Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը հանդիպել է ԱՀ կուսակցութիւնների ղեկավարների հետ

«ԱԼԻՔ» – Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի ներկայացուցիչները յայտարարւած լայն հանրային համախմբման շրջանակներում, Երեւանի Ազատութեան հրապարակում տեղակայւած վրանում հանդիպումներ են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացւած՝ «Արցախի ժողովրդավարական», «Արդարութիւն» եւ «Հ. Յ. Դաշնակցութիւն» կուսակցութիւնների ղեկավարների հետ՝ լսելու նրանց դիտարկումները հետագայ անելիքների շուրջ։
Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարեանը նշել է, որ շարժման խնդիրը Արցախի ու արցախցիների խնդիրը չէ, այլ համայն հայութեան հարցն է եւ այդ նպատակով լայն քննարկումներ են սկսել Արցախի եւ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որից յետոյ հետագայ անելիքների մասին կը յայտարարւի։
Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը ողջունելի է համարել համախմբումը եւ շեշտել, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին եւ աշխարհասփիւռ ՀՅԴ կառոյցը լծւած է Արցախի դատի պաշտպանութեանը։
Ողջունելի է, որ շարժումը կարողացել է լայն համախմբում ստեղծել, քաղաքական եւ հասարակական ուժերին միաւորելով, դա ինքնին մեծ ուժ է ներկայացնում,- նշել է նա։
Հանդիպումների ընթացքում քննարկւել են արցախցիների իրաւունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր եւ դրանց լուծմանն ուղղւած համատեղ անելիքների շրջանակը:
Մասնակիցները կարեւորել են միասնականութիւնն ու համախմբումը՝ հետագայ գործողութիւնների պլանաւորման ու կազմակերպման հարցում։ Լուրը հաղորդել է aparaj.am-ը: