«Վերջին ընթրիք»-ի պատկերը՝ դարձեալ ռեստորանային գովազդում
Իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ հոլովակը հեռացւել է

Կիրակի, օգոստոսի 23-ի երեկոյեան՝ խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ Լէոնարդօ դա Վինչիի «Վերջին ընթրիք» ստեղծագործութիւնը կրկին յայտնւել է ռեստորանային գովազդի հիմքում։
Այս անգամ գովազդային հոլովակը հրապարակւել էր «SnappFood»-ի Instagram-ի էջում եւ լայն տարածում ստանալուց յետոյ արժանացել Իրանի քրիստոնեայ համայնքների ուշադրութեանն ու դժգոհութեանը։
Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Գեղարդ Մանսուրեանի եւ Արա Շահվերդեանի յստակ եւ կտրուկ արձագանգից ու բողոքից յետոյ «SnappFood»-ի տնօրինութիւնը ներողութիւն է խնդրել իրանահայերից եւ հեռացրել գովազդային հոլովակը Instagram-ի էջից։
Հարցն այս դէպքում միայն գովազդային հնարքի կամ կատակային բովանդակութեան մասին չէ։ «Վերջին ընթրիք»-ը կապւած է Յիսուս Քրիստոսի եւ նրա առաքեալների պատմութեան հետ եւ քրիստոնեաների համար ունի խորքային ու սրբազան նշանակութիւն։ Հետեւաբար, այն առեւտրային գովազդի մէջ օգտագործելիս անհրաժեշտ է հաշւի առնել նաեւ ստեղծագործութեան կրօնական ու պատմամշակութային նշանակութիւնը։
Մշակութային գործիչների կարծիքով՝ նման դէպքերը վկայում են ոչ միայն արւեստի խորքային իմաստի անտեսման, այլեւ այն վտանգաւոր մտածողութեան մասին, երբ համաշխարհային մշակութային ժառանգութեան ամենանշանակալի գործերից մէկը վերածւում է պարզապէս «դիտում» եւ «եկամուտ» ապահովելու գործիքի։ Երբ արւեստի խորհուրդը զոհաբերւում է գովազդային էֆեկտին, սահմանը ստեղծագործական ազատութեան եւ մշակութային ու կրօնական անյարգալից վերաբերմունքի միջեւ շատ արագ ջնջւում է։



