Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անյապաղ վերանայել դիրքորոշումը, հրապարակաւ հաստատել, որ արցախցիների իրաւունքների հարցը շարունակում է մնալ առաջնահերթութիւն

Արցախից բռնի տեղահանւած անձանց իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ-ների ցանցի յայտարարութիւնը
«ԱԼԻՔ» – Արցախից բռնի տեղահանւած անձանց իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ-ների ցանցի յայտարարութիւնը Արցախի հարցի չլուծւած կարգավիճակի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան դիրքորոշման վերաբերեալ.
«Արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգութեամբ եւ անհանգստութեամբ է արձագանգում Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատութիւն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրւած պաշտօնական յայտարարութեանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից»:
Նման դիրքորոշումը անընդունելի է եւ հակասում է ինչպէս հայ ժողովրդի կենսական շահերին, այնպէս էլ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին եւ մարդու իրաւունքների համընդհանուր չափանիշներին։
Իրաւական հիմնաւորում եւ դիրքորոշում․
- Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Աւելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնյայտ դրսեւորում, որը միջազգային հանրութեան կողմից չի կարող եւ չպէտք է ճանաչւի որպէս օրինական կամ իրաւաչափ իրողութիւն:
- Միջազգային-իրաւական պարտաւորութիւնների անտեսում. Միջազգային իրաւունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիւանագիտութեան ոչ բաւարար արդիւնքները որպէս իրաւական իրողութիւն ներկայացնելն անթոյլատրելի է։ Սա նշանակում է հրաժարւել արցախահայութեան հիմնարար իրաւունքներից եւ լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացւած բռնութիւնները:
- Միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրաւունքի համաձայն՝ բռնի տեղահանւած բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան եւ վերադարձի հարցը պէտք է մնայ միջազգային օրակարգում մինչեւ դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտութեան մէկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:
- Պաշտպանութեան պարտաւորութեան անտեսում. Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորութիւն ունի պաշտպանելու հայութեան, այդ թւում՝ արցախահայութեան շահերը միջազգային ատեաններում։ Փաստացի արդիւնքները վկայում են, որ արցախահայութիւնը մնացել է առանց պատշաճ պաշտպանութեան եւ ստիպւած է եղել լքել իր պատմական հայրենիքը:
- Միջազգային իրաւունքի տեսանկիւնից հակաիրաւական յղումներ. Ոչ օրինական եւ ոչ իրաւական է յղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ եւ սպառնալիքով պարտադրւած փաստաթուղթը չի կարող դիտարկւել որպէս օրինական եւ միջազգայնօրէն ճանաչւած իրաւական հիմք: «Նորմատիւ իրաւական ակտերի մասին» Արցախի Հանրապետութեան օրէնքի համաձայն՝ իրաւական ակտերն ուժի մէջ են մտնում բացառապէս դրանց պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրւանից, եթէ այլ ժամկէտ սահմանւած չէ: Յատկանշական է, որ այդ հրամանագիրը որպէս իրաւական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիւ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) եւ չի հրապարակւել պաշտօնապէս:
Մեր իրաւական պահանջները․
- Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան դրոյթները եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները, անյապաղ վերանայել իր դիրքորոշումը եւ հրապարակաւ հաստատել, որ Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութեան, անվտանգութեան եւ վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողութիւններից:
- Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանման, էթնիկ զտման եւ վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագրի բանակցութիւններում որպէս անբաժանելի բաղադրիչ:
- Կոչ ենք անում միջազգային հանրութեանը, ՄԱԿ-ին, Եւրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող միջազգային կառոյցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդիւնքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետութիւնից յարգել միջազգային իրաւունքը եւ ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիւ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման եւ պաշտպանութեան մեխանիզմների ներքոյ:
Արցախահայութեան կեանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցութիւնների զիջւող կէտեր։ Մենք պահանջում ենք արդարութիւն, պատասխանատւութիւն եւ մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւն՝ համաձայն միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների:
Արցախից բռնի տեղահանւած անձանց իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ-ների ցանց
«Իրաւաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
«Հարմոնիա» ՀԿ
«Հադրութի դէօկուպացիա» ՀԿ
«Վերադարձ դէպի Քաշաթաղ» ՀԿ
«Շուշիի դէօկուպացիա» ՀԿ
«Կումայրի» արցախահայերի ՀԿ
«Վերադարձ դէպի Քարվաճառ» ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան ՀԿ
«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
«Հայը կայ» սոցիալական, անվտանգային եւ զարգացման ՀԿ
«Լուսաստղ» ՀԿ
08.04.2025 թ.»։