
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ նոյն միաւորի կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ Լիզբոնի հինգ անձնազոհ մարտիկների յիշատակին նւիրւած ամենամեայ ֆուտբոլի մրցաշարը, որի բացումը կատարւեց չորեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, «Արարատ» միութեան մարզասրահում։
Երեկոն սկիզբ առաւ Սկաուտական միաւորի ներկայացուցիչների միջոցով ՀՀ եռագոյն դրօշի ու հինգ մարտիկների նկարների սրահ մուտք գործելով եւ Վանիա Պետրոսեանի բացման խօսքով, ապա ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց Լիզբոնի հերոսների անմոռաց յիշատակը։
Բացման ծրագրին յաջորդեց «Արարատ» միութեան մանկա-պատանեկան ֆուտբոլի խմբերի ընկերական մրցոյթը, իսկ յաջորդ օրերի ընթացքում մրցութային խաղեր տեղի ունեցան «Տաթեւ», «Մասիս», «Վան» եւ «Սասուն» խմբերի միջեւ, որոնց արդիւնքում առաջին տեղը գրաւեց «Տաթեւ»-ը, իսկ 2-րդ հանդիսացաւ «Մասիս»-ը։
Իրաւարար կազմի անդամներն էին՝ Մելքոմ Քեշիշեանը, Ռուբիկ Պարսամեանը, Ռազմիկ Նազարեանը եւ Արին Խաչիկեանը։
Յաղթող խումբը պարգեւատրւեց, իսկ գնահատագրեր շնորհւեցին առաջին եւ երկրորդ խմբերի անդամներին։ Պարգեւատրւեց նաեւ մրցաշարի լաւագոյն ռմբարկուն Ռուբէն Իսաղուլեանը։ Գնահատագրերի յանձնումը կատարեցին՝ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամներ՝ Վահիկ Ծատուրեանն ու Յովիկ Աւետանը, Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անդամ Սասուն Սիմոնանը եւ մրցաշարի կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Սեպուհ Վարդանեանը։
Նիւթը կազմւել է կազմակերպիչների զեկոյցի համաձայն
Թղթակից (Նոր Ջուղա)









