Արթուր Խաչատրեան. «Նիկոլն ու Արաբատն այդ թղթի վրայ են յղում կատարում՝ արդարացնելու իրենց դաւադրութիւնը»

«ԱԼԻՔ» – ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը գրել է.
«Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ… իսկ թոկը պէտք է կտրել։ Եւ նիկոլի ամբողջ գործունէութիւնը միտւած էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին յանձնելուն։ Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցութիւնների ձեւաչափը, իսկ յետոյ սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի (!!!!) ներկայացրած կարգաւորման սկզբունքները։ Նիկոլը 2019-ը թւականի յունիսին մերժեց կարգաւորման վերջին առաջարկը։ Բանակցութիւնները մտան փակուղի։ 1998-ից յետոյ բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 19 թւին դա արեց Նիկոլը։ Բանակցութիւնները վիժեցնելուց յետոյ պաշտօնական Երեւանը սաստկացրեց հռետորաբանութիւնը («Արցախը Հայաստան է եւ վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» եւ այլն)։
Յետոյ 2020 թւականի յուլիսեան բախումը Տաւուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թէ այդ «հերոսացումն» ինչ հետեւանք կարող էր ունենալ։ Ու պատերազմ ու պարտութիւն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատւութեան ուրացում։ Որեւէ փաստաթղթով նախատեսւած չէր, որ ՀՀ զինւած ուժերը պէտք է Արցախի Հանրապետութեան տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, դեմոնստրատիւ։ Որեւէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացւէր։ Մանր մունր անիմաստ ու անօգուտ վախվխորած յայտարարութիւններ։
Իսկ 2022-ի հոկտմեբերին դաւաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանութիւնն Արցախի նկատմամբ։ Նոյնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նոյն տարւայ սեպտեմբերին, 1988 թւականից ի վեր, առաջին անգամ, Արցախը մնաց մենակ։ Հիւծւած ու լքւած հերոսական Արցախը թուրքի դէմ մնաց մենակ։ «Թոկը» կտրւեց։ Արցախը հայաթափւեց ու բռնակցւեց Ադրբեջանին։ Բայց, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթէ չփորձէր իր դաւադրութիւնն այլոց վրայ չբարդել։ Թէ բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ Ադրբեջանցիները յարձակւեցին, երբ Եւլախում բանակցութիւններ էին ընթանում։ Արցախում յեղաշրջում եղաւ․․․ Լու՞րջ։ Նոյնիսկ յեղաշրջւածը դա յեղաշրջում չէր համարում։
Ու որ վերջնականապէս փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետութեան նախագահի ինչ որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ էք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետութեան նախագահը ստիպւած էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնէին խաղաղ քաղաքներ ու գիւղեր, որ զոհերի թիւը հազարների չհասնէր։ Կանխաւ առ ոչինչ, որեւէ իրաւական հիմք չունեցող թղթով տասնեակ հազարաւոր մարդիկ փրկւեցին ու հասան Հայաստան։ Հիմա Նիկոլն ու արաբատն այդ թղթի վրայ են յղում կատարում՝ արդարացնելու իրենց դաւադրութիւնը։ Եթե Արցախի մասին մտածէին, այլ ոչ թէ «թոկը» կտրելու գնով իշխանութիւնը պահելու, այդ թղթի իրաւազօրութիւնը կը վիճարկէին, հէնց վերջին արցախցին անցնէր Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետեւ իրենց նպատակն Արցախը պահելը չէր…»: