ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրան-ԱՄՆ առճակատման հերթական դէպքը. Փոխադարձ հարւածները շարունակւում են

ԻՅՊԿ. Հրթիռային հարւածներ՝ Յորդանանում ամերիկեան «Ալ-Ազրաք» ռազմակայանին եւ F-35 ،F-16 եւ F-15 կործանիչների սպասարկման կենտրոնին

Իրան-ԱՄՆ ռազմական առճակատման վերջին ժամերին կողմերը փոխադարձ հարւածների մասին նոր տեղեկութիւններ են հաղորդել։ Իրանական աղբիւրների համաձայն՝ ԱՄՆ-ի ուժերը Խարք կղզու մօտակայքում իրանական լցանաւ են թիրախաւորել, իսկ Ջասքի մօտ հաղորդւել է եւս մէկ նաւթատարի թիրախաւորման մասին։ Նոյն կապակցութեամբ Իրանի պետական հեռուստատեսութիւնը յայտնել է, որ երկրորդ եւ երրորդ նաւթատարների թիրախաւորման մասին տեղեկութիւնները չեն համապատասխանում իրականութեանը։

Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրի (ԻՅՊԿ) ռազմածովային ուժերն աւելի վաղ զգուշացրել էին Քուէյթի եւ Բահրէյնի նաւահանգիստներում գտնւող նաւթատար նաւերի անձնակազմերին՝ լքել տարածքը։ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին յայտարարել է, որ իրանական նաւթատարների նկատմամբ որեւէ նոր գործողութիւն կը յանգեցնի տարածաշրջանում ամերիկեան ռազմակայանների թիրախաւորմանը։

Իրանական կողմը յայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ի հարւածներին ի պատասխան՝ ԻՅՊԿ-ի օդատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռներով հարւածել են Յորդանանում գտնւող ամերիկեան «Ալ-Ազրաք» ռազմակայանը։ ԻՅՊԿ-ի հաղորդմամբ՝ գործողութեան ընթացքում թիրախաւորւել են ամերիկեան F-35, F-16 եւ F-15 կործանիչների սպասարկման, պատրաստման եւ տեղակայման ենթակառուցւածքները, ինչի հետեւանքով ծանր վնասներ են պատճառւել հակառակորդին:

Միաժամանակ, իրանական աղբիւրները հաղորդել են Պարսից ծոցում ամերիկեան ռազմանաւի թիրախաւորման մասին:

ԱՄՆ-ի կողմից իրանական նաւթատարների թիրախաւորման եւ դրան հետեւած իրանական պատասխան հարւածների վերաբերեալ իրավիճակը շարունակում է զարգանալ։ Կողմերի յայտարարութիւնների մի մասը միմեանց հակասում է, իսկ հասցւած վնասների ամբողջական չափը դեռեւս յստակ չէ։

Related Articles

Back to top button