Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թուրքագէտը՝ Փաշինեան-Էրդողան հեռախօսազրոյցի մասին. «Հայկական տապալւած դիւանգիտութեան անյոյս քայլերից մէկն է»

«ԱԼԻՔ» – «Այն, որ հայկական դիւանագիտութիւնը հայ-թուրքական յարաբերութիւնների ուղղութեամբ մտել է փակուղի, երկրորդ կարծիք լինել չի կարող»: Panorama.am-ի հետ զրոյցում նման համոզմունք է յայտնել ԵՊՀ արեւելագիտութըան ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը՝ խօսելով յունիսի 18-ին կայացած Փաշինեան-Էրդողան հեռախօսազրոյցի ու դրա բովանդակութեան մասին։

Նա ընդգծել է, որեւէ առաջընթաց հայ-թուրքական յարաբերութիւններում, այդ թւում եւ բանագնացների մակարդակով չկայ։

«Այս քայլը ես որակում եմ հայկական տապալւած դիւանգիտութեան անյոյս քայլերից մէկը, որի նպատակն է իբրեւ թէ ակտիւութիւն հաղորդել հայ-թուրքական յարաբերութիւններին։ Երբ նայում ենք արդիւնքներին, ոչ սահմանի բացում կայ անգամ երրորդ երկրների քաղաքացների համար, ոչ բեռնափոխադրումների վերաբերեալ ձեռքբերումներ կան։ Կարծում եմ, իշխանութիւնները եւ նրանց ծառայող դիւանագէտները գոնէ իրենք իրենց կը խոստովանեն, որ որեւէ առաջընթաց այս առումով չկայ»,-ասաց նա՝ կարծիք յայտնելով, որ Նիկոլ Փաշինեանի զանգն ու Կուրբան Բայրամի առթիւ շնորհաւորանքը փորձ են ակտիւացնելու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, որն ի սկզբանէ դատապարտւած է անյաջողութեան։

Ինչ վերաբերում է հեռախօսազրոյցի բովանդակութեանը, երբ նշւում է, առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների ամբողջական կարգաւորման մասին, Մելքոնեանը նշեց, որ դա կարող է միայն ժպիտ առաջացնել։

Այնքան նախապայմաններ են արդէն իսկ դրւած Հայաստանի առջեւ, դրանց մի մասի առումով Հայաստանում գործընթաց է տեղի ունենում հէնց նոյն Փաշինեանի կողմից,  խօսքը վերաբերում է Արարատ սարը որպէս սիմւոլ հանելուն, ցանկացած թուրքագէտ գիտի, որ 1990-ական թւականներից Թուրքիայի դրած պահանջներից ու նախապայմաններից մէկն է, Հայոց Ցեղասպանութեան խնդրի հետ կապւած մօտեցումները, որն անգամ «Լեմկինի» ինստիտուտի տարակուսանքն է առաջացնում, վարչապետի ապրիլքսանչորսեան ուղերձը եւ բազմաթիւ այլ պայմաններ… Այս իրավիճակում խօսել առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատելու մասին, երբ արդէն իսկ դու լծւած ես թուրքական նախապայմանները կեանքի կոչելուն, ուղղակի լուրջ չէ բառիս բուն իմաստով։ Հետեւաբար այդ բովանդակութիւնը համահունչ է չստացւած ու փակուղում գտնւող հայ-թուրքական յարաբերութիւններին»,- ասել է թուրքագէտը։

Հեռախօսազրոյցի վերաբերեալ ԵՊՀ պրոֆեսորի երրորդ դիտարկումն այն է, որ Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը Լուկաշենկոյի ու Բելառուսի հանդէպ դեմարշ է անում այն պատճառով, որ նա օգնել է Ադրբեջանին ու Թուրքիային, բայց Թուրքիայի նախագահի հետ կարծես շատ ջերմ հեռախօսազրոյց է ունենում, մասնակցում նրա երդմնակալութեան արարողութեանը։

«Լուկաշենկոյի նկատմամբ ցուցաբերած նոյն հաստատակամութիւնը, բառապաշարը, կոպտութիւնը, իրենց ձեւակերպմամբ դուխով լինելը, որեւէ կերպ չի կարողանում ցուցաբերել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, ստացւում է շատ տարակուսելի վիճակ։ Բելառուսի նախագահին ինչում մեղադրում է օբիեկտիւօրէն, Լուկաշենկոյի պահւածքը, Արցախ վերջին այցը որեւէ մէկիս մօտ նրա ու նրա քաղաքականութեան հանդէպ դրական մտածելու տեղ չի թողնում, զարմանալի կերպով նման վերաբերմունք չի դրսեւորում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների նկատմամբ։ Հետեւաբար, սա երկակի ստանդարտների հերթական դրսեւորում է, երբ մի պահ դուխով են, իսկ յաջորդ պահին, երբ խօսում է Թուրքիայի ղեկավարի հետ, այդ դուխովից ոչ մի հետք չի մնում»,- նշել է Մելքոնեանը։

Related Articles

Back to top button