Պահանջում ենք իւրաքանչիւր տեղահանւած հայի վերադարձի իրաւունքը
ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նւիրւած միջոցառում է անցկացւել
«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգների օրէնսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հաւաքւել են Կոնգրեսում հրաւիրւած միջոցառմանը՝ յիշատակելու 2023 թւականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական յարձակման եւ ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիութեան տարելիցը։ Այս մասին յայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակը՝ յիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի յարձակումը 10 ամիս շրջափակումից յետոյ աւարտւեց աւելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։
Հաղորդւում է, որ օրէնսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղւած են Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն եւ միջազգային պաշտպանութեան ներքոյ հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:
Միջոցառմանը բացման խօսքով հանդէս է եկել հայ բնակչութեան շրջափակման եւ դրան յաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած Գեւ Իսկաջեանը.
«Այսօր մենք հաւաքւում ենք ոչ թէ պարզապէս յիշելու, այլ արդարութիւն պահանջելու համար: Մէկ տարի է անցել Արցախի վրայ Ադրբեջանի յարձակման վերջնական հարւածից, սակայն միջազգային հանրութիւնը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակոյթի, ինքնութեան եւ պատմութեան կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արւել իր պապենական տնից: Մենք հրաժարւում ենք սա ընդունել որպէս վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանութեան ներքոյ գտնւող իւրաքանչիւր տեղահանւած հայի վերադարձի իրաւունքը։ Արցախն ապրում է, որովհետեւ նրա ոգին կենդանի է արդարութեան համար պայքարող իւրաքանչիւրիս մէջ»։
Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութեան արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹԵԱՆ Աջակցութեան ակտի 907-րդ յօդւածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական յանցագործութիւնների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ: Մարդու իրաւունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրեայ աջակցութեան ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանութեան ներքոյ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրաւունքի ապահովման պարտաւորութիւն: Անդամները նաեւ կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանգ՝ բաւարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տեղահանւած հայ փախստականների կարիքները:
Ներկայացուցիչների պալատի յատկացումների յանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրէյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնւած օգնութեան անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողութիւնների շարունակական անհրաժեշտութիւնը.
«100 տարի առաջ Հայոց Ցեղասպանութիւնից մինչեւ Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունութիւնը դարեր է տեւել: Մենք պէտք է ապահովենք, որ բռնի տեղահանւած հայերը փոխհատուցւեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրաւունքը»։
Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ յետոյ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից արգելւել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտայայտել հայերի բռնի տեղահանման կապակցութեամբ.
«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացեալ Նահանգները պէտք է մերժի այս էթնիկ զտումները եւ յստակ հանդէս գայ ժողովրդավարութեան, ինքնորոշման եւ խաղաղութեան օգտին»:
Ջուդի Չուն նաեւ քննադատել է Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը՝ նշելով, որ Ադրբեջանին՝ մարդու իրաւունքների ամօթալի պատմութիւն ունեցող երկրին, չպէտք է հարթակ տրւի COP29 համաժողովի միջոցով իր հեղինակութիւնը վերականգնելու համար:
Կոնգրեսական Գէյբ Ամոն կոչ է արել անշեղօրէն հաւատարիմ մնալ մարդու իրաւունքներին՝ իր աջակցութիւնը յայտնելով ԼՂ եկամուտների վերականգնման ակտի միջոցով Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու ջանքերին:
Կոնգրեսական Բրեդ Շերմանն, ով դատապարտել է Ադրբեջանի շարունակական մշակութային ցեղասպանութիւնը ԼՂ-ի հայերի դէմ, ընդգծել է իրական արդարութեան անհրաժեշտութիւնը.
«Իսկական արդարութիւնն այն է, երբ տեղահանւած հայերը կարող են վերադառնալ իրենց նախնիների տները, որտեղ ապրել են աւելի քան մէկ հազարամեակ։ Մենք չենք կարող թոյլ տալ, որ Ադրբեջանը ջնջի նրանց պատմութիւնն ու ժառանգութիւնը»։
Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, վերահաստատել է արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրաւունքը. նա ընդգծել է, որ արցախցիները պէտք է վերադառնան, սա է վերջնական գիծը»:
Միջոցառմանն իր յուզիչ խօսքն է ասել նաեւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանեանը: Նա նշել է, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից մէկ տարի անց, չնայած միջազգային հանրութեան ոչ համարժէք արձագանքին, հայերն իրաւունք չունեն հրաժարւել ժողովրդի վերադարձի, մշակոյթի պահպանման եւ հայ բանտարկեալների ազատ արձակման համար մղւող պայքարից։
Երեկոյի փակմանը աղօթք է ասել Դադիվանքի վանահայր Տ. Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանն, ով փրկւել է իր տան վրայ ադրբեջանական ռմբակոծութիւններից, թիրախաւորւել է հայկական կրօնական եւ մշակութային վայրերի պաշտպանութեան համար։ Նա նկարագրել է ադրբեջանական դաժանութիւնն արցախեան պատերազմի, շրջափակման եւ դրան յաջորդած էթնիկ զտումների ժամանակ՝ նշելով. «Եթէ ամբողջ աշխարհն այսօր ճանաչէր 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը, մէկ այլը տեղի չէր ունենայ։ Եւ եթէ մենք այսօր չճանաչենք Արցախի ցեղասպանութիւնը, ապա դեռ աւելին է լինելու»:
ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացւած են եղել նաեւ արցախցի ֆոտոլրագրող Դաւիթ Ղահրամանեանի նկարները՝ 2020 թւականի Բաքւի ռազմական յարձակման եւ 2023 թւականի շրջափակման եւ դրան յաջորդած ԼՂ-ի բռնի տեղահանման մարդկային զոհերի մասին։