Վաշինգտոն-Թեհրան տնտեսական պատերազմի նոր փուլ. փոխադարձ սպառնալիքներ

ԱՄՆ-ը խստացնում է Իրանի տնտեսական շրջափակումը, իսկ Թեհրանը զգուշացնում է՝ տնտեսական պատերազմը շարունակելու պարագայում Հորմոզի նեղուցից նաւթի արտահանման դադարեցման մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների նոր փուլ է սկսում՝ սպառնալով նաեւ Թեհրանի հետ համագործակցող երկրներին։ ԱՄՆ գանձապետարանի նախարար Սքոթ Բեսենթը յայտարարել է, որ Իրանի համար «ֆինանսական զարկերակ» հանդիսացող ցանկացած երկիր պէտք է սպասի մեկուսացման հետեւանքներին։ Նա նաեւ յայտարարել է Իրանի դէմ «պատմութեան մէջ ամենամեծ ֆինանսական յարձակումն» սկսելու մասին։
Միաժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը յայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դէմ գործողութիւնների տարբեր միջոցներ ունի՝ ներառեալ տնտեսական գործիքներ։ Նա պնդել է, որ Իրանի միջուկային զէնքի «ծրագրի» կանխումը Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ ներկայութեան հիմնական նպատակն է, եւ սպառնացել է, որ Թեհրանի համար անհետեւանք չի մնայ նաւթի ու գազի առեւտուրը խափանելու փորձերը։
Վենսը նաեւ պնդել է, որ անգամ Հորմոզի նեղուցը փակելու դէպքում ԱՄՆ-ը կարող է այդ երթուղով օրական 7-ից 15 միլիոն բարել նաւթ դուրս բերել։
Ի պատասխան՝ Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի (ՇՕԱՄ) քարտուղար Մոհսէն Ռեզային յայտարարել է, որ տնտեսական պատերազմի շարունակման դէպքում «Հորմոզի նեղուցով կամ Պարսից ծոցի որեւէ այլ կէտից նաւթի ոչ մի կաթիլ չի արտահանւի»։ Նա ընդգծել է, որ Իրանի դէմ ԱՄՆ տնտեսական պատերազմին որեւէ երկրի մասնակցութիւնը կամ աջակցութիւնը Թեհրանը կը դիտարկի որպէս պատերազմական գործողութիւն։
Իրանի Յեղափոխութեան պահակազօրի խօսնակ Մոհամմադ Ռեզա Մոհեբին եւս անդրադառնալով ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի մասին յայտարարութիւններին, այն որակել է ԱՄՆ-ի ռազմական ձախողման անուղղակի խոստովանութիւն։ Նրա խօսքով՝ Իրանը 47 տարի շարունակ գտնւում է տնտեսական պատժամիջոցների տակ եւ ունի թշնամական տնտեսական քայլերի հակազդման համապատասխան ծրագրեր։
Մոհեբին նաեւ վստահեցրել է, որ Իրանը կարող է շարունակել տնտեսական կապերը տարբեր երկրների հետ եւ «որեւէ տնտեսական մտահոգութիւն չունի»։



