Արշակ Սրբազան. «Մենք ներում չենք ստանալու, եթէ ձախողենք մեր պատմական առաքելութիւնը»
«ԱԼԻՔ» – Երկիրը կործանման հասցնող իշխանութիւնը կորցնում է կապը Աստծոյ հետ, Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը:
Ներկայացնում ենք Արշակ Սրբազանի քարոզն ամբողջութեամբ.
«Այսօր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում կարդացւեց Սուրբ Մարկոսի Աւետարանից մի դրւագ, երբ Յիսուս արձագանգում է իր ունեցած իշխանութեան վերաբերեալ հրէական տաճարի պաշտօնեաների հարցադրումներին։
Իշխանութեան մասին հարցադրումները արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Հազարամեակներ շարունակ տարբեր մտածողներ՝ իմաստասէրներ ու կրօնաւորներ, պետական ու ռազմական գործիչներ, դիւանագէտներ ու հոգեբաններ փորձել են հասկանալ եւ բացայայտել իշխանութեան ձեւաւորման սկզբունքները, նրա բնոյթը եւ նպատակները։ Նրանք ցանկացել են բացատրել, թէ ինչու եւ ինչպէս են հասարակութեան մէջ առանձին անձեր օժտւում աւելի մեծ իրաւասութիւններով ու հեղինակութեամբ, քան ուրիշներ։
Յիսուսի ունեցած իշխանութեամբ հետաքրքրւող պաշտօնեաների հետաքրքրասիրութիւնը, սակայն, ակնյայտօրէն ունէր անառողջ ու սադրիչ նպատակադրում։ Մարկոս Աւետարանիչը պատմում է, որ Յիսուս անառարկելի հեղինակութեամբ մուտք էր գործել հրէական տաճար եւ այնտեղից վռնդել վաճառականներին ու վաշխառուներին։ Յիսուսի այս ընդվզումը ուղիղ մարտահրաւէր էր դարձել Տաճարի պաշտօնեաների համար, որոնք պատասխանատուներն էին տաճարում ծառայութիւնների կազմակերպման համար։ Ընկրկելով Յիսուսի հեղինակութեան առջեւ եւ երկիւղ կրելով Նրա շուրջ հաւաքւած բազմութիւնից՝ այս պաշտօնեաները փորձում են սադրիչ հարցադրմամբ ընկճել Վարդապետին՝ հարցնելով. «Ի՞նչ իշխանութեամբ ես կատարում այս եւ ո՞վ շնորհեց քեզ այդ իշխանութիւնը»։ Յիսուս, իհարկէ, անպատասխան է թողնում պաշտօնեաների սադրիչ հարցադրումը։ Նա արդէն պատասխանել էր այդ հարցին Իր քարոզութեամբ, Իր հրաշագործութիւններով եւ Իր անբիծ կյանքով ու վարքով։ Իր քարոզութեան ընթացքում Յիսուս բազմաթիվ անգամներ օգտագործում է «իշխանութիւն» բառը։ Նրա ուսուցումներում բացարձակ ու անքննարկելի իշխանութիւնը պատկանում է միայն ու միայն Աստծուն, եւ Աստւած է, որ մարդկանց շնորհում է իշխանութիւն երկրի վրայ։ Այս մասին է խօսում Յիսուս, երբ պատասխանում է Հռոմէական կուսակալ Պիղատոսին, երբ վերջինս սպառնում էր Իրեն. «Դու, – դիմելով Պիղատոսին ասում է Յիսուս, – դու ինձ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրւած չլինէր» (Յովհ. 19:10-11)։ Այսպիսով, Յիսուս, այլեւ՝ Իր աշակերտները ոչ միայն ճանաչում են մարդկային իշխանութիւնը, այլեւ քարոզում են հնազանդութիւն վերջինիս նկատմամբ, ինչպէս ձեւակերպել է Պօղոս Առաքեալը. «Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հնազանդւի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի…» (Հռոմ. 13։1)։
Պօղոս Առաքեալին երկրորդում է նաեւ Պետրոս Առաքեալը.
