Արման Աբովեան. «Դէ, ռուսն էլ կասի՝ Հայաստանի դաշնակիցը չեմ Սիւնիքի հարցով»
Օրերս Միւնխէնում մօտ երկու տասնեակ հայերի հետ հանդիպման ժամանակ, որոնք, ի դէպ, չէին հանդիսանում Գերմանիայի հայկական կառոյցների անդամներ, Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դաշնակիցը չէ։
«Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, եւ սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, եւ շատ ցաւում ենք, որ չենք կարող որեւէ ազդեցութիւն ունենալ այդ իրադրութեան վրայ։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- ասել է Փաշինեանը ու պնդել, որ քանի որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել է Խորհրդային Միութեան 13 հանրապետութիւն, այդ թւում՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան, ուստի Ուկրաինայի հարցում իրենց ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախութիւնները ճանաչելու, տարածքային ամբողջականութիւնները ճանաչելու հիմքը:
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովեանը, անդրադառնալով այդ յայտարարութեանը՝ շեշտեց՝ նման յայտարարութիւն անելով՝ Հայաստանի իշխանութիւնը բացեց Պանդորայի արկղը։
«Դու իրաւունք ես տալիս դաշնակցիդ, որ վաղը յայտարարի՝ Հայաստա՛ն, քո դաշնակիցն եմ, բացի Տաւուշի կամ Սիւնիքի հարցով։ Ես չեմ հաւատում, որ իրենք չեն հասկանում, թէ ինչ են ասում. սա արւում է միտումնաւոր, որ վաղն ասեն, թէ ռուսները խախտեցին իրենց դաշնակցային պարտաւորութիւնները»,- ասաց Աբովեանը՝ ընդգծելով՝ սա ասելու փոխարէն՝ պէտք է լաւ յարաբերութիւններ հաստատել այն կենտրոնների հետ, որոնց հետ նման պատմութիւն կայ, եւ դուրս գալ անիմաստ ռուսամէտ ու արեւմտամէտ դիսկուրսից, որը հայ քաղաքական միտքն ուղղակիօրէն հալածում է։
Ինչ վերաբերում է Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններին, ապա Արման Աբովեանը մի օրինակով ցոյց տւեց, որ եթէ ՀՀ իշխանութիւնը հայամէտ է, ապա բոլորի հետ պայմանաւորւել ստացւում է՝ անկախ նրանից, որ այդ կենտրոններն իրար հետ հակամարտութեան մէջ են։
«Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը դէմ էր Ռուսաստանը, որովհետեւ դա իր գազի այլընտրանքն էր, ԱՄՆ-ը դէմ էր, որովհետեւ Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ էր, Իրանն էլ թոյլ էր ու չէր գտնւում թելադրողի դերում։ Ստացւե՞ց Իրան-Հայաստան գազամուղը կառուցել, այո՛, ստացւեց։ Հետեւապէս, հիմա սրանց մօտ ոչ թէ չի՛ ստացւում, այլ չկայ ցանկութիւն»,- ասաց Աբովեանը։