, այնպէս էլ հայերին:

Յաջորդ շաբաթ ես կը բացայայտեմ Ալիեւի ջանքերից եւս մէկը՝ Ադրբեջանի վրայ միջազգային ճնշումներին հակազդելու համար, չնայած նրա հերքումներին, որ ամենեւին ուշադրութիւն չի դարձնում դրանց վրայ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button