«Ի սէր Տիրոջ, հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ չարագործներին պատժելու, իսկ օրէնքը պահողներին գովելու համար» (Ա Պետ. 2։13-17)։
Յիսուս բացարձակապէս հեռու է Երկնաւոր եւ երկրաւոր իշխանութիւնների նոյնականացումից։ Երկրաւոր թագաւորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող յաւակնել Երկնաւոր Թագաւորի փառքին ու հեղինակութեանը։ Երկրաւոր թագաւորի ու իշխանի հեղինակութեան աղբիւրը Երկնաւոր Թագաւորն է՝ նոյն Ինքն Աստւած։ Եւ դրա համար Յիսուս ասում է. «Տւէ՛ք Աստծունը՝ Աստծուն, եւ կայսրինը՝ կայսեր» (Մատթ. 22։21)։ Այո՛, Քրիստոնէութիւնը քարոզում է հնազանդութիւն իշխանութիւններին, հնազանդութիւն, որ բխում է կամաւոր ընտրութիւնից ու Աստծոյ պատւիրանների հանդէպ խոր պատասխանատւութիւնից։ Իշխանութիւնների հանդէպ հնազանդութիւնը, սակայն, երբեք ու երբեք չի կարող յանգեցնել աստւածմերժութեան ու հաւատուրացութեան։ Յիսուս նւիրագործում է մարդկային իշխանութիւնը որպէս երկրի վրայ արդարադատութեան իրականացման, մարդկանց միջեւ համերաշխութեան ձեւաւորման եւ բարիքի կերտման գործիք։ Նոյն Պօղոս Առաքեալը վճռականօրէն յայտարարում է, որ իշխանութիւնը տրւած է մարդկանց «գօտէպնդելու, եւ ոչ թէ կործանելու համար» (Բ Կորնթ. 10։8)։
Հետեւաբար՝ այն իշխանութիւնը, որը իր գործողութիւններով կամ անգործութեամբ յանգեցնում է կործանման ու աւերածութիւնների, խեղաթիւրում է արդարադատութիւնը եւ հրահրում հակառակութիւններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցութիւնը, այդ իշխանութիւնը կորցնում է կապը իշխանութիւն շնորհող Աղբիւրի՝ Աստծոյ հետ, ուստիեւ՝ զրկւած է հեղինակութիւնից ու արժանավստահութիւնից։
Քոյրեր եւ եղբայրներ,
Խիստ խորհրդանշական ենք տեսնում, որ Տաճարի վերաօծման առաջին իսկ կիրակի օրը Սուրբ Գրքի ընթերցումները մեզ առաջնորդում են իշխանութեան գաղափարի շուրջ խորհրդածութիւնների. իշխանութիւն, որով օժտւած է նաեւ այս Սուրբ Տաճարը, եւ այս Սուրբ Տաճարով խորհրդանշւող Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին. իշխանութիւն, որ տրւած է հէնց նոյն Աստծուց՝ բացարձակ եւ անքննելի իշխանութեան Աղբիւրից՝ հոգ տանելու համար Տիրոջ բանաւոր հօտի հոգիների փրկութեան ու անվտանգութեան։ Այդ իշխանութիւնը նւիրագործւած է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի տեսիլքով, երբ Աստւած Ինքը իջաւ երկնքից եւ սրբագործեց այն վայրը, ուր հէնց կառուցւել է Սուրբ Էջմիածնի վերասրբագործեալ այս Մայր Տաճարը։ Սա այն վայրն է, ուր Նոյ Նահապետն առաջին զոհը մատուցեց համաշխարհային ջրհեղեղից յետոյ։ Սա այն վայրն է, ուր Հայկ Նահապետը զոհասեղանի վրայ գոհաբանական աղօթք մատուցեց մեր հայրերի Աստծուն։ Այս վայրո՛ւմ Աստւած խօսեց Նոյ ու Հայկ Նահապետների, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի եւ մեր սրբազան նախնիների հետ։ Սուրբ Էջմիածինը այսպէս է դարձել մեր հոգեւոր ու ազգային ինքնութեան կնիքը, դարաւոր վկան մեր գոյութեան ու յարատեւութեան։ Մեր մատենագիրները պատմում են, որ Էջմիածինը կառուցւեց Արարատ լեռան լանջից բերւած ժայռաբեկորներով, եւ դրա համար էլ Սուրբ Էջմիածինը Արարատացել է ու յաւերժացել, դարձել անյաղթահարելի ու անխոցելի։
