Հայաստան - Արցախ

Շուշան Սիմոնեան. «Որդիներս չկային, գոնէ Արցախը կար, կարօտս Արցախից առնում էի, հիմա զրկւած եմ այդ հնարաւորութիւնից»

2020 թւականի 44-օրեայ պատերազմում եւ դրան յաջորդած՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Արցախում բազմաթիւ ընտանիքներ ունեցան մէկից աւելի զոհեր, շատ ընտանիքներում իրենց որդիների զոհւելու կսկիծին չեն դիմացել ծնողները, որդիներին յուղարկաւորելուց որոշ ժամանակ անց նրանք մահացել են։

2020 թւականին Հադրութի Թաղասեռ գիւղից բռնի տեղահանւած 55-ամեայ Շուշան Սիմոնեանը 1990-ականներից սկսած մեծ գին է վճարել Արցախը հայկական պահելու համար, սկզբում ամուսինն է պատերազմում ձեռք բերել հաշմանդամութիւն, յետոյ 2016 թւականի ապրիլեան պատերազմում աւագ որդին է զոհւել, իսկ 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ մահացել է միջնեկ որդին։ Տիկին Շուշանը միայն Արցախի կորստից յետոյ է զգացել այն մեծ վիշտը, որ որդիներն են տւել՝ նրանք զոհւել էին, որպէսզի Արցախը հայկական մնար։

Շուշան Սիմոնեանը 6 երեխաների մայր է, ունի 5 տղայ, 1 աղջիկ. այսօր նա երեք որդիների հետ վարձով է բնակւում Հայաստանում։

168.am-ի հետ զրոյցում Շուշան Սիմոնեանը վերյիշել է, թէ ինչպէս էր աւագ որդին՝ Նւէր Սիմոնեանը, 2016 թւականին մեծ մարտ մղել թշնամու դէմ՝ ամենավտագաւոր դիրքերից մէկում, ու ռազմավարական նշանակութեան դիրքը պահել թշնամու ներխուժումից։ Ցաւօք, այդ ամէնը 26-ամեայ Նւէրի համար սեփական կեանքն էր արժեցել։ Որդու զոհւելը տիկին Շուշանը գիտակցաբար էր ընդունել՝ հասկանալով, որ որդին սեփական հայրենիքի համար է զոհւել։

«Աւագ որդուս զոհւելու լուրից յետոյ, ամուսինս ինֆարկտ ստացաւ, նա 90-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամութիւն ունէր։ 2019 թւականին այդ ցաւին չդիմանալով՝ մահացաւ։ 2020 թւականին սկսւեց 44-օրեայ պատերազմը։ Հադրութի գրաւումից յետոյ մենք ստիպւած դուրս եկանք Արցախից, ես եկայ Երեւան, միջնեկ որդիս՝ Տէր-Դրաստամատը, գնաց պատերազմ, կռւեց հնարաւոր բոլոր տեղերում, ցաւօք, վթարից զոհւեց։ Պատերազմից յետոյ շտապում էր՝ գար Երեւան՝ հասկանալու համար, թէ ես ինչ պայմաններում եմ ապրում իմ փոքր որդու հետ, ճանապարհին ռուս խաղաղապահների «Ուրալը» հարւածել էր տաքսուն, որի մէջ որդիս էր եղել։ Տէր-Դրաստամատս աւագ որդուս՝ Նւէրի տարիքում զոհւեց՝  26 տարեկան էր»,- պատմել է Շուշանը։

Շուշան Սիմոնեանի երեք որդիներից կրտսերը 12 տարեկան է, երկու չափահաս որդիներից մէկն ունի հաշմանդամութեան կարգ, Արցախում 90-ականների պատերազմում ականի պայթիւնից ձեռքը վնասւել է, սակայն 44-օրեային կամաւորագրւել ու մեկնել է մարտի դաշտ։ Իսկ 2016 թւականին էլ կարողացել է մտնել դիրքերից մէկը ու դուրս բերել աւագ եղբօր՝ Նւէրի մարմինը։

«Փոքրս չէ, բայց երկու մեծ որդիներս ասում են, եթէ մի բան լինի Արցախն ազատագրելու համար, մենք կը գնանք, ես չգիտեմ՝ իրենց գնա՞լն է ճիշտ, թէ՞ չգնալը։ Երկուսին արդէն տւել եմ։ Շատ ենք վիճում, ասում եմ՝ չեմ ուզում ինձ մենակ թողնէք, ասում են՝ մենք էլ չենք ուզում Արցախին մենակ թողնենք։

2020 թւականից յետոյ Արայիկ Յարութիւնեանն ինձ տուն էր տւել, ապրում էինք, որդիներս չկային, գոնէ Արցախը կար, կարօտս Արցախից առնում էի, հիմա զրկւած եմ այդ հնարաւորութիւնից։ Թողեցի, տունս էլ երկրորդ անգամ թողեցի, Արցախն էլ թողեցի։

Հիմա Հայաստանի իշխանութիւնն ասում է՝ եկէք ձեր անձնագրերից հրաժարւէք, ՀՀ քաղաքացիութիւն ստացէք, որ ձեզ տուն տանք։ Այդ գնով ինձ տուն պէտք չէ, ես վստահ եմ՝ մի օր վերադառնալու ենք Արցախ, որովհետեւ մարդն առանց սիրտ ու հոգի չի կարող ապրել, իսկ Արցախը մեր սիրտն է, հոգին»,- նշում է արցախցի կինը։

Նա վստահեցնում է՝ Արցախ չի գնայ միայն մէկ դէպքում, եթէ ստիպեն ստանալ Ադրբեջանի անձնագիր։

«Մենք միշտ անկախ ենք եղել ու այդ կարգավիճակով պէտք է վերադառնանք Արցախ։ Մենք այդքան զոհ ենք տւել, այդքան մաքառել ենք, որ Ադրբեջանի անձնագիր ստանա՞նք, կամ Ալիեւի լծի տակ ապրե՞նք՝ երբե՛ք, ո՞վ է Ալիեւը, որ նրանից կախւած լինենք, յիշէք՝ նախկինում ո՞վ էր Ալիեւը։

Հիմա ես վարձով եմ ապրում, մի կերպ գոյատեւում ենք, ո՞վ գիտի մեր տեղը, ՀՀ իշխանութիւնը մեր տեղը գիտի՞։ Ես չգիտեմ՝ մեր վերջն ի՞նչ է լինելու»,- եզրափակում է Շուշան Սիմոնեանը։

Զրոյցը՝ ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button