ԽմբագրականՀամայնքՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՒԹԻ ՆԿԱՐԻ ՏԱԿ

Կան վայրեր, որոնք սովորական պատեր եւ քարեր չեն։ Կան անկիւններ, որոնք տարիների ընթացքում դառնում են յիշողութիւն։ Եւ կան պատկերներ, որոնց տակ սերունդներ հանդիպում են, բաժանւում են, խոստանում կրկին հանդիպել եւ, երբեմն, տարիներ անց, դարձեալ իրար գտնում են։

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի մարզաւանի մէջ Սասունցի Դաւթի պատկերի տեղը այդպիսի մի վայր է։

Անցնող տասնամեակներում, նրա տակ պայմանաւորւել են հազարաւոր հանդիպումներ։ Այնտեղ սպասել են ընկերները, թիմակիցները, սիրելիները։ Այնտեղ կորցւածները գտել են իրար։ Եւ հաւանաբար՝ անգիտակցաբար, այնտեղ բազմիցս գտել ենք նաեւ մենք մեզ։

Այս տարի, երբ Իրանի Համահայկական խաղերը հասնում է իր 57-րդ ամեակին, թերեւս ժամանակն է կրկին կանգ առնել այդ պատկերի տակ եւ հարց տալ. ի՞նչ են իրականութեան մէջ այս խաղերը մեզ համար։

Արդեօք նրանք միայն մարզական մրցումներ են։

Ո՛չ։

Նրանք հանդիպումներ են՝ սերունդների միջեւ։ Նրանք ճանապարհներ են, որոնք Իրանի տարբեր քաղաքներից ու հայկական համայնքներից երիտասարդներ են բերում դէպի նոյն հրապարակը։ Մրցակիցներ, որոնք մի քանի օր ընկերներ են դառնում։ Ընտանիքներ, որոնց պատմութեան սկիզբը գուցէ գրւած է այս մարզադաշտի մի անկիւնի մէջ։ Ամուսնութիւններ, բարեկամութիւններ եւ ամբողջ կեանքեր, որոնց առաջին էջերը բացւել են Համահայկական խաղերի ընթացքում։

Այս խաղերը նաեւ կամքի պատմութիւն են։

Անտեսանելի կամքի՝ կազմակերպիչների, կամաւորների, մարզիչների, վարչական պատասխանատուների եւ այն բոլոր անձերի, որոնք ամիսներ շարունակ աշխատում են, որպէսզի մի քանի օր համայնքը կրկին ապրի իր ամբողջականութեան զգացումը։ Այդ աշխատանքը միշտ չէ, որ տեսնւում է բացման հանդիսաւոր արարողութեան լոյսերի տակ, բայց առանց այդ աշխատանքի՝ այդ լոյսերը չէին վառւի։

Եւ «Արարատ»-ի խաղերի պատմութիւնը միայն դիւրին օրերի պատմութիւն չէ։ Դժւար ժամանակներ են եղել, պատերազմի, անհանգստութեան եւ անորոշութեան օրեր։ Սակայն խաղերը շարունակւել են։ Որովհետեւ երբ համայնքը շարունակում է իր կեանքը, իր մշակոյթը, իր հանդիպումը եւ իր երիտասարդութեան հաւատքը, այն իրականութեան մէջ շարունակում է իր գոյութիւնը։

57 ամեակ։

Թիւ, որի մէջ հազարաւոր անուններ կան։ Յաղթողներ ու պարտւողներ, որոնք վաղուց մոռացել են հաշիւները, բայց չեն մոռացել իրենց կողքին կանգնող ընկերոջ անունը։ Մարդիկ, որոնք տարիներ անց դարձեալ գալիս են «Արարատ» եւ առաջին հերթին աչքերով փնտռում են ծանօթ դէմքեր։ Եւ եթէ չեն գտնում այնտեղ, ուր պայմանաւորւած էին, գիտեն՝ ուր կարելի է փորձել կրկին։

Սասունցի Դաւթի նկարի տակ։

Թերեւս այսօր էլ մենք պէտք է դարձեալ հաւաքւենք այնտեղ։

Ոչ միայն իրար հանդիպելու համար, այլ՝ մեր ինքնութիւնը կրկին գտնելու։ Մեր հաւատքը վերականգնելու։ Յիշելու, որ համայնքային կեանքը միայն հաստատութիւնների եւ շէնքերի մէջ չէ։ Այն մարդկանց միջեւ է։ Ձեռքսեղմումների, յիշողութիւնների, կամաւոր աշխատանքի, մրցակցութեան եւ բարեկամութեան մէջ։

Եւ գուցէ, 57-րդ Համահայկական խաղերի ամենամեծ յաղթանակը կրկին մեդալների քանակը չէ։

Գուցէ սա այն պահն է, երբ տարիների բաժանումից յետոյ երկու հին ընկերներ իրար տեսնեն եւ, առանց շատ բառերի, ասեն.

«Մենք այստեղ էինք պայմանաւորւած…»

Այո՛։

Սասունցի Դաւթի նկարի տակ։

Եւ թերեւս, ինչ որ կորցրել ենք ճանապարհին՝ ընկերութիւն, սէր, հաւատք կամ ինքնութիւն, դարձեալ այնտեղ պիտի գտնենք։

Որովհետեւ խաղերը սկսւում են եւ աւարտւում։

Բայց այն, ինչ 57 շրջան շարունակ կառուցւել է «Արարատ»-ի մէջ, չի սահմանափակւում մրցումի օրերով։

Այն շարունակւում է՝ սերնդէ սերունդ։

Եւ այնքան ժամանակ, որքան Իրանի տարբեր քաղաքներից հայ երիտասարդներ շարունակում են գալ, մրցել, ծանօթանալ, ընկերանալ եւ կրկին վերադառնալ «Արարատ», այդ խաղերը պիտի մնան աւելի քան մարզական աւանդոյթ։

Նրանք պիտի մնան մեր հանդիպման վայրը։

Մեր յիշողութիւնը։

Եւ, ամէն անգամ երբ պէտք լինի, մեր վերադարձի կէտը։

Սասունցի Դաւթի նկարի տակ։

Related Articles

Back to top button