Միքայէլ Բադալեան. «Պեղումների արդիւնքում բացւած դամբարանները նոր երեւոյթ են Կարմիր բլուրի համար»
Սեպտեմբերի 7-ից Երեւանի տարածքում գտնւող նշանաւոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից համաղեկավարում է հնագէտ-ուրարտագէտ, Պատմական գիտութիւնների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրէն Միքայէլ Բադալեանը, իսկ ռուսական կողմից՝ հնագէտ, Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրէնի օգնական Եուլիա Մարչենկոն:
Պեղումների մասին մանրամասներ է ներկայացրել Միքայէլ Բադալեանը.
«Ներկայումս ընթացող պեղումներն ընթանում են 2023 թւականի ապրիլին Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի եւ Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջեւ կնքւած պայմանագրի շրջանակներում: 2024 թւականի փետրւարի 14-ին պետական Էրմիտաժում բացւեց «Էրեբունի թանգարանի անկիւնը»: Այդ օրը պետական Էրմիտաժի տնօրէն Միխաիլ Պիոտրովսկու հետ քննարկումների ժամանակ վերջնական համաձայնութեան եկանք՝ վերակենդանացնել Կարմիր բլուրի հայ-ռուսական արշավախումբը :
Ներկայումս ընթացող պեղումների արդիւնքում հայ-ռուսական արշավախմբի կողմից ֆիքսւել է արդէն երկու դամբարան: Այս դամբարանները նոր երեւոյթ են Կարմիր բլուրի համար: Դրանք բաղկացած են կրոմլեխից՝ մոգական շրջանակից, դամբանախցից, որը ծածկւել է դամբանասալերով, այնույետեւ դամբարանը պատւել է զրահով: Պէտք է նշել, որ նման դամբարաններ Կարմիր բլուրում յայտնաբերւում են առաջին անգամ:
Արդիւնքները խիստ տպաւորիչ են: Բացւել է աջ կողմի վրայ, կծկւած վիճակում գտնւող տղամարդու թաղում: Վերջինս, ամենայն հաւանականութեամբ, եղել է սոցիալական բարձր դիրք ունեցող անձնաւորութիւն, ըստ երեւոյթին՝ խիստ բարձր հեղինակութիւն ունեցող զինւորական: Այդ է վկայում նրա հետ դրւած ուղեկցող նիւթը: Այսպէս, յայտնաբերւել են վեց սափորներ՝ այդ թւում՝ մէկ ծորակաւոր անօթ, բրոնզէ նիզակ, բրոնզէ խարսխաձեւ սակր, բրոնզէ մանգաղատիպ դանակ, բրոնզէ ապարանջան, երկաթէ դաշոյն, երկաթէ «բիզ», ուլունքատիկներ: Անչափ ուշագրաւ է, որ Կարմիր բլուրում մինչ օրս պեղւել է շուրջ 300 դամբարան, բայց երբէք չէր գտնւել սակր:
Հիմա միւս հետաքրքիր դրւագի մասին: Ֆիքսւեց նաեւ հանդերձեալի բրոնզէ «պորտիւպեն»՝ իր բրոնզէ շրջանաձեւ ամրակապով: Ֆիքսւեցին փայտի եւ կտորների մնացորդներ:
Ելնելով պեղւած նիւթից եւ հնագիտական կոնտեքստից՝ դամբարանը նախնականօրէն կարելի է թւագրել Ք. ա. 13-11-րդ դարերով»։