Յաճախ են օտարների եւ որպէս իւրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացւել, թէ՝ ի՞նչ իշխանութեամբ է գործում Սուրբ Էջմիածինը եւ Հայոց Եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նոյն շեշտադրումներով փորձ է արւում կասկածի տակ առնել Եկեղեցու հեղինակութիւնն ու իշխանութիւնը։ Ոմանք փորձում են խեղաթիւրել Եկեղեցու առաքելութիւնը եւ Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների եւ թիւրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թէ ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիւանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղւած ընկալումներում Եկեղեցու առաքելութիւնը պիտի սահմանափակւի բացառապէս ծիսակատարութիւններով ու կրօնական խնդիրներով։
Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգութիւն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացայայտել սեփական տգիտութիւնը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էութեան, նրա կոչման եւ պատմական առաքելութեան վերաբերեալ։
Եկեղեցու առաքելութիւնը ներառում է հասարակական կեանքի անխտիր բոլոր ոլորտները եւ բոլոր խնդիրները։ Չկայ մի հարց, ուր Եկեղեցին զրկւած է իր դիրքորոշումներն ու տեսակէտները արտայայտելու իրաւունքից։ Եկեղեցին եւ եկեղեցականութիւնը կաշկանդւած են միայն ու միայն աստւածային օրէնքներով ու պատւիրաններով, որը ներառնում է նաեւ օրինապահութիւն եւ հասարակական կարգի պահպանութիւն։
Եկեղեցին եւս, Յիսուսի նման, չի պատասխանելու Իր հեղինակութիւնն ու իշխանութիւնը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թէ՝ Ի՛նչ իշխանութեամբ է գործում։ Այս հարցի պատասխանը տւել է մեր ժողովրդի պատմութիւնը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաեւ վերաօծւած այս Սուրբ Տաճարը եւ այս Սուրբ Տաճարի շուրջ համախմբւած համայն հայ ժողովուրդը։ Այս Եկեղեցին Սուրբ է, եւ այս Եկեղեցով սրբանալու յոյս ու շնորհ ենք ստանում նաեւ մենք՝ ամենքս՝ Քրիստոսի անունով հաւաքւած հաւատացեալներս՝ եկեղեցականներ եւ աշխարհականներ, մեծեր ու փոքրեր, կանայք եւ տղամարդիկ, ծերեր եւ երիտասարդներ։ Քրիստոսին հաւատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու կատարելագործւելու մղումը։
Մենք զաւակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զաւակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանութիւնը եւ հնազանդւել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետեւորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամաւորաբար հրաժարւել Եկեղեցու անդամութիւնից։ Եկեղեցու խօսքը ուղղւած է իր զաւակներին։ Նրանք, ովքեր կամաւորաբար հրաժարւում են Եկեղեցու անդամութիւնից, նրանց բաժինը ուրացողների եւ դաւաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելութեամբ, եւ այդ պատմական առաքելութիւնն իրականացնելու բացառիկ պատասխանատւութեամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից եւ ո՛չ էլ ապագայ սերունդներից, եթէ ձախողենք մեր պատմական առաքելութիւնը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր յոյս ու նոր լոյս է բերում մեր կեանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մէջ։
Թող Աստւած իմաստութեամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զաւակներին՝ արիութեամբ յաղթահարելու ժամանակի յարուցած մարտահրաւէրները եւ անվրդով խաղաղութեան մէջ պահի մեր երկիրը, անվտանգ ու բարօր կեանքի մէջ՝ մեր ժողովրդին, այստեղ եւ ամենուր. ամէն